03 նոյեմբերի 2010
Այրում-Ջիլիզա. վերակառուցված մաքսակետը ժամանակակից պայմաններով ԵՎ նոր աշխատաոճով
"Խնդիրը դրված է հետԵՎյալ կերպ` մոտակա երեք-չորս տարիների ընթացքում Հայաստանի բոլոր անցակետերը դարձնել ժամանակակից",- այս պահանջն է դրել ՀՀ նախագահը` Տավուշ կատարած աշխատանքային այցի ժամանակ:
"Խնդիրը դրված է հետևյալ կերպ` մոտակա երեք-չորս տարիների ընթացքում Հայաստանի բոլոր անցակետերը դարձնել ժամանակակից",- այս պահանջն է դրել ՀՀ նախագահը` Տավուշ կատարած աշխատանքային այցի ժամանակ: Հանրապետության ղեկավարը նախ եղել է Բագրատաշենի մաքսակետում, ապա այցելել Այրում-Ջիլիզայի սահմանային անցակետ` ծանոթանալու վերակառուցված մաքսակետի նոր շենքային պայմաններին: Շրջայցի ավարտին անցկացված խորհրդակցության ժամանակ Ս. Սարգսյանը կարևորել է հանրապետության բոլոր մաքսակետերի` արագ տեմպերով արդիականացման խնդիրը, նշելով, որ բոլոր այդ բարեփոխումները նրա մշտական վերահսկողության ներքո են գտնվելու:

Հայաստանի մաքսային համակարգում իրականացվող բարեփոխումների գործնական ընթացքին ծանոթանալու նպատակով` աշխատանքային այցով Տավուշի մարզ էր այցելել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Առաջին կանգառն Այրում-Ջիլիզա մաքսակետում էր` նոր, հիմնովին վերակառուցված շենքում: Մինչ այդ մաքսային ծառայողներն աշխատում էին 269 քառակուսի մետր տարածքով` մեկ հարկանի շինության մեջ, որը կառուցվել էր դեռևս անցյալ դարի կեսերին և չէր համապատասխանում մաքսակետի գործունեության ժամանակակից պահանջներին: Այժմ մաքսակետի աշխատանքները շարունակվում են հիմնովին վերակառուցված ու բարեփոխված երկհարկանի շենքում` ավելի քան կրկնակի` 555 քառակուսի մետր տարածքով, որտեղ սենյակների դասավորությունն ու աշխատանքի նոր հարմարավետ պայմանները հնարավորություն են ընձեռում ճիշտ և արդյունավետ կազմակերպել մաքսակետի գործունեությունը: Վերափոխված շենքային պայմանները թույլ են տալիս մաքսային ընթացակարգերն իրականացնել ընդունված ժամանակակից չափանիշներին համապատասխան` սպասարկման բարձր մակարդակով: Դրան նպաստում է նաև տեխնիկական հագեցվածությունը. մաքսակետը վերազինվել է անհրաժեշտ տեխնիկական միջոցներով ու սարքավորումներով, որոնք էլ ավելի արդյունավետ կդարձնեն մաքսային հսկողության կազմակերպումը: Այսինքն` մաքսակետի նոր շենքը կառուցելիս հաշվի է առնվել ամեն ինչ` ժամանակակից չափանիշներին համապատասխան ընթացակարգեր կիրառելու և սպասարկում իրականացնելու առումով: Ստեղծված պայմանները թույլ կտան ավելացնել մաքսակետի թողունակությունն ու ուղևորափոխադրումների, ինչպես նաև բեռնափոխադրումների անվտանգ իրականացումը: Այրումն այժմ օրական սպասարկում է 70 վագոն` ավելի քան 400 հազար տոննա բեռ: Մաքսատան տեխնիկական վերազինման և շենքի վերանորոգման համար անհրաժեշտ միջոցները` 125մլն դրամ, հատկացվել են պետբյուջեից:

Այրում-Ջիլիզայի մաքսակետից բացի, մեծ ուշադրություն է դարձվում նաև մյուս սահմանային անցակետերի շենքային պայմանների բարելավմանը, ինչը Պետական եկամուտների կոմիտեի բարեփոխումների ծրագրի կարևորագույն բաղադրիչներից է: Այսպես, զգալի բարեփոխումներ իրականացվել են նաև հանրապետության հյուսիս-արևելյան սահմանակետի` Բագրատաշենի մաքսակետում, որն էլ հանրապետության նախագահի երկրորդ կանգառն էր: Այստեղ իրականացվել են տեխնիկական վերազինման մեծածավալ աշխատանքներ: Մմասնավորապես, տեղադրված ռենտգեն սարքավորումները հնարավորություն են տալիս ամբողջությամբ զննել փոխադրվող բեռը. Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը կարևորել է հատկապես քաղաքացիների սպասարկման որակի բարձրացումը. "Շատ կարևոր է, որպեսզի գործարարները և անհատ քաղաքացիները մաքսակետ այցելելիս զգան միջազգային չափանիշներին համապատասխանող բարեփոխումները": Ի դեպ, սահմանային անցակետերում տարվող բոլոր աշխատանքները գտնվում են հանրապետության նախագահի մշտական վերահսկողության ներքո":

Մաքսային համակարգում իրականացվող բարեփոխումների առանցքային նպատակը ոչ միայն կառույցի արդիականացումն ու միջազգային չափանիշներին համապատասխանեցումն է, այլև սահմանային միասնական կառավարվող համակարգի ստեղծումը: Այս հիմնախնդիրների կարևորությունից ելնելով` ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի ղեկավարն է ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը: Խմբի կողմից կառավարություն է ներկայացվել Բագրատաշենի և Գոգավանի սահմանային անցակետերի արդիականացման և եվրոպական չափանիշներին համապատասխանեցման հիմնախնդիրների կարգավորման ծրագիր ու ժամանակացույց, որն արդեն հավանության է արժանացել. "Հանրապետության բոլոր մաքսակետերի արդիականացման նպատակով կառավարությունը միջազգային մրցույթ է հայտարարել, որին արդեն իսկ հայտեր են ներկայացրել լավագույն փորձ ունեցող եվրոպական երկրները: Բարեփոխումների ծրագրի ավարտին մնացել է դեռ երկու տարի, սակայն ՊԵԿ-ում արդեն իսկ կատարվել են բարեփոխումների շրջանակում իրականացված լայնածավալ աշխատանքներ",-տեղեկացրել է Գագիկ Խաչատրյանը: Մասնավորապես, մաքսային հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, կատարվել են մաքսատների և մաքսային պահեստների տեխնիկական վերազինման աշխատանքներ. տեղադրվել են բեռների զննման սարքեր, ռադիոակտիվ կամ օզոնային շերտը քայքայող նյութեր հայտնաբերող սարքավորումներ, էլեկտրոնային կշեռքներ, տեսախցիկներ, որոնք միացված են մաքսային ծառայության կենտրոնական ապարատին, կառուցվել են բեռնարկղային հրապարակներ: Այդ ամենը մի մասն է դեռևս 2008 թվականից նախ` ՀՀ մաքսային պետական կոմիտեում, այնուհետև արդեն ՀՀ պետական եկամուտների կոմիտեում սկիզբ առած բարեփոխումների: Այդ ժամանակահատվածից սկսած մինչ օրս բազմաթիվ բարեփոխումներ են իրականացվել, որոնց արդյունքում բարձրացել է նաև հավաքագրումների արդյունավետությունը: Կոմիտեն տարին սկսել և շարունակում է գերակատարումներով: ՊԵԿ նախագահ Գագիկ խաչատրյանը, ներկայացնելով 2010թ.-ի 10 ամիսների ցուցանիշները` հայտնել է, որ այդ ժամանակահատվածում պետբյուջե է մուտքագրվել մոտ 580.8մլրդ, այսինքն` ծրագրված ցուցանիշը գերակատարվել է մոտ 37.8մլրդ դրամով /ներառյալ սոցիալական ապահովագրության վճարները/: Ընթացիկ տարվա 10 ամիսների հավաքագրումները զգալիորեն գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները. այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին հավաքագրվել է մոտ 77.9մլրդ դրամով ավելի:

Շրջայցի ավարտին ՀՀ նախագահը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ փոխվարչապետի, ՊԵԿ նախագահի, տրանսպորտի և կապի նախարարի և այլ պատասխանատուների մասնակցությամբ: Խորհրդակցության ժամանակ նախագահն ընդգծել է` պետք է արագ տեմպերով շարունակել արդիականացման ուղղությամբ սկսած աշխատանքը, հարկավոր է հնարավորինս հարմարավետ պայմաններ ստեղծել սահմանային անցակետերից օգտվող քաղաքացիների, գործարար համայնքի ներկայացուցիչների, զբոսաշրջիկների համար. "Մենք պարտավոր ենք գտնել այդ նյութական միջոցները և գտնելու ենք: Մոտակա մեկ-երկու տարիների ընթացքում պետք է կարողանանք գոնե երկու-երեք ժամանակակից սահմանային անցակետ ունենալ: Առաջինը պետք է լինի Բագրատաշենը": Ըստ նախագահի` խնդիրը դրված է հետևյալ կերպ` մոտակա երեք-չորս տարիների ընթացքում Հայաստանի բոլոր անցակետերը դարձնել ժամանակակից: Բացի անցակետերի բարեփոխման և արդիականացման խնդիրներից, խորհրդակցության ժամանակ անդրադարձ է եղել շտապ լուծում պահանջող մի շարք այլ հարցերի, այդ թվում ծանրոցների ստացմանը, ինչը քաղաքացիներին շատ է մտահոգում, քանի որ երբեմն նրանք ստիպված են լինում առաքված ապրանքները ստանալու համար տեղում շատ ավելին ծախսել, քան դրանց ձեռք բերման գումարն է: ՊԵԿ նախագահը վստահեցրել է, որ խնդիրը շուտով կկարգավորվի, քանի որ արդեն Ազգային ժողովում է "ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին" ՀՀ օրինագիծը, որով նախատեսվում է բարձրացնել 50 հազարի և 20 կգ-ի շեմը, այսինքն` քաղաքացիները հնարավորություն կունենան առանց մաքսատուրք վճարելու վերցնել այն ծանրոցները, որոնց մաքսային արժեքը չի գերազանցի 150 հազար դրամը` ներկայում գործող 50 հազարի փոխարեն, իսկ քաշը 50 կգ-ը` ներկայում գործող 20 կգ-ի փոխարեն:

Անդրադարձ է եղել նաև հարկահավաքության հարցերին: Սերժ Սարգսյանը կարևորել է այն հանգամանքը, որ հարկերի հավաքագրման մակարդակի աճին զուգահեռ պակասել են գերավճարները. "Մեր գլխավոր նպատակը պետք է լինի` առավելագույնս բարելավել հարկահավաքման գործընթացը: Հավաքելիության մակարդակի բարձրացումը, հարկեր-ՀՆԱ հարաբերակցության բարելավումը հնարավորություն են տալիս ընդհանրապես բարելավել մաքսային և հարկային ծառայությունների աշխատանքը":