09 հուլիսի 2012
Մաքսային ձԵՎակերպումներից մինչԵՎ ավտոմեքենայի հաշվառում` մեկ վայրում. ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձԵՎակերպումների մասնագիտացված մաքսատանը
Մաքսազերծում` առավելագույնը 30 րոպեում
Մաքսազերծում` առավելագույնը 30 րոպեում

Հանրապետություն ներկրվող ավտոմեքենաների` տարեցտարի աճող քանակը նորանոր խնդիրներ է առաջադրում պատասխանատու կառույցներին, որոնց պատշաճ լուծումը ՊԵԿ-ի առաջնահերթություններից է: Քաղաքացիներին բարձրորակ, արագ և թափանցիկ ծառայություն մատուցելու նպատակով ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատունն առաջնորդվում է շարունակական բարեփոխումների սկզբունքով: Ըստ ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան պետ Բաբկեն Ղազարյանի, ավտոմաքսատանը կենտրոնացված են ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներին առնչվող բոլոր ծառայությունները, ինչը հնարավորություն է տալիս մի կողմից առավել վերահսկելի դարձնել ամբողջ  գործընթացն ու խուսափել հնարավոր չարաշահումներից, մյուս կողմից էլ մեկ վայրում` առանց մաքսատան շենքից դուրս գալու, իրականացնել ավտոմեքենայի մաքսազերծումը: «Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ հնարավորություն է ստեղծվել նաև մեկ հարկի տակ, մեկ վայրում ոչ միայն իրականացնել մաքսային ձևակերպումներն, այլև ավտոմեքենան հաշվառման կանգնեցնել մաքսատանը տեղակայված պետավտոտեսչության մասնաճյուղում, որն ի դեպ, կբացվի օրերս: Այդ նպատակով մաքսատան տարածքում առանձնացվել է հատուկ մասնագիտացված` միջազգային չափանիշներին համապատասխան սպասարկման սրահ, որն ապահովված է առօրյա աշխատանքի համար անհրաժեշտ ժամանակակից պայմաններով և տեխնիկայով: Արդյունքում` ամբողջ գործընթացը` մաքսազերծումից մինչև ավտոմեքենայի հաշվառում և կտրոնի տրամադրում, կտևի ընդամենը 1  ժամ: Ի դեպ, գործընթացն իրականացվում է ոստիկանության հետ համատեղ»,-նշել է ավտոմաքսատան պետը:

Ժամանակակից որակյալ սպասարկում ապահովելու և ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների գործընթացն արագ և արդյունավետ իրականացնելու համար, շենքային պայմանների բարելավմանը զուգընթաց, զգալի աշխատանք է տարվել փաստաթղթշրջանառության կրճատման և պարզեցման  ուղղությամբ: Բաբկեն Ղազարյանի խոսքերով, կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ձևակերպման ժամանակ մեքենայի գույնի ու երանգի որոշման հնացած ընթացակարգը վերանայման կարիք ունի. ավտոմեքենայի մաքսազերծման հետ ուղիղ կապ չունենալով` այն բավականին ձգձգում էր ամբողջ պրոցեսն ու   չարաշահումների, տարաբնույթ խոսակցությունների առիթ տալիս: Նշենք, որ ոստիկանն այժմ ընդամենը  ստուգում է WIN կոդը: Այս տարվանից չի հաշվվում նաև  մեքենայի ձիաուժը:  Ըստ մաքսատան պետի, ևս մեկ ավելորդ գործառույթ  է հանվել ձևակերպման գործընթացից. նախկինում  մաքսազերծվող մեքենայի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը համակարգիչ մուտք անելուց հետո, մաքսավորը, պարզ չէ, թե ինչու, պարտադիր ձեռագիր լրացնում էր այն և որպես ժամանակավոր տեխանձնաիր տրամադրում մեքենայի տիրոջը: Փոխարենն այժմ միանագամից 4 հայտարարագիր է լրացվում, մեկը` հաճախորդի համար: Հերթեր էին գոյանում նաև ավտոմեքենաներում վնասակար արտանետումների չեզոքացուցիչի առկայությունը ստուգող` արդարադատության նախարարության փորձագետի սենյակի առջև. մեկ հոգու աշխատանքն այժմ հավասարաչափ բաշխվել է երեք աշխատողների միջև` 3 անգամ կրճատելով ժամանակը: Կրկնակի կրճատվել են պարամետրերը` այսպես կոչված օպցիաները, որոնց թիվը հասցվել է 4-ի: Հաջորդ քայլով ընդլայնվել  է բրոքերային ծառայությունը` 4 հոգու փոխարեն այժմ 8 բրոքեր  է աշխատում` պատրաստ առանց հերթերի սպասարկելու օրական  շուրջ 350 այցելուի: «Այդ վերանայումների արդյունքում 2 ամսվա ընթացքում  հաջողվեց ձևակերպումների գործընթացը 5 ժամից հասցնել 1,5-ի, իսկ այսօր արդեն հաջողվել է 1.5 ժամից դարձնել առավելագույնը 30 րոպե»,-ընդգծել է Բաբկեն Ղազարյանը:

Բարեփոխումների արդյունքում նաև հիմնովին վերանորոգվել է մաքսատունը` սկսած ներքին հարդարումից մինչև տարածքի ասֆալտապատում և կանաչապատում, նաև հարմարավետ պայմաններով սպասասրահ է այստեղ կառուցվել` նախատեսված 80 հոգու համար, որտեղ անվճար թեյ կամ սուրճ է առաջարկվում: Նախկինում օրենսդրական բացերի պատճառով քաղաքացիներին տարբեր մեթոդներով հաջողվում էր խուսափել մաքսային ձևակերպումներից, սակայն օրենսդրական բարեփոխումների արդյունքում պատկերը կտրուկ փոխվել է. ՀՀ քաղաքացիներին,  թույլատրվում է  տարին մեկ անգամ 15 օրով ժամանակավոր ռեժիմից օգտվել և 15 օր անց նրանք արդեն կամովին են ավտոմեքենան մաքսազերծման բերում: Գործելակերպի փոփոխությունն արտահայտվել է նաև մաքսատան կողմից ապահովված եկամուտներում: Մաքսատան պետի հավաստմամբ, տարվա ընթացքում մաքսատանը հաջողվել է տպավորիչ  մուտքեր ապահովել. «Եթե 2011-ի հունվար-հունիս ամիսներին ներկրվել է շուրջ 14 հազար ավտոմեքենա, ապա 2012-ի նույն ժամանակահատվածում ցուցանիշը զգալի աճել է` ներկրվել է 15.155 մեքենա»:

Մաքսատանը հետևողական աշխատանքներ են իրականացվում նաև սպասարկման որակի բարելավման ուղղությամբ: Ընթացքի մեջ են պատասխանատու պահպանության հանձնված մեքենաների սրահի վերանորոգման աշխատանքները: Ծառայությունը կլինի վճարովի, բայց 2 անգամ  էժան մաքսային տերմինալի սակագներից: Մաքսատանը համակարգչով հետևում են գնային բազային և կատարվող վճարումներին, ինչը հասանելի է նաև քաղաքացուն, որպեսզի  հեշտ կողմնորոշվի, թե որքան պետք է վճարի: Իսկ մաքսազերձման վերաբերյալ սակագների ցանկը փակցված է մաքսատանը` բոլորին հասանելի տեղում:  
Իրականացվող բոլոր բարեփոխումների հիմքում այցելուի հարմարավետությունն է: Ընդամենը  10 րոպեում քաղաքացին անձամբ է համոզվում, որ եկել է  բարձրակարգ ծառայություն մատուցող պետական կառույց: Գրիգոր Շահազիզյանի խոսքերով, ավտոմաքսատանն այժմ բավականին հարմարավետ պայմաններ են ստեղծվել. «Նախկինում մաքսային ձևակերպումների ընթացքը տևում էր մոտ 1.5 ժամ, իսկ այժմ ամբողջ գործընթացն է ավարտվում 20 րոպեում: Բացի այդ, ողջունելի է նաև այն քայլը, որ մաքսատանը շուտով նաև ճանապարհային ոստիկանության հաշվառման բաժանմունք է բացվելու, ինչի արդյուքնում մեքենան միանագամից կհաշվառվի և կհանձնվի մեզ»: