30 դեկտեմբերի 2008
Չնայած անցնող տարվա դժվարություններին` պետբյուջեի մուտքերի պլանային ցուցանիշներն ապահովվել են
«2008-ը ԵՎ հասարակության, ԵՎ, առավել ԵՎս, հարկային ու մաքսային ոլորտների համար ծանր տարի էր»,-անցնող տարին այսպես է բնորոշել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը` լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ տարեվերջյան հանդիպման ժամանակ:
«2008-ը և հասարակության, և, առավել ևս, հարկային ու մաքսային ոլորտների համար ծանր տարի էր»,-անցնող տարին այսպես է բնորոշել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը` լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ տարեվերջյան հանդիպման ժամանակ:  Դրան, ըստ Գագիկ Խաչատրյանի, նպաստել է մի քանի հանգամանք` քաղաքական թեժ գարունը, միջազգային շուկայում գների տատանումը, վրաց-օսական պատերազմը և ֆինանսական ճգնաժամը: Միաժամանակ Գագիկ Խաչատրյանն ընդգծել է, որ անգամ այդ պայմաններում Պետեկամուտների կոմիտեին հաջողվել է հաղթահարել շատ դժվարություններ, ուստի, ամփոփելով տարին, կոմիտեի ղեկավարը հայտարարում է, որ պետբյուջեի մուտքերի պլանային ցուցանիշներն ապահովվել են: Ներկայացնելով 2008-ին կատարված աշխատանքները` Գ. Խաչատրյանը մասնավորապես մատնանշել է  իրագործման փուլում գտնվող բարեփոխումների ծրագիրը` այդ թվում մաքսային ընթացակարգերի պարզեցումը, փաստաթղթաշրջանառության կրճատումը, ՊԵԿ նախագահին կից խորհրդատվական խմբի ստեղծումը, օրենսդրական փաթեթների ընդունումը, բրոքերների և ինքնահայտրարագրման ինստիտուտի ընդլայնումը և այլն:

Համակարգի ձեռքբերումների մասին Կոմիտեի նախագահը խոսել է կոնկրետ թվերով` նշելով, որ 2008-ին արձանագրվել է ներմուծման ծավալների զգալի աճ, ինչը Գ. Խաչատրյանի խոսքով` ճիշտ կազմակերպված աշխատանքի արդյունք է:

Մասնավորապես` բենզինի ներմուծումն աճել է 17 տոկոսով, դիզվառելիքի ներմուծումը` 4,5 տոկոսով, բջջային հեռախոսներինը` 20 տոկոսով, ավտոմեքենաներինը` 20 տոկոսով, ձկան խավիարինը` 150 տոկոսով:

Նշելով, որ մաքսային համակարգում խրախուսվում են գործարքի գնի մեթոդով ձևակերպումները, Կոմիտեի ղեկավարն ընդգծել է, որ նախորդ տարվա համեմատ այս տարի մոտ 3 անգամ աճել է ՄՕ 87 հոդվածով կատարված գործարքների թիվը:

Մաքսանենգության դեմ պայքար. այս առումով ևս 2008-ին լուրջ ցուցանիշներ են արձանագրվել, ինչպիսիք չեն գրանցվել անգամ ԱՊՀ անդամ մյուս պետություններում: Հատկապես արձանագրվել են թմրանյութի, սև խավիարի խոշոր հայտնաբերումներ:

Հարկային ոլորտում ևս մեծածավալ բարեփոխումներ են  իրականացվել. նշանակալի աշխատանք է տարվել հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ուղղությամբ: 2008 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ առևտրի իրկանացման վայրերում տեղադրվել է 7700 ցանցային ՀԴՄ: նախորդ տասը տարիների ընթացքում Հայաստանում գործող առևտրի իրականացման բոլոր վայրերում տեղադրվել էր շուրջ 400 ՀԴՄ:

Փոխվել է նաև մոտեցումը հարկային ստուգումների մասով. ստուգումների քանակն էապես նվազեցվել է` մոտ 40 տոկոսով: Փոխարենը, սակայն, բարձրացել է գանձվող գումարների քանակը: