03 սեպտեմբերի 2008
Լուրջ աջակցություն բիզնեսին. Էապես կրճատվել է պարտադիր սերտիֆիկացման ենթակա ապրանքների ցանկը
Ընթացակարգերի պարզեցման սկզբունքով. Էկոնոմիկայի նախարարության ԵՎ Մաքսայինի ղեկավարության համատեղ ջանքերի արդյունքը շուտով վայելելու են գործարարները: Այն որոշումը, որի փոփոխված տարբերակը գործադիրը հավանության արժանացրեց 28.08.2008թ.-ի նիստում, առաջին հերթին շահավետ է գործարար աշխարհի համար:
Ընթացակարգերի պարզեցման սկզբունքով. Էկոնոմիկայի նախարարության և  Մաքսայինի ղեկավարության համատեղ ջանքերի արդյունքը շուտով վայելելու են գործարարները: Այն որոշումը, որի փոփոխված տարբերակը գործադիրը հավանության արժանացրեց 28.08.2008թ.-ի նիստում, առաջին հերթին շահավետ է գործարար աշխարհի համար:

Այդ որոշման համաձայն, 65-70 տոկոսով կրճատվել է համապատասխանության պարտադիր հավաստագրման /սերտիֆիկացման/ ենթակա ապրանքների ցանկը, այսինքն` ընթացակարգը պարզեցվել է: Ցանկից հանվել են մեծ թվով ապրանքատեսակներ, որոնց նկատմամբ պահանջները սահմանված են տեխնիկական կանոնակարգերով: Մի շարք ապրանքներ ներկայացվել են մեկ անվան տակ, ինչպես, օրինակ, սննդամթերքի դեպքում: Տեխնիկական կանոնակարգերի համաձայն, այդ ցանկը հետագայում վերանայվելու է: Այսպես, ընդհանուր առմամբ, մինչ փոփոխությունը, սերտիֆիկացման էր ենթակա շուրջ 65 ապրանքատեսակ: Պարզեցման արդյունքում այդ թիվը կրճատվել է ավելի քան 4 անգամ. սերտիֆիկացման ենթակա ապրանքատեսակների թիվը դարձել է 16:  Պարտադիր հավաստագրման ենթակա ապրանքների ցանկում ընդգրկվել են միայն այն ապրանքատեսակները, որոնք, մասնագետների դիտարկմամբ, որոշակի ռիսկ էին պարունակում` ազգաբնակչությանը վտանգ ներկայացնելու տեսակետից: Ի դեպ, Նախատեսվում է սահմանի վրա անցում կատարել ներկրվող ապրանքների հսկողության` ռիսկերի վրա հիմնված համակարգի: Այդտեղ վերլուծություններ պետք է արվեն և ընտրվեն առավել ռիսկային համարվող, ոչ թե առավել թանկ ապրանքները, որոնց ուղղությամբ էլ առանձին վերահսկողություն կիրականացվի:

Այդպիսով, նոր որոշման նպատակն է` էապես աջակցել բիզնեսի խթանմանը: Մասնավորապես, ներմուծող իրավաբանական կամ ֆիզիկական անձը այդ արտադրանքի սերտիֆիկացումն արդեն կիրականացնի ոչ թե ներմուծման պահին, այլ իրացման փուլում:  Պարզ է, որ այդպիսով ներմուծողն ավելորդ ժամանակ չի վատնի և համապատասխանության հավաստման աշխատանքների ժամանակ մատուցվող ծառայության որակը կբարձրացվի: Հատկապես այդ  հանգամանքն է ընդգծել Մաքսային գործի ռազմավարության և միջազգային հարաբերությունների վարչության պետ Կարեն Բեգլարյանը, ով «Ձյունիկ» մաքսային պահեստում լրագրողներին է ներկայացրել բոլոր մանրամասները: Կ.Բեգլարյանը մասնավորապես նշել է, որ այս որոշման արդյունքում տնտեսվարող սուբյեկտը ոչ միայն ժամանակ է խնայում, այլ նաև գումար է տնտեսում: Մինչ այս, կախված ապրանքի առանձնահատկությունից, փորձաքննությունը տևում էր 2-3 օր, այսինքն` ներմուծված ապրանքն այդքան ժամանակ` մինչ սերտիֆիկացման ավարտը, մնում էր մաքսային պահեստում: Այսօր արդեն, երբ օրերով սպասելու անհրաժեշտություն չկա, բնականաբար կրճատվում են  նաև տրանսպորտային ծախսերը, որ պահանջվում էին մաքսային պահեստում կայանելու համար: 

Մյուս կողմից` փոփոխությունը կարևորվում է նաև սպառողների շահերի պաշտպանվածության տեսակետից: Այդ կանոնակարգերը հսկողություն են պահանջում ոչ միայն ներկրման փուլի, այլև ներկրումից հետո սպառման ողջ շղթայի համար, այլապես հնարավոր չէ տվյալ արտադրանքը սպառողին հասցնել պատշաճ որակով: Ընդ որում, Կարեն Բեգլարյանը տեղեկացնում է նաև, որ այս որոշումը պետական բյուջեի եկամուտների նվազեցում չի ենթադրում: