22 դեկտեմբերի 2008
Պետական եկամուտների կոմիտեն այսօր հյուրընկալել է դպրոցականների
Դպրոցականները ցանկացել են ծանոթանալ հարկային-մաքսային մարմինների գործառույթներին, տեղեկանալ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում նրանց կողմից իրականացվող միջոցառումներին
Դպրոցականները ցանկացել են ծանոթանալ հարկային-մաքսային մարմինների գործառույթներին, տեղեկանալ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում նրանց կողմից իրականացվող միջոցառումներին
 
ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի աջակցությամբ իրականացվող հակակոռուպցիոն կրթադաստիարակչական ծրագրի շրջանակներում «Ապագան քոնն է» ՀԿ-ն նախաձեռնել էր ավագ դպրոցների աշակերտների հանդիպումը Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնյաների հետ:

Հարկային-մաքսային համակարգերի ներկայացուցիչները երեխաներին մանրամասն ներկայացրեցին այն հիմնական քայլերը, որոնք ձեռնարկվում են Պետական եկամուտների կոմիտեի կողմից կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում` այդ հարցում կարևորելով նաև ուսումնական դասընթացների նշանակությունը:
«Պետական եկամուտների կոմիտեի կողմից հատուկ ուշադրություն է դարձվում կրթական միջոցառումներին: Այս անգամ որոշեցինք ավելի ընդլայնել այդ միջոցառումների շրջանակը` ընդգրկելով նաև դպրոցականներին, քանի որ հենց այդ տարիքում են երեխաների մոտ առավել հստակ ձևավորում տնտեսագիտական ոլորտի մասին պատկերացումները: Ներկայացնելով Կոմիտեի առջև դրված խնդիրներն ու գործառույթները` մենք մեր հերթին կփորձենք օգնել երեխաներին` առավել տեղեկացված լինել համակարգից և ճիշտ կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում»,- մանրամասնեց ՊԵԿ նախագահի տեղակալ Արտակ Շաբոյանը:

Կոմիտեի ներկայացուցիչները փորձեցին հնարավորինս մատչելի և սպառիչ պատասխաններ տալ երեխաների հարցերին, որոնք ի դեպ վերաբերում էին հարկային-մաքսային մարմինների ամենատարբեր գործառույթներին, իրականացվող բարեփոխումներին: Ուստի համակարգի ներկայացուցիչները, ի թիվս կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող այլ ծրագրերի, անդրադարձան նաև հարկային-մաքսային ծառայությունների` առաջիկա տարիների ռազմավարությանը, որտեղ հատուկ կարևորություն է տրված նաև հակակոռուպցիոն միջոցառումներին: Ի դեպ, երեխաներին մանրամասն պարզաբանվեց, թե ինչպես է իրականացվում հարկային-մաքսային վարչարարությունը, ներկայացվեցին մաքսակետերը, մաքսային ծառայության պատմությունը:

«Մենք արդեն մի շարք ուսումնական դասընթացներ ենք անցկացրել մեր համակարգի աշխատակիցների համար` դրանցում ներգրավելով լավագույն մասնագետների: Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում մի շարք ծրագրեր ենք իրականացրել նաև Եվրախորհրդի և «GREKO»-ի հետ: Միաժամանակ գիտակցում ենք, որ շատ անելիքներ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում  դեռևս առջևում են»,- տեղեկացրեց ՊԵԿ նախագահի տեղակալԱրթուր Օսիկյանը:

Առավել տեղեկացված լինելու նպատակով` հանդիպման ընթացքում երեխաներին բաժանվեցին նաև տեղեկատվական թերթիկներ, ինչպես նաև «Մաքսատուն» ամսագիրը: