22 հուլիսի 2010
Երկկողմ առԵՎտրաշրջանառության աշխուժացում
Այս տարի Հայաստանում մեկնարկել է ՄԱԿ-ի` Հարավային Կովկասում Սահմանների համալիր կառավարման ծրագիրը, որի նպատակն է` սահմանների կառավարման ոլորտում գործող բոլոր պետական մարմինների գործառույթների համակարգումը:
Այս տարի Հայաստանում մեկնարկել է ՄԱԿ-ի` Հարավային Կովկասում Սահմանների համալիր կառավարման ծրագիրը, որի նպատակն է` սահմանների կառավարման ոլորտում գործող բոլոր պետական մարմինների գործառույթների համակարգումը: Եվ, քանի որ պետական սահմանին մնացած գերատեսչությունների հետ համատեղ իրենց պարտականություններն են կատարում նաև մաքսային մարմինները` ապահովելով մեր երկրի տնտեսական անվտանգությունը, ուստի Հայաստանի մաքսային ծառայությունը ևս ներառվել է ՄԱԿ-ի ծրագրում:

Ծրագրի շրջանակներում արդեն իսկ աշխատանքային հանդիպումներ են անցկացվել Վրաստանում, որտեղ Հայաստանի մաքսային համակարգի աշխատակիցները ծանոթացել են հարևան երկրի սահմանին իրականացվող աշխատանքներին: Առաջիկայում դարձյալ նախատեսվում են նման հանդիպումներ, որոնց ընթացքում, բացի այս ծրագրի հիմնական նպատակներից, հատուկ ուշադրություն է դարձվում նաև միջազգային համագործակցությանը: Այն հատկապես կարևորվում է նրանով, որ մեր երկրի քաղաքացիները սկսել են առավել հաճախ մեկնել Վրաստան` հանգստի: Այդ հանգամանքը հաշվի առնելով` Հայաստանի մաքսային ծառայության կողմից արվում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի սահմանում պարզեցվեն մաքսային հսկողական աշխատանքները, ինչի արդյունքում զգալիորեն կկրճատվի մեկնող և ժամանող ուղևորների կողմից մաքսային ընթացակարգերի վրա ծախսվող ժամանակը”,- հայտնել է ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Սամվել Սանամյանը: Իսկ Հարավային Կովկասում Սահմանների համալիր կառավարման ծրագրի հայաստանյան ղեկավար Գրիգոր Մալինցյանն էլ լրագրողներին տեղեկացրել է, որ այդ ծրագրով նպատակ է դրված նաև ակտիվացնել Հայաստան-Վրաստան երկկողմ առևտրաշրջանառությունը. “Այդ հարցում կարևորում ենք հատկապես հարևան երկրի հետ սահմանակից Բագրատաշենի սահմանային անցակետի կարողությունների հզորացումն ու աշխատանքի արդյունավետության բարձրացումը: Այդ նպատակով պարբերաբար երկկողմ կոնֆերանսներ են կազմակերպվում թե Հայաստանում, և թե Վրաստանում”,- ասել է Գրիգոր Մալինցյանը:

Սահմանների համալիր կառավարման ծրագրի շրջանակներում օրերս նման ուսումնական այց էր կազմակերպվել նաև Լիտվայի Հանրապետություն` Հայաստանի և Վրաստանի սահմանային կառավարման համար պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչների համար: Ուսումնական այցի նպատակն էր` մասնակիցներին ծանոթացնել Եվրամիության սահմանների համալիր կառավարման լավագույն փորձին, նվաճումներին ու զարգացումներին. “Մեր երկրի և Վրաստանի պատվիրակությունները ծանոթացել են Լիտվայի պետական սահմանապահ ծառայության աշխատանքներին: Նրանք եղել են նաև Լիտվայի սահմանապահ ծառայության շնաբուծական կենտրոնում, որի խնդիրն է` հնարավորինս կանխել մաքսանենգ ճանապարհով ապրանքների ներմուծումը և օժանդակել այդ խախտումների հետ կապված հետաքննությունների անցկացմանը”,- նշել է Սամվել Սանամյանը:

Պատվիրակությունների ներկայացուցիչները ծանոթացել են նաև Վիլնյուսի օդանավակայանի սահմանային անցակետի աշխատանքներին, ինչպես նաև Բելառուսի և Լիտվայի սահմանային անցակետի կառուցվածքին ու ենթակառուցվածքներին, այնտեղ իրականացվող աշխատանքներին, այցելել են նաև Քենա երկաթգծային սահմանային անցակետ` ծանոթանալու դրա աշխատանքներին և Կալինինգրադի արագացված երկաթգծի տրանզիտին: