10 դեկտեմբերի 2010
"Արդյունավետ մաքսային համակարգ". համաժողովը նախաձեռնել են Հայաստանի բրոքերների ասոցիացիան ԵՎ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն` ԵԱՀԿ-ի աջակցությամբ
Այս տարի Հայաստանի բրոքերների ասոցիացիայի ստեղծումը ԵՎ դեկտեմբերի 10-ին նրանց կազմակերպած համաժողովը ԵՎս մեկ քայլ էր բրոքերների ինստիտուտի կայացման ճանապարհին:
Այս տարի Հայաստանի բրոքերների ասոցիացիայի ստեղծումը և դեկտեմբերի 10-ին նրանց կազմակերպած համաժողովը ևս մեկ քայլ էր բրոքերների ինստիտուտի կայացման ճանապարհին:

Մաքսային բրոքերների ինստիտուտն առավել ակտիվ սկսեց գործել և կայանալ 2008թ.-ից: Մինչ հայտարարագրման գործընթացում մաքսային բրոքերներին ակտիվորեն ներգրավելը` հայտարարատուներն այդ գործառույթն իրականացնում էին դժվարությամբ, առաջանում էին հերթեր ու կուտակումներ, ուստի անհրաժեշտություն առաջացավ բրոքերների գրասենյակներ բացել տարածքային մաքսային մարմիններում: Ինքնահայտարարագրման և բրոքերային ինստիտուտի կայացման առաջին պիլոտային ծրագիրը ներդրվեց Միջազգային ճանապարհային փոխադրումների /ՏԻՐ/ մաքսատանը: Միայն մեկ տարի հետո բրոքերների ծառայություններից սկսեցին օգտվել նաև մյուս մաքսատներում, աստիճանաբար` տարվա ընթացքում արդեն բրոքերների գրասենյակներ են սկսել գործել նաև բոլոր մաքսային պահեստներում:

"Արդյունավետ մաքսային համակարգ" համաժողովի ընթացքում ներկայացվել են բրոքերների ասոցիացիայի կողմից անցկացված հետազոտությունները: Նպատակն էր` դրա միջոցով գտնել բրոքերային ծառայությունների զարգացման ուղիները, վերլուծել օրենսդրական դաշտն ու քննարկել առկա խնդիրները:
Համաժողովին ներկա ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, կարևորելով բրոքերների ինստիտուտի ներդրումը մաքսային ձևակերպումների իրականացման գործընթացում, նշել է, որ այն նպաստում է մաքսավոր-տնտեսվարող շփումների նվազեցմանը, մաքսային ընթացակարգերի պարզեցմանը, ինչպես նաև կարևոր լծակ է կոռուպցիայի դեմ պայքարում. "Եվրամիության աջակցությամբ որոշվեց ստեղծել այս ասոցիացիան, որի կայացմամբ կհասնենք մեր գլխավոր նպատակի իրագործմանը` գործարարներին հնարավորություն տալ ավելի արագ ու հեշտ անցնել մաքսային ձևակերպումների գործընթացը: Բրոքեր-մաքսային ծառայող փոխհարաբերություններում նաև կարևոր է միմյանց խնդիրներից տեղյակ լինելը` այդ կերպ շտկելով առկա բացերը",- ՊԵԿ նախագահը կարևորել է նաև մաքսային բրոքերների ուսուցման և վերապատրաստման ծրագրերի հարցերը, մասնավորապես մաքսային ձևակերպումների գործընթացի մասով. "Ամենակարևորը` մաքսային ծածկագրերի վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ ունենալն է, քանի որ կան ռիսկային ծածկագրեր, որոնք լրացուցիչ մաքսային հսկողության անհրաժեշտություն են առաջացնում":

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսի փոխանցմամբ` մաքսային ծառայության գործունեության արդյունավետությունը ՀՀ կառավարության մշակած առաջիկա երկու տարվա ռազմավարական ծրագրի կարևորագույն խնդիրներից է, հատկապես հակակոռուպցիոն միջոցառումների մասով: Դրանց լուծումը կախված է նաև բրոքերների ինստիտուտի ներդրումից ու զարգացումից: Մաքսային բրոքերների համակարգը հնարավորություն է տալիս առավել հմուտ և մասնագիտական ծառայություններ մատուցել տնտեսվարողներին մաքսային ձևակերպումների գործընթացում. "Հուսով եմ, որ մենք համատեղ ջանքերով կկարողանանք ստեղծել հզոր և արդյունավետ մաքսային համակարգ, որը որակյալ խորհրդատվություն և ծառայություն կմատուցի տնտեսվարողին":
ՀՀ-ում Եվրամիության դեսպան Ռաուլ Դե Լուցենբերգերն էլ համաժողովի մասնակիցներին ներկայացրել է Եվրամիության կողմից մաքսային ոլորտում մինչ օրս իրականացված ծրագրերը և ապագա համագործակցության հնարավորությունները:

Համաժողովին մասնակցել են պետական, հասարակական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Հայաստանի բրոքերների ասոցիացիայի նախագահ Հրայր Գյոնջյանը նրանց ներկայացրել է ասոցիացիայի նորաստեղծ պաշտոնական վեբ կայքը, որի միջոցով տնտեսվարողներին հնարավորություն է ընձեռվում տեղեկանալ տարբեր բրոքերային կազմակերպությունների առաջարկած սակագներին:

ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանը, վստահեցնելով, որ ի սկզբանե մաքսային ծառայությունը ամեն կերպ աջակցել է բրոքերային ծառայությունների զարգացմանը, միայն դրական է գնահատում բրոքերների ասոցիացիայի գործունեությունը, քանի որ այն յուրատեսակ իրավաբանական լծակ է` ոլորտի հարցերը կանոնակարգելու նպատակով: "Այս ասոցիացիայի միջոցով առաջնահերթ շատ խնդիրների հնարավոր է համակարգված լուծում տալ, իսկ այն հարցերը, որոնք բրոքերներն իրենք չէին համարձակվի բարձրացնել մաքսայինի առջև, այժմ կարող են իրագործել ասոցիացիայի միջոցով: Բրոքերների ասոցիացիայի հետ համագործակցության առաջին իսկ օրվանից մեր առջև այսպիսի խնդիր ենք դրել. չեն լինելու հարցեր, որոնք չեն քննարկվելու, երկու կողմն էլ` թե մաքսային ծառայողները, և թե մաքսային բրոքերները պետք է փորձեն վերլուծել և գնահատել համատեղ աշխատանքի ընթացքում ծագող խնդիրները և դրանց համար օպտիմալ լուծման տարբերակներ գտնել": Գևորգ Սաղոյանի խոսքով` Հայաստանի բրոքերների ասոցիացիան էլ ավելի է ընդլայնելու իր գործունեության ոլորտը, ինչը ՊԵԿ մաքսային ծառայությունը միայն ողջունում է: