31 հուլիսի 2012
Ավտոմաքսատուն. մաքսազերծումից մինչԵՎ ավտոմեքենայի հաշվառում ԵՎ պետհամարանիշի տրամադրում` առավելագույնը 40 րոպեում
ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը ծանոթացել է հաշվառման-քննական բաժնի սպասարկման կենտրոնի աշխատանքներին
ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը ծանոթացել է հաշվառման-քննական բաժնի սպասարկման կենտրոնի աշխատանքներին

Պետական եկամուտների կոմիտեի շարունակական բարեփոխումները ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատանը նոր իրողություն են բերել: Կառույցի առջև խնդիր է դրված այցելուներին մատուցել միջազգային չափանիշներին համահունչ բարձրակարգ ծառայություն, հետևաբար սպասարկման որակի բարելավմանն ու տեխնիկական վերազինմանն ուղղված միջոցառումներն այստեղ մշտական բնույթ են կրում: Իրականացված հետևողական միջոցառումների շնորհիվ այժմ ավտոմաքսատանը կենտրոնացված են ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներին առնչվող բոլոր ծառայությունները, ինչը հնարավորություն է տալիս մի կողմից առավել վերահսկելի դարձնել ամբողջ  գործընթացն ու խուսափել հնարավոր չարաշահումներից, մյուս կողմից էլ մեկ վայրում` առանց մաքսատան շենքից դուրս գալու, իրականացնել ավտոմեքենայի մաքսազերծումը:

Բարեփոխումների նոր քայլով հերթական նորույթն է ներկայացվել քաղաքացիներին. պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ, ոստիկանության հետ համատեղ` ավտոմաքսատանը բացվել է ճանապարհային ոստիկանության  Երևանի հաշվառման-քննական բաժնի սպասարկման կենտրոն: Նորաստեղծ կառույցի աշխատանքներին ծանոթանալու նպատակով այսօր ավտոմաքսատուն են  այցելել պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ խաչատրյանը և ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: Նրանք շրջել  են մաքսատանը, հետևել ավտոտրանսպորտային միջոցների մաքսազերծման գործընթացին,  ծանոթացել վերջին նորույթներին: Նոր սրահի գործարկմամբ հնարավորություն է ստեղծվել նաև մեկ հարկի տակ, մեկ վայրում ոչ միայն իրականացնել մաքսային ձևակերպումներն, այլև կատարել տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցում և հաշվառում, ինչպես նաև ստանալ ավտոմեքենայի պետհամարանիշը:

ՊԵԿ նախագահն ընդգծել է, որ կոմիտեի համագործակցությունը բոլոր գերատեսչությունների հետ շարունակական բնույթ է կրում. «Հիմնական նպատակը քաղաքացիներին բարձրակարգ ծառայություն մատուցելն է: Ավտոմեքենա ներկրողներն այսօր հնարավորությւոն ունենան մեկ վայրում իրականացնել ամբողջ գործընթացը. Այս գործողությունների շղթան կտևի 35-40 րոպե, սակայն խնդիր ենք դրել հետագայում ևս կրճատել այդ ժամանակահատվածն, ինչը  նախանշված է մեր բարեփոխումների ծրագրով»:

Ոստիկանության պետն իր հերթին նշել է, որ գործընթացի կենտրոնացումն ավտոմաքսատանը թույլ է տալիս թեթևացնել ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական մյուս տարածքային ստորաբաժանումների  աշխատանքային ծանրաբեռնվածությունը:

Մաքսազերծումից անմիջապես հետո, ճանապարհային ոստիկանության կողմից ավտոմեքենաների հաշվառման-քննական աշխատանքները տեղում առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով, մաքսատան պետ Բաբկեն Ղազարյանի խոսքով, մաքսատան տարածքում առանձնացվել է հատուկ մասնագիտացված` միջազգային չափանիշներին համապատասխան սպասարկման սրահ, որն ապահովված է առօրյա աշխատանքի համար անհրաժեշտ ժամանակակից պայմաններով և տեխնիկայով: Բաբկեն Ղազարյանը լրագրողներին տեղեկացրել է նաև, որ  վերջին շրջանում մաքսատանն իրականացված հետևողական աշխատանքների արդյունքում, ձևակերպումների գործընթացը 2 ամսվա ընթացքում 5 ժամից հասցվել  է 1,5-ի, իսկ այսօր արդեն հաջողվել է 1.5 ժամից դարձնել առավելագույնը 30 րոպե: