27 հունվարի 2011
Թանկացումները մաքսային համակարգի հետ առնչություն չունեն
Թանկացումները մաքսային համակարգի հետ որԵՎէ առնչություն չունեն. թե' գնային, թե' հարկման դաշտի, ԵՎ թե' մաքսային ձԵՎակերպման որԵՎէ ընթացակարգի փոփոխություն 2011 թվականի ընթացքում տեղի չի ունեցել
«Թանկացումները մաքսային համակարգի հետ որևէ առնչություն չունեն. թե' գնային, թե' հարկման դաշտի, և թե' մաքսային ձևակերպման որևէ ընթացակարգի փոփոխություն 2011 թվականի ընթացքում տեղի չի ունեցել»,-այս մասին հայտարարել են ՊԵԿ պաշտոնյաները` մեկ անգամ ևս շեշտելով,  որ հագուստի, կոշիկի մաքսային արժեքի որոշման դեպքում «կիլոգրամ» հասկացություն գոյություն չունի:

«2011 թվականին հարկման որևէ դաշտ չի փոխվել, օրենսդրական որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, և մաքսային արժեքի որոշման գործընթացը ընթանում է այն նույն սկզբունքներով, ինչպես որ մինչ այդ էր»,- լրագրողներին վստահեցրել է ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանը: Վերջինս նշել է, որ իրականում առևտրականների` թանկացումների հետ կապված վերջերս կազմակերպվող ցույցերին մասնակցող որևէ անձ մաքսային տեսակետից հայտարարատու չի հանդիսանում, այսինքն` իր գործունեությունը իրականացնում է միջնորդավորված ձևով` միջնորդ կազմակերպությունների միջոցով. «Ցանկացած միջնորդավորված գործունեություն ենթադրում է նաև շահույթ. եթե ներմուծողը անմիջապես ինքն է ներմուծում իր ապրանքը և ինքն էլ հայտարարագրում, ապա, բնականաբար, նրա ծախսերը պետք է ավելի քիչ լինեն, քան միջնորդ կազմակերպության միջոցով գործարք իրականացնելու դեպքում»,-ասել է Մաքսային հսկողության վարչության պետը:

Ցուցարարների հիմնական դժգոհություններից մեկն էլ այն էր, որ մաքսազերման գինը ապրանքի մեկ կիլոգրամի համար գրեթե կրկնակի թանկացել է: Գ. Սաղոյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ մաքսային արժեքի որոշման դեպքում կիլոգրամ հասկացություն գոյություն չունի: Մասնավորապես հագուստի, կոշիկի և նման այլ ապրանքների դեպքում չափման միավորը հատն է կամ զույգը:

Թանկացման խոսակցությունների վերաբերյալ իր պարզաբանումն է ներկայացրել նաև ապրանքների ներկրմամբ զբաղվող միջնորդ կազմակերպություններից մեկի` «Չորս ընկեր» ՍՊԸ տնօրեն Կառլեն Մկրտչյանը, ով գների փոփոխությունը պայմանավորել է ապահովագրության, տրանսպորտային ծախսերի, ինչպես նաև Թուրքիայից ապրանքի արտահանման ծախսերի ավելացմամբ, սակայն` «բարձրացել են ոչ բոլոր ապրանքների գները, մոտ 70 տոկոսի գինը նույնն է մնացել: Մի քիչ բարձրացել են հագուստի որոշ տեսականու և կենցաղային իրերի գները, իսկ մաքսազերծման առումով որևէ փոփոխություն չի եղել. ինչ գնով որ ես ապրանքները մաքսազերծել եմ մեկ տարի առաջ, նույն գնով մաքսազերծում եմ  նաև հիմա»,- վստահեցրել է Կ. Մկրտչյանը: 

ՊԵԿ հարկային տեսչությունների համակարգման վարչության պետի տեղակալ Խաչատուր Երոյանն էլ, ներկայացնելով  այս ընթացքում իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքները, հայտնել է. «Պարզվեց, որ անմիջական տնտեսական գործունեություն իրականացնողները, այսինքն` նրանք, ովքեր հանդիսանում են հայտարարատու, նշված ակցիային չեն մասնակցել: Դժգոհում են այն տնտեսվարող սուբյեկտները, ովքեր իրենց իրական շրջանառությունները թաքցնելու, գուցե հարկերից խուսափելու և այլ պատճառներով իրենց գործունեությունն իրականացնում են միջնորդ կազմակերպությունների միջոցով»: Ինչ վերաբերում է միջնորդ կազմակերպությունների ծառայությունների թանկացմանը, ապա, ըստ Խ.Երոյանի, դրա հետ կապված այժմ ուսումնասիրություններ են տարվում: