02 օգոստոսի 2012
Գործարկվել է ՊԵԿ սպասարկման սրահ
ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը ծանոթացել է սպասարկման նորաբաց սրահի աշխատանքներին
ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը ծանոթացել է սպասարկման նորաբաց սրահի աշխատանքներին

Պետական եկամուտների կոմիտեի կողմից վերջին տարիներին իրականացվող բարեփոխումների հիմքում առանցքային դեր ու նշանակություն ունի հարկ վճարողների սպասարկման որակի բարելավումը, ինչին ուղղված ևս մեկ քայլ է արվել:  Երևան Մ. Խորենացի 7/1 հասցեում գործարկվել  է ՊԵԿ վերադաս մարմնի սպասարկման սրահը: Նորաստեղծ կառույցի աշխատանքներին ծանոթանալու նպատակով նորաբաց կենտրոն է այցելել կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը:

Նոր սպասարկման կենտրոնը ստեղծվել է հարկ վճարողների և քաղաքացիների սպասարկման որակը բարձրացնելու նպատակով` պայմանավորված հարկ վճարողների և քաղաքացիների  կողմից  ՊԵԿ վերադաս հարկային և մաքսային մարմիններ ներկայացվող դիմումների, առաջարկությունների, բողոքների և այլ փաստաթղթերի հետ աշխատանքների կազմակերպման ու փաստաթղթաշրջանառության բարելավման անհրաժեշտությամբ: ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանի խոսքերով, յուրաքանչյուր աշխատանքային օր հարյուրավոր քաղաքացիներ, հարկ վճարողներ են դիմում կոմիտե, ներկայացնում դիմում-բողոքներ, առաջարկություններ, փաստաթղթեր, հավաստագրեր ստանում. «Ցանկացած հարց, որի գործառույթը կապված է ՊԵկ վերադաս մարմնի հետ, սպասարկման նորաստեղծ սրահում քաղաքացիները և հարկ վճարողները կարող են «մեկ պատուհան» սկզբունքով ներկայացնել և նույն տեղում ստանալ իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները: Սրահը հնարավորություն կտա նաև վերհանել այն խնդիրները, որոնք կտանեն փաստաթղթաշրջանառության կրճատմանը և ավելի էլեկտրոնային կդարձնեն շփումները հարկ վճարողների հետ: Այս ձևաչափով, փաստորեն կարելի է ասել, որ գերատեսչությունների մեջ առաջինն ենք, որ  փորձում ենք քաղաքացիների և հարկ վճարողների կենտրոնական ապարատի, վարչությունների աշխատակիցներ հետ շփումներն իրականացնել միայն սպասարկման սրահի միջոցով»:

ՊԵԿ սպասարկման նորաստեղծ սրահին մի շարք գործառույթներ են վերապահվել. այստեղ կընդունվեն կոմիտեին հասցեագրված գրությունները, դիմումները, բողոքները, առաջարկությունները և այլ փաստաթղթերը ու դրանց ընթացքի վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, կտրամադրվի տեղեկատվություն: Սրահի միջոցով կիրականացվի նաև ՊԵԿ վերադաս մարմնի և հարկային տեսչությունների ու մաքսատների միջև թղթային տարբերակով ստացվող և ուղարկվող փաստաթղթաշրջանառությունը, ինչպես նաև փոստային ծառայությունների ընդունումը: ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից քաղաքացիների ընդունելության կազմակերպման գործառույթը ևս վերապահված է նորաստեղծ կենտրոնին: Սպասարկման սրահը նաև տեղեկատվություն կտրամադրի հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնի կողմից իրականացվող գործառույթների շրջանակում հարկային, մաքսային օրենսդրության և վարչարարության վերաբերյալ: Տեղեկատվություն կտրամադրվի նաև համակարգի թափուր պաշտոնների մրցույթների վերաբերյալ, ինչպես նաև կընդունվեն մրցույթի մասնակիցների  փաստաթղթերը: ՊԵԿ սպասարկման սրահ կարող են դիմել նաև էլեկտրոնային հաշվետվություններ ներկայացնող հարկ վճարողները: Կենտրոնը նաև կիրազեկի ՊԵԿ-ի կողմից կազմակերպվող դասընթացների մասին, ինչպես նաև հարկային և մաքսային օրենսդրության վերաբերյալ տեղեկատուներ և այլ գրականություն այստեղ կտրամադրվի քաղաքացիներին: Հարկային և մաքսային վարչարարությամբ պայմանվորված` ՊԵԿ վերադաս մարմնի կողմից հարկ վճարողների, քաղաքացիների սպասարկման այլ գործառույթներ ևս վերապահված են նորաստեղծ կառույցին:

ՊԵԿ սպասարկման սրահում ևս ստեղծված են բոլոր պայմանները հարկ վճարողներին արագ և որակյալ,  միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություն մատուցելու համար: Ժամանակակից համակարգչային տեխնիկայով և անհրաժեշտ այլ պարագաներով վերազինված սրահում առավելագույն հարմարավետ պայմաններ են ստեղծված առօրյա աշխատանքի համար: Հարկ վճարողների իրազեկվածության բարձրացման նպատակով այցելուներին հասանելի տեղում տեղադրված են տեղեկատվական տերմինալ, հայտարարությունների ցուցատախտակ, պարզաբանող հոլովակներ ցուցադրող մոնիտորներ: Հարկատու Վահագն Խորեմյանն առաջիններից է, ով արդեն իսկ օգտվել է սպասարկման սրահի ծառայություններից. «Մոտենալով ցանկացած պատուհանի, շատ կարճ ժամանակահատվածում սպառիչ պատասխան  եմ ստացել ինձ հուզող հարցերին»:

Հարկ վճարողների սպասարկման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները շարունակական բնույթ են կրում: Հարկ վճարողների սպասարկման կատարելագործմամբ` ՊԵԿ-ը հարկատուների հետ շփումը տեղափոխում է կառուցողական երկխոսության դաշտ: