23 դեկտեմբերի 2008
Լավագույն պայմաններ պետության թիվ մեկ ներկայացուցչի` հարկային տեսուչի համար. վստահության մթնոլորտ ձԵՎավորողը հենց նա է
«Հանրապետությունում Վանաձորը կլինի առաջատարներից մեկը` հարկային վարչարարության բարելավման առումով, ինչը թույլ կտա հպարտությամբ մեջբերել այստեղի աշխատաոճը»,- այս վստահությունն է հայտնել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` Վանաձորի տարածքային հարկային տեսչության նորակառույց շենքի հանդիսավոր բացման արարողության ժամանակ:
«Հանրապետությունում Վանաձորը կլինի առաջատարներից մեկը` հարկային վարչարարության բարելավման  առումով, ինչը թույլ կտա հպարտությամբ մեջբերել այստեղի աշխատաոճը»,- այս վստահությունն է հայտնել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` Վանաձորի տարածքային հարկային տեսչության նորակառույց շենքի հանդիսավոր բացման արարողության ժամանակ:

Շուրջ 53 աշխատող ունեցող Վանաձորի տարածքային հարկային տեսչությունն այսուհետ կաշխատի նոր շենքում: 5.000 հարկատուի հետ գործ ունեցող կառույցը մինչ այդ տեղակայված էր մարզպետարանի շենքին պատկանող մի քանի սենյակներում:

Կտրելով նորակառույց` 1620քառ. մետր ընդհանուր մակերեսով եռահարկ շենքի բացումն ազդարարող ժապավենը, ղեկավարությունը հայտարարում է` «Աշխատանքային այսպիսի պայմաններում աշխատելու են  տարածքային բոլոր մարմինները: Դա ուղղակի անհրաժեշտություն է` հարկ վճարողներին ժամանակակից չափորոշիչներին համապատասխան բարձրակարգ սպասարկում ապահովելու  համար»:

Նոր շենքում արդեն սպասարկումը, բնականաբար, կիրականացվի բոլորովին այլ պայմաններում. Այդտեղ ստեղծված են անհրաժեշտ հնարավորությունները` ջեռուցում, անվտանգության ազդանշանային համակարգեր, համակարգչային ցանց: Առավելագույն հարմարավետ պայմաններ են ստեղծված հարկ վճարողների սպասարկման  բաժիններում` հաշվետվությունների ընդունման «Մեկ պատուհանի» սկզբունքով աշխատելու համար: Տարածքային հարկային տեսչության նորակառույց շենքի բացումը վարչապետ Տիգրան Սարգսյանը համարում է կարևոր իրադարձություն.

 «Մենք պարտավոր ենք հանրապետության բոլոր տարածքներում այսպիսի աշխատանքային պայմաններ ստեղծել պետության թիվ մեկ ներկայացուցչի` հարկային տեսուչի համար: Պետության ամրապնդումը, հասարակության հետ հարաբերությունները մշտապես պայմանավորված են հենց հարկային տեսուչի աշխատանքով, հարկային տեսուչ-ձեռներեց փոխհարաբերություններով: Այդ առումով մենք դեռ շատ անելիք ունենք. կուտակված խնդիրները դեռևս անվստահության մթնոլորտ են ձևավորում հարկային-մաքսային վարչարարության նկատմամբ: Դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, որպեսզի լիարժեք զգանք հասարակության վստահությունը: Որքան պարկեշտ և օրենքի շրջանակներում գործի հարկային տեսուչը, այնքան բարձր կլինի վստահությունը պետության նկատմամբ»:

Առաջիկայում երկրի ղեկավարությունն ակնկալում է ոչ միայն հարկային տեսուչների մտածողության, այլ նաև հարկային տեսուչ-ձեռներեց  փոխհարաբերությունների փոփոխություն: «Նշանակում է ձեռներեցը ևս պետք է պատրաստ լինի վարքագծի փոփոխության»,- եզրափակեց ՀՀ վարչապետը:

Կառավարության ղեկավարի համոզմունքը կիսում է նաև ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը: «Երկրի բարձրագույն ղեկավարության կողմից ցուցաբերվող ուշադրությունն ու հոգատարությունը մեր համակարգի նկատմամբ պարտավորեցնող է: Մենք դեռևս հսկայական անելիք ունենք, և առաջին հերթին դա աշխատաոճի, աշխատակիցների մտածելակերպի փոփոխությունն է: Այդկերպ մենք կհասնենք  նախանշված ռազմավարական ծրագրերի իրագործմանը` փոխելով նաև հարկ վճարողների վերաբերմունքը: Արդյունքում պետբյուջեի մուտքերն էլ ավելի կաճեն»:

Գագիկ Խաչատրյանը հիշեցրել է նաև, որ հարկայինը անցում է կատարելու էլեկտրոնային կառավարման համակարգի: Դրան, միանշանակ, կնպաստեն այսպիսի ժամանակակից շենքային պայմանները, նյութատեխնիկական բազայի ստեղծումը: Գագիկ Խաչատրյանը տեղեկացրել է նաև, որ Վանաձորի տարածքային հարկային տեսչությունը հունվարից դառնալու է միացյալ` Սպիտակի շրջանի հետ: Սպիտակում, իհարկե, կգործի սպասարկման բաժին` թեթևացնելով հարկատուների գործը: 


Վանաձորի տարածքային հարկային տեսչության շենքի շինարարական աշխատանքները սկսվել էին 2007թ.-ի հոկտեմբերին: Աշխատանքների իրականացման համար պետբյուջեից հատկացվել է 200մլն դրամ, ևս 59մլն դրամ ծախսվել է հարկային ծառայության արտաբյուջեի միջոցներից: