27 հոկտեմբերի 2010
ԵրԵՎանում են ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարները
Արդեն երրորդ անգամ ԵրԵՎանում են կազմակերպվում ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստի աշխատանքները: Այդ նպատակով ԵրԵՎան են ժամանել Ռուսաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի մաքսային ծառայությունների փորձագետներն ու ղեկավարները:
Արդեն երրորդ անգամ Երևանում են կազմակերպվում ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստի աշխատանքները: Այդ նպատակով Երևան են ժամանել Ռուսաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի մաքսային ծառայությունների փորձագետներն ու ղեկավարները: Նիստերը պարբերաբար կազմակերպվում են Ռուսաստանում, և միայն մի քանի անգամ դրանք անցկացվել են նաև ԱՊՀ այլ երկրներում: Անդրադառնալով այս հանգամանքին` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նիստի բացման իր խոսքում նշել է. "Այն փաստը, որ արդեն 3-րդ անգամ է, ինչ ԱՊՀ անդամ երկրների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստն անցկացվում է Հայաստանում, ընդգծում է մեր երկրի շահագրգռվածությունը ԱՊՀ մաքսային ծառայությունների հետ հետագա համագործակցության խորացման գործում": Վարչապետի խոսքով` խորհրդի որդեգրած նպատակները` տնտեսական ինտեգրման խորացումը, ԱՊՀ մասնակից-պետությունների մաքսային օրենսդրությունների ներդաշնակեցումը, կոռուպցիայի և մաքսանենգության դեմ պայքարը, ռիսկերի կառավարումը պետք է առաջնային լինեն բոլոր մաքսային ծառայությունների համար:

Նստաշրջանի օրակարգում ներառված են եղել մոտ երկու տասնյակ հարցեր, այդ թվում` ԱՊՀ անդամ պետությունների` մաքսային ոլորտում միջազգային-իրավական բազայի վերանայումը, մաքսային ընթացակարգերի կատարելագործման նպատակով ռիսկերի կառավարման համակարգի կիրառումը, ԱՊՀ մասնակից-պետությունների մաքսային սահմաններով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ նախնական տեղեկատվության փոխանակման գործընթացի կազմակերպմանն ու հաջորդ տարվա գործունեության ծրագրին առնչվող հարցեր:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, ընդգծելով, որ այս նստաշրջանի ընթացքում բավականին լուրջ հարցեր են քննարկվել, դրանցից առանձնացրել է հատկապես երեքը. "Առաջինը` միասնական տեղեկատվական կենտրոնի ստեղծման հնարավորությունը, որտեղից բոլոր մաքսային ծառայությունները կարող են վիճակագրական տվյալներ ստանալ անհրաժեշտ հարցերի վերաբերյալ, երկրորդ` մաքսային ձևակերպումների և հատկապես մաքսային ընթացակարգերի պարզեցման նպատակով տեղեկատվության նախապես ստացումը, և երրորդ` հետբացթողումային հսկողության հետ կապված տեղեկատվության ստացումը ԱՊՀ շրջանակներում":

Ի դեպ, նիստի ընթացքում ԱՊՀ երկրների մաքսային ծառայությունների խորհրդի ղեկավար է ընտրվել Անդրեյ Բելյանինովը, ով նույնպես ողջունել է Հայաստանի ակտիվ մասնակցությունը խորհրդի աշխատանքներին. "Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունները մեծ ուշադրություն են դարձնում մեր համագործակցությանը: Ռուսաստանի և Հայաստանի մաքսային ծառայությունների միջև այսօր կնքված համաձայնագրերի արդյունքում էլ ավելի կպարզեցվեն մաքսային ընթացակարգերը, քանի որ մեզ համար շատ կարևոր է, որպեսզի Ռուսաստանից Հայաստան ապրանքների տեղաշարժն իրականացվի ամենապարզ ընթացակարգերով և հարմարավետ պայմաններում":

Գագիկ Խաչատրյանի ներկայացրած տվյալներով` Հայաստան-Ռուսաստան ապրանքաշրջանառությունը բավականին մեծ ծավալների է հասնում. եթե 2009 թվականի ընթացքում այն կազմել է 793 մլն դոլար, ապա 2010-ի ինն ամսվա կտրվածքով այն արդեն կազմում է 630 մլն:

Ուկրաինայի մաքսային ծառայության ղեկավար Իգոր Կալետնիկն էլ նշել է. "ԱՊՀ բոլոր երկրների մաքսային ծառայությունները պետք է այնպես գործեն, որպեսզի նպաստեն ազատ մրցակցությանն ու արդար փոխհարաբերությունների հաստատմանը: Այդ կերպ մենք կկարողանանք հասնել առևտրաշրջանառության ծավալների զգալի ավելացման":

ԱՊՀ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհուրդը ստեղծվել է 1993թ. դեկտեմբերի 23-ին` "Տնտեսական միություն ստեղծելու մասին" պայմանագրի դրույթների իրագործման նպատակով: Հետագայում, ԱՊՀ շրջանակներում ընդունվել են մի շարք միջպետական և միջկառավարական համաձայնագրեր, մասնավորապես` 1994թ. ապրիլի 15-ին ստորագրվել է "Ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին" համաձայնագիրը, որի համաձայն, ԱՊՀ որևէ երկրի ծագման ապրանքը նույն տարածաշրջանի մեկ այլ երկիր տեղափոխելիս, այն օգտվում է մաքսատուրքի արտոնությունից:Մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստ գումարվում է տարին երկու անգամ` յուրաքանչյուր կիսամյակի վերջում: