03 օգոստոսի 2010
Մաքսայինի խուզարկու շները ժամանել են
Հայաստանյան մաքսային համակարգը ստեղծում է սեփական կինոլոգիական կենտրոնը: Հեղինակավոր աշխատանքի են շտապել արտասահմանից ժամանած մասնագետ-շները: Իսկ նրանք հասարակ շներ չեն. Պետական եկամուտների կոմիտեն նախապատվությունը տալիս է հատուկ կուրսեր անցած ԵՎ վերապատրաստված շներին:
Հայաստանյան մաքսային համակարգը ստեղծում է սեփական կինոլոգիական կենտրոնը: Հեղինակավոր աշխատանքի են շտապել արտասահմանից ժամանած մասնագետ-շները: Իսկ նրանք հասարակ շներ չեն. Պետական եկամուտների կոմիտեն նախապատվությունը տալիս է հատուկ կուրսեր անցած և վերապատրաստված շներին: Մաքսավոր-խուզարկուները հատուկ վերապատրաստում են անցել Լեհաստանի ոստիկանությանը պատկանող կինոլոգիայի դպրոցում, որը 50 տարվա պատմություն ունի և հայտնի է բարձրակարգ մասնագետներով:

ՀՀ ՊԵԿ այս քայլը մաքսային ծառայության համակարգի հերթական բարեփոխումն է, որն ուղղված է արդյունավետ հսկողական մեխանիզմների կատարելագործմանը: Դեռևս Հայաստան կատարած այցի ժամանակ Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան ընդգծել էր, որ մտադիր են տարածաշրջանում հենց Հայաստանը դարձնել օրինակելի պետություն, և մաքսային ընթացակարգերի բարեփոխման ոլորտում նրա ձեռք բերած փորձը ներկայացնել մյուս երկրներում: Կ. Միկուրիան նկատել է, որ հայաստանյան մաքսային ծառայության ղեկավարությունը մեծ ցանկություն ունի կատարելագործել և' մաքսային ընթացակարգերը, և' հսկողական մեխանիզմները` շարունակելով դրանք համապատասխանեցնել միջազգային չափանիշներին:

"Աշխարհագրական դիրքից ելնելով` ինչպես տարածաշրջանի մյուս երկրներում, Հայաստանում ևս առկա է մաքսանենգության բարձր ռիսկ, պարզապես ձեզ մոտ շատ մեծ է այդ խնդրի դեմ պայքարելու ցանկությունը: Այստեղ հիմնական բանալին մարդկային գործոնի դերն է, կադրային ռեսուրսների ճիշտ կառավարումը",- նշել է ՀՄԿ ղեկավարը:

"Մեր երկրի մաքսային ծառայությունում աշխատելու ցանկություն ունեցող շներն վերապատրաստումից հետո լիրաժեք պատրաստ են անցնել ծառայության տարբեր մաքսատներում",- լրագրողներին հայտնել է ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության կինոլոգիական խմբի ղեկավար Կարեն Հակոբյանը:
Պետեկամուտների կոմիտեն, բնականաբար, արել է հնարավորը` խուզարկու շներին արժանավայել պայմաններում դիմավորելու համար: Պակաս կարևոր չէ նաև շների տերերի` հայ կինոլոգների վերապատրաստումը, ինչը ևս կատարվել է միջազգային չափանիշներին համապատասխան: Մաքսավոր-կինոլոգները ևս Լեհաստանում են վերապատրաստվել` յուրաքանչյուրն իր շան հետ:

"Կինոլոգը պետք է իմանա` ծառայության պահին շունն իր գլխավոր գործընկերն է: Առաջին փուլը տեսական էր: Մեր կինոլոգները նախ համապատասխան գիտելիքներ են ստացել շան հետ վերաբերվելու մարտավարության և տեխնիկայի վերաբերյալ: Ուսուցման հաջորդ փուլն արդեն գործնական էր` պարապմունքներ շների հետ, այդ թվում և` նրանց խնամք, սննդակարգ", - տեղեկացրել է Կ.Հակոբյանը:
ՊԵԿ համակարգում աշխատանքի անցնող շները մասնագիտացել են հիմնականում թմրանյութ հայտնաբերելու ուղղությամբ: Հետագայում մաքայինի կինոլոգիական կենտրոնը կունենա նաև պայթուցիկ հայտնաբերող շներ: Կինոլոգիական խմբի ղեկավարի տվյալներով` Լեհաստանում շների վարժեցումն ընթացել է լավագույն տեխնիկայով զինված մարզասրահում` հարմարեցված հատուկ շների համար:

Մինչ դասընթացը յուրաքանչյուր շուն հատուկ փորձություն է անցել, ինչի միջոցով որոշվել է նրա առողջական վիճակը, մաքսայինում ծառայելու ունակությունների մակարդակը: Փորձությունից հետո աչքի ընկած ապագա մասնագետներն անուն են ստացել և գրանցման հատուկ համար: Վերապատրաստումն ընթացել է եղանակային տարբեր պայմանների համար հարմարեցված տարածքում, որը հագեցած է եղել անգամ շների լոգարանով:

Դասընթացի մի մասն ընթացել է դպրոցի տարածքից դուրս` ստեղծելով ծառայության հնարավորինս բնական իրավիճակներ:

Դասընթացի ավարտին և՛ կինոլոգներին, և՛ մասնագետ-շներին տրվել է համապատասխան որակավորման վկայական, որը համապատասխանում է NATO–ի`
Հյուսիսատլանտյան դաշինքի չափանիշներին: