29 դեկտեմբերի 2008
Գ. Խաչատրյան. «Հասարակությունը պետք է համոզվի, որ մեր համակարգն ընտրել է բարեփոխումների ճանապարհը ԵՎ առաջ է շարժվում կայուն քայլերով»
«Մաքսայինը պետք է ընկալվի դրականորեն, համակարգը պետք է լինի միջազգայնորեն մրցունակ»: Գագիկ Խաչատրյանի խոսքերը` նշանակման առաջին իսկ օրը: /Ապրիլից` ՄՊԿ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, հունիսի 4-ից` Կոմիտեի նախագահ/: Նրա ղեկավարած կառույցին ներկայացվում է մեծածավալ բարեփոխումների իրականացման կոնկրետ պահանջ:
1. «Մաքսայինը պետք է ընկալվի դրականորեն, համակարգը պետք է լինի միջազգայնորեն մրցունակ»:  Գագիկ Խաչատրյանի խոսքերը` նշանակման առաջին իսկ օրը: /Ապրիլից` ՄՊԿ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, հունիսի 4-ից` Կոմիտեի նախագահ/: Նրա ղեկավարած կառույցին ներկայացվում է մեծածավալ բարեփոխումների իրականացման կոնկրետ պահանջ: 

2. Նախ մեր տունը կարգի բերենք: 

«Ամեն ինչ հենց մեզանից ենք սկսելու»,- դեռևս 9 ամիս առաջ հայտարարել է Գ.Խաչատրյանը և իր աշխատանքային օրացույցում ընդգծել` «Մեծ սկզբի գլխավոր քայլը համակարգը գրագետ կադրերով համալրելն է: Այս հարցում ծայրահեղ պահանջկոտ եմ լինելու` նույնը ակնկալելով նաև հասարակությունից: Մեզ համար կարևոր է, որպեսզի հասարակության աչքը միշտ հետևի համակարգի գործունեությանը: Վերահսկողը ժողովուրդը պետք է լինի, այդպիով իր մասնակցությունը բերելով ոլորտի զարգացմանը»:

3. «Ապացուցել գործարարներին, որ դաշտը հավասար է բոլորի համար»: 

Գերակա խնդիրներից մեկը Գ. Խաչատրյանն առաջին հերթին սահմանում է հավասարության սկզբունքի կիրառումը. «Տնտեսվարող սուբյեկտը, ում վարքագիծն օրենսդրական դաշտում  օրինակելի է, պետք է պաշտպանված լինի պետական կառույցների կողմից»:

Գագիկ Խաչատրյանն իր գործունեությունը սկսել է` կարևորելով մաքսային բարեփոխումների ծրագրում գործարարների հետ համագործակցությունը: Նրանց հետ հանդիպումները Կոմիտեում` սկսած ապրիլի 19-ից, կազմակերպվում են պարբերաբար, որպեսզի «բարեփոխման քայլերը անակնկալ չլինեն գործարարների համար, այլ նախապես քննարկվեն»:

Գ. Խաչատրյան. ապրիլ-մայիս, 2008թ. «Շատ ավելի ճիշտ և արդյունավետ աշխատաոճ է, երբ ակտիվ ու անմիջական համագործակցության մթնոլորտ է ձևավորվում մեր համակարգի և գործարար միջավայրի միջև»: 

4. Ապրիլի 21, 2008 թ. Կոմիտեում սկսում է գործել «Թեժ գիծ»: Ինն ամսվա արդյունքը. «Վստահության հեռախոսի» օգնությանն է դիմել շուրջ 7000 քաղաքացի, նախագահի սեղանին են հայտնվել բոլոր` 125 բողոքները, առանց բացառությունների: Տարածքային մարմիններում «պարապուրդի» չեն մատնվել նաև «բողոքի արկղերը»:

5. «www. customs.am». Կոմիտեի պաշտոնական կայքը` նոր ոճով, նոր մատուցմամբ, դարձավ մաքսայինի հետ առնչվող քաղաքացիների շուրջօրյա օգնականը: Շուրջ 500 քաղաքացի էլ հենց այս կայքի միջոցով է իրեն հուզող հարցն ուղղել Գ.Խաչատրյանին: Պատասխանը կամ խնդրի լուծումն այս դեպքում ևս  չի ուշացել: 

6. Մաքսային պահեստները կառավարության և մաքսային կոմիտեի դիտակետում են:  
   
Տեխնիկական հագեցվածություն, սպասարկման նոր որակ, մաքսային զննման գործընթացի տևողության կրճատում, թափանցիկ գործելաոճ. բարեփոխման այս պահանջներն են առաջադրվել մաքսային պահեստներին թե գործադիրի, և թե Մաքսային պետական կոմիտեի կողմից: Արդյունքը` այդ պահանջները գրեթե ամբողջությամբ կատարված են:

7. Մաքսային բրոքերների ակտիվ ներգրավում մաքսային ձևակերպումների գործընթացում: Դա ևս բարեփոխումների էական շեշտադրումներից է և իրականացվում է` լայնորեն կիրառելով միջազգային փորձը: Առաջինը բրոքերների գրասենյակ է առանձնացվում Արարատյան մաքսատանը:  Այնուհետև նման սենյակներ են բացվում նաև մաքսային պահեստներում` բեռների մաքսային զննումը, ձևակերպումներն ու բացթողումը մեկ վայրում իրականացնելու համար: Տնտեսվարող սուբյեկտն իր բեռը մաքսային զննման նպատակով տեղափոխելով պահեստ, միաժամանակ նույն տեղումª մաքսային բրոքերի միջոցով, համակարգչային համապատասխան ծրագրի օգնությամբ մաքսային հայտարարագիր է լրացնում և ուղարկում նշանակման վայրի մաքսատուն՝ լրացուցիչ ժամանակ ու միջոցներ չվատնելով այնտեղ հասնելու համար:

8. Տեխնիկական վերազինում, ընթացակարգերի պարզեցում. 

«Մոտ ապագայում Հայաստանի «մաքսային շունչը» նույնքան աննկատ կլինի քաղաքացիների համար, որքան զարգացած երկրներում է»: Գ. խաչատրյանի` իրագործման փուլում գտնվող  նպատակներից է` խիստ, բայց անտեսանելի մաքսային համակարգ` ամբողջովին էլեկտրոնացված, առանց կուտակումների և հերթերի: 

9. Մաքսային ձևակերպումների վրա ծախսվող լրացուցիչ ժամանակի խնայողություն փաստաթղթային ընթացակարգերի պարզեցման շնորհիվ. «Այդպիսով մենք նախևառաջ կթեթևացնենք մաքսակետերի ծանրաբեռնվածությունը, կբացառենք հերթերն ու կուտակումները»,- Գ. Խաչատրյանը փաստաթղթերի կրճատումը համարում է համակարգի  գլխավոր խնդիրներից մեկը.

Արդեն իսկ կրճատվել է երեք փաստաթուղթ, ինչի արդյունավետությունը նախ և առաջ զգալու են հանրապետությունից մեկնող և ժամանող քաղաքացիները. եթե հայտարարագրելու ոչինչ չկա, ապա հնարավոր է առանց ավելորդ ընթացակարգերով անցնելու և ժամանակ  վատնելու սահմանը հատել «կանաչ» ուղիով: Կրճատվել է մաքսավճարի գանձման հանձնարարագիրը: Իսկ Համաշխարհային բանկի հետ բանակցությունների արդյունքում շուտով միջազգային բեռնափոխադրումների ժամանակ` ներմուծվող ապրանքների համար փոխադրման ամփոփագրեր լրացնելն այլևս պարտադիր չի լինի:
10. Հունիս, 2008թ. Նոր քայլեր և ձեռքբերումներ միջազգային համագործակցության, հատկապես Եվրամիություն-Հայաստան կապերի ամրապնդման ճանապարհին: Արդյունքը` Եվրահանձնաժողովը օպերատիվ կերպով մաքսային հարցերով հատուկ պատվիրակություն գործուղեց Հայաստան` անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու սկսված բարեփոխումների գործընթացում: Մեկնարկեցին Եվրահանձնաժողովի առաջարկած «Twinning» և «Taiex» ծրագրերը:
 
11.   Իհարկե, միջազգային կապերի ամրապնդման ոլորտում իրականացված բոլոր այդ   աշխատանքներն արժանացան հատուկ գնահատականի`

ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը նոյեմբերի վերջին` Սանկտ-Պետերբուրգում կայացած ԱՊՀ մասնակից  պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 48-րդ նստաշրջանի ընթացքում, պարգևատրվեց ՌԴ մաքսային ծառայության` «Միջազգային համագործակցության զարգացման համար» պարգևանշանով: Իսկ Միջազգային համագործակցության զարգացմանն ուղղված շատ միջոցառումներ դեռ առջևում են, մասնավորապես`

ա/ 2009 թ., հունվարի 19-30, Համաշխարհային մաքսային կազմակերպության փորձագետների այցը Հայաստան «Կոլոմբոս» ծրագրի շրջանակներում:

բ/ 2009 թ., փետրվարի 16-17, Երևան, Սեմինար Սևծովյան տնտեսական համագործակցության Կազմակերպության շրջանակներում:

12.   Հուլիս, 2008թ. Իրականանում է Գ. Խաչատրյանի հերթական նախաձեռնությունը. Կոմիտեն ունի իր պարբերականը` «Մաքսատուն» ամսագիրը. «Մաքսատուն» ամսագրի հրապարակմամբ մենք ևս մեկ քայլով մաքսայինը մոտեցնում ենք տնտեսվարող սուբյեկտին, սահմանը հատող քաղաքացուն և, ընդհանրապես, ոլորտով հետաքրքրվող բոլոր անձանց»:

13.  Oգոստոսի, 2008 թ.  Ընդունվեց «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Բարեփոխման մի շարք առանցքային սկզբունքեր` այդ թվում ինքնահայտարարագրման համակարգի ընդլայնումը, բրոքերների ինստիտուտի ձևավորումը և մաքսային ընթացակարգերի պարզեցումը ենթադրում էին որոշակի փոփոխություններ և լրացումներ ՀՀ մաքսային օրենսգրում:

14. Հայ-վրացական միացյալ մաքսակետ: Հարևան պետության հետ միասնական սահման ունենալը ևս Գ.Խաչատրյանի առաջնահերթ նպատակներից է: «Ժամանակն է, որ հայ-վրացական սահմանը հատողների համար գործի «մեկ կանգառի» սկզբունքը»,- իր այս վճռականությունը ՊԵԿ նախագահը հայտնել է վրաց գործընկերներին նաև դեկտեմբերի 9-ին` Թբիլիսիում կայացած հերթական միջկառավարական նիստի ժամանակ: Միացյալ մաքսակետ ստեղծելու  ուղղությամբ տարվող աշխատանքները փոքր-ինչ հետաձգվել էին` պատերազմական գործողությունների պատճառով: Այսօր դրա իրագործումը ևս սարերի հետևում չէ: Գործընկերները պայմանավորվել են կարճ ժամանակահատվածում աշխատանքային խումբ ստեղծել ու անցնել գործնական քայլերի: Կողմերը հաշվարկել են` տարբեր ծառայությունների աշխատանքի կենտրոնացումը մեկ կետում էապես կկրճատի ուղևորի կողմից սահմանի վրա ծախսվող ժամանակը:

15.  «Ընդունեք խաղի նոր կանոնները և դարձեք գործընկեր»: 

ՊԵԿ նախագահի այս կոչը ամիսներ առաջ լսեցին բոլոր գործարարները: Նրանց հայտնի է Գ.Խաչատրյանի գործելաոճը` հարկային-մաքսային համակարգերը գործարարների համար ռուբիկոն/բարիեր/ չեն լինելու: «Հայաստանում գործարարը պետք է մտածի իր բիզնեսը զարգացնելու, այլ ոչ թե խոչընդոտներ հաղթահարելու մասին: Մենք հաստատակամորեն բիզնեսին ընդառաջ ենք գնում, սպասարկումը կատարելագործում, ընթացակարգերը պարզեցնում, բայց գործարարները պետք է գիտակցեն` դա չպետք է միակողմանի լինի: Մեծ նպատակների իրագործում ակնկալում են, երբ հիմքում գործընկերային ըմբռնում կա»:

16.  Մաքսավորներն    արդեն առաջնորդվում են հատուկ էթիկայի կանոններով:

ՊԵԿ նախագահի հրամանով հաստատվում են ՀՀ մաքսային ծառայողի էթիկայի կանոնները` այսպիսով նաև քաղաքացիների համար հստակեցնելով, թե ինչպիսի պահվածք պետք է ակնկալել մաքսային ծառայողից: Էթիկայի կանոնները հիմնվում են այնպիսի հատկանիշների վրա, որոնք են` ազնվությունը, անկողմնապահությունը, օրինապահությունը,  կարգապահությունը, ճշտապահությունը, կազմակերպվածությունն ու պատասխանատվության զգացումը: 

17. Սահմանից մինչև մաքսային պահեստներ ապրանքների տեղափոխման, հսկողության և պահպանման շղթան` առավել կազմակերպված և արդյունավետ:

Ժամանակակից տեխնիկա, բարեկարգ տարածք, սպասարկման բարձր մակարդակ, պարզեցված ընթացակարգեր, մաքսային պահեստների տարածքները` հստակ առանձնացված. այժմ այս չափանիշներինով են գործում բոլոր մաքսային պահեստները, որոնց բարեփոխման գործընթացը շարունակական է:    Այսպիսով` գրեթե ամբողջովին իրականացվել են ՀՀ կառավարության և Պետական եկամուտների կոմիտեի` մաքսային պահեստների առջև դրված հանձնարարականները:

18. «Լուրջ աջակցություն բիզնեսին» կարգախոսը գործի է վերածվում: 2008թ.-ի օգոստոսից արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողները լսեցին սպասվածը` «Ոչ միայն ժամանակ, այլ  նաև գումար տնտեսեք. նոր ժամանակների մաքսային համակարգն այդ հնարավորությունը ձեզ տալիս է»:  Պետական եկամուտների կոմիտեի հերթական նախաձեռնությունը ընթացակարգերի պարզեցում է ենթադրում հենց սահմանից սկսած` ներմուծման պահից: Գործարարներն այլևս ստիպված չեն ներմուծված ապրանքն օրերով թողնել մաքսային պահեստում և սպասել, թե երբ կավարտվի սերտիֆիկացումը: Նրանց ձեռքի տակ գտնվող ցանկում պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների թիվն արդեն կրճատված է`ավելի քան 4 անգամ: Ցանկից հանվել է համապատասխանության պարտադիր հավաստագրման ենթակա ապրանքների 65-70 տոկոսը:

19. Աշխատեք թափանցիկ, ստացեք բանկային երաշխիք,- առաջարկեցին պետական եկամուտների կոմիտեում հոկտեմբերից: Այդ ժամանակվանից  գործարարները մոռացան անցանկալի նախադասություններից ևս մեկը`  «Ձևակերպումների ուշացում` մաքսավորի հետ անհամաձայնության պատճառով»: Պետական եկամուտների կոմիտեում նախ քննարկել են` ինչ քայլ անել, որը հաշվի կառնի արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձանց շահերը, այլ ոչ թե կշրջանցի դրանք, ինչ մոտեցում կիրառել, որը մաքսավորին կդարձնի տնտեսվարող սուբյեկտի գործընկերը:  Քննարկումների արդյունքը ԲԱՆԿԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔի կիրառումն է: Մաքսայինի ղեկավարության առաջարկած այդ տարբերակը գործարարներն անվանում են «մաքսային ձևակերպումների գործընթացի արագացմանը նպաստող արդյունավետ մոտեցում»: Բանկային երաշխիքի առկայությամբ տնտեսվարողին հնարավորություն է տրվում շատ հանգիստ շարունակել գործընթացը` հիմք ընդունելով իր կողմից հայտարարագրված մաքսային արժեքը կամ ապրանքի ծագման երկիրը: 

20.  Լիարժեք  վերահսկողության  մեխանիզմ  տարածքային  մարմիններում. բարեփոխումների  կարևորագույն  փուլի  վերջնակետը.

Անընդմեջ վերահսկողություն հենց կենտրոնից. բոլոր մաքսակետերի ու մաքսատների շարժին Կոմիտեի նախագահը հետևում է` անմիջապես իր աշխատասենյակում տեղադրված հատուկ մոնիթորների միջոցով: Այդպիսով հատուկ այդ  նպատակով տարածքային բոլոր մաքսային մարմիններում և մաքսային պահեստներու տեղադրված տեսանկարահանող սարքերն ակնհայտ են դարձնում, թե ում մեղքով են կուտակումներ առաջացանում, ինչու է տնտեսվարող սուբյեկտը դժգոհում  մատուցվող ծառայությունից, և, վերջապես, որ աշխատակիցն ինչ չարաշահում է թույլ տալիս:

21.  Օգոստոսի 20-ից Գ.Խաչատրյանին է վստահվում նաև հարկային համակարգի ղեկավարումը. մաքսային և հարկային համակարգերը վերակազմավորվում են Պետական եկամուտների կոմիտեի: Համակարգի ղեկավար է նշանակվում Գագիկ Խաչատրյանը:

Հարկային

• Օգոստոսի 20-ին ներկայացնելով Գ. Խաչատրյանին , ՀՀ նախագահ Ս. Սարգսյանն ասաց.
«Վստահ եմ, որ այս կառույցի աշխատանքը կարողանալու ենք համապատասխանեցնել այսօրվա մեր տնտեսության, եւ ընդհանրապես, ժամանակակից պահանջներին»: 

• Ստանձնելով ՊԵԿ-ի ղեկավարումը, Գ. Խաչատրյանի կողմից պահանջ է դրված ապահովել բյուջեի հավաքագրումները` աշխատանքների կազմակերպման  նոր որակական փոփոխությունների շնորհիվ: Դրա հետ միաժամանակ,   առկա է ԱԱՀ գերավճարների վերադարձի բարձր ցուցանիշ:

• Ստուգումների արդյունավետության բարձրացում, ներքին վերահսկողական աշխատանքների ուժեղացում .

Վերջին ամիսների նոր քաղաքականության արդյունքում նվազել է տնտեսվարողների մոտ անցկացվող ստուգումների թիվը  եւ  դրան հակառակ կտրուկ ավելացել են  1 ստուգման հաշվով պետբյուջե վճարվող գումարները:  2007թ.-ի օգոստոս–նոյեմբերի համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում  միայն բյուջեի հետ փոխհարաբերությունների ստուգման թիվը նվազել է 583-ով կամ  58%-ով, իսկ մեկ ստուգման հաշվարկով արձանագրվել է 2,8 անգամ ավել գումար: 
Խստացվել են պահանջները նաեւ  համակարգի  աշխատակիցների նկատմամբ.  ծառայողական քննությունների  արդյունքում կիրառվել են խիստ  կարգապահական պատասխանատվության միջոցներ` ընդհուպ  մինչեւ  աշխատանքից   հեռացում:    

• Այլեւս լուծված  է տոնավաճառներում ՀԴՄ-ների տեղադրման տարիներ շարունակ ձգձգվող  խնդիրը .

2008 թ.-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ առեւտրի իրականացման  վայրերում տեղադրվել է մոտ 7000 ցանցային ՀԴՄ: Կոմիտեի մասնագետներն աջակցում են տնտեսվարող սուբյեկտներին ՀԴՄ-ներն իրենց տարածքային հարկային տեսչություններում հաշվառելու եւ ֆիսկալավորելու համար: Աշխատանքներ են տարվում ցանցի ծրագրային փաթեթի ստեղծման ուղղությամբ: 

• Կառուցվածքային փոփոխություններին համապատասխան,  կադրային  նոր   քաղաքականություն.
Համակարգից հեռանում են նրանք, ովքեր պատրաստ կամ մտադիր չեն ընդունել նոր մոտեցումները: Մասնագիտական ԲՈՒՀ-երի հետ համատեղ իրականցվում են վերապատրաստման եւ վերաորակավորման դասընթացներ` համակարգը  բարձր պատրաստվածություն ունեցող մասնագետներով ապահովելու  եւ համալրելու նպատակով: 

• Հարկային  բարեփոխումներ. 

Վարչարարության կատարելագործում եւ հարկատուի համար բարենպաստ հարկային օրենսդրական դաշտի ապահովում:  Փոխադարձ վստահության վերականգնման նպատակով  օգոստոսին ԱԺ-ում ընդունվեց  հարկային օրենսդրության փոփոխությունների  փաթեթը, իսկ եւս մեկը այժմ գտնվում է պառլամենտում:  

• Վիճակահանություն ՀԴՄ կտրոններով.

Մեր երկրում առաջին անգամ ներդրվում է հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման նկատմամբ հանրային հսկողության խրախուսման աննախադեպ մեխանիզմ` 2009 թ.-ին կանցկացվի  վիճակահանություն ՀԴՄ կտրոնների դարձերեսի հատուկ համարներով:   

• 2008թ.-ի հոկտեմբերից ՊԵԿ հարկային ծառայությունում գործում է «Թեժ  գիծ»: 

Դեկտեմբերի մեկի դրությամբ եղել է  134 զանգ` այդ թվում  31 բողոք:  «Թեժ գծի» շնորհիվ լրացվում  է  հարկային օրենսդրության,  վարչարարության հետ կապված  քաղաքացիների մոտ առկա տեղեկատվական բացը եւ կանխվում հարկային համակարգի աշխատակիցների կամայական գործողությունները: Տնտեսվարողների հետ փոխադարձ կապն ավելի արդյունավետ դարձնելու  նպատակով թարմացվում եւ հարստացվում է նաեւ  taxservice.am կայքէջը: