27 դեկտեմբերի 2008
Գ. Խաչատրյան. «Ամեն ինչ անելու ենք, որ հասարակությունը համոզվի` Պետական եկամուտների կոմիտե ընդունվում են առանց ծանոթի»
«Մեր համակարգին թարմ արյուն է պետք, ԵՎ մենք այն ներարկում ենք»,- հայտարարում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը` նկատի ունենալով իր առաջնային նպատակներից մեկը` հարկային-մաքսային ծառայությունները համալրել երիտասարդ, գրագետ կադրերով:
«Մեր համակարգին թարմ արյուն է պետք, և մենք այն ներարկում ենք»,- հայտարարում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը` նկատի ունենալով իր առաջնային նպատակներից մեկը` հարկային-մաքսային ծառայությունները համալրել երիտասարդ, գրագետ կադրերով: Դա իրագործվում է. իր խոստմանը համաձայն, Գագիկ Խաչատրյանն անձամբ է հանդիպել համակարգի մրցույթի մասնակիցների հետ:

Մրցույթի արդյունքում լավագույն  ցուցանիշներ ունեցող երիտասարդներից շատերը ՊԵԿ-ում անակնկալի եկան. «Տոներից հետո, հունվարի  8-ից, անցնում եք աշխատանքի: Համապատասխան հրամանը Կոմիտեի նախագահը ստորագրել է»: Այս տեղեկությունը վերաբերում է մրցույթին հաղթած շուրջ  50 երիտասարդների, ովքեր հիմնականում «ՀՀ մաքսային գործ» և «ՀՀ հարկային համակարգ» դասընթացների մասնակիցներ են:  (Հիշեցնենք, որ սեպտեմբերից Պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի պետական տնտեսագիտական համալասարանի հետ համատեղ նախապատրաստական դասընթաց էր կազմակերպել` համակարգը հմուտ  աշխատակիցներով  համալրելու նպատակով) «Ինչպե՞ս անցան քննությունները, ձեր դիտարկմամբ դրանք արդա՞ր էին»,- հենց այս հարցով է Կոմիտեի նախագահը սկսել հանդիպումը մրցույթի ոչ միայն հաղթած, այլ բոլոր մասնակիցների հետ: Ի պատասխան, բացասական կարծիք չհնչեց: ՊԵԿ նախագահի տեղակալները Գագիկ Խաչատրյանին ներկայացրել են բոլոր երիտասարդներին ոչ միայն անուն-ազգանուններով, այլ նաև գիտելիքների մակարդակով:  Կոմիտեի ղեկավարն, այդպիսով, ցանկացավ անձամբ մեկ առ մեկ ծանոթանալ  յուրաքանչյուրի տվյալներին, տեսնել, թե ով ինչ հնարավորություններ ունի և ինչպիսի արդյունք է ցույց տվել:

«Համակարգ ընդունվող յուրաքանչյուր երիտասարդ առաջխաղացման հնարավորություն կունենա: Ինձ են հասնում տարբեր խոսակցություններ, թե Կոմիտեն մրցույթներ է անցկացնում մարզերի, հեռավոր շրջանների և ոչ թե կենտրոնական ապարատի թափուր տեղերի համար: Հավաստիացնում եմ, որ նման միտում չկա: Սկզբնական օղակում աշխատելով են փորձ ձեռք բերում, որակյալ մասնագետ դառնում: Իսկ դուք գիտեք` Կոմիտեում, նաև ողջ հանրապետությունում, հմուտ կադրերի պակաս կա»:

Կոմիտեի ղեկավարության հիմնական պահանջը հայտնի է և համակարգ նոր ոտք դնողներին Գագիկ Խաչատրյանը հիշեցնում է ` «Ձեզանից պահանջելու ենք ազնիվ աշխատանք, այլապես մեր չարչարանքը ջուրը կընկնի, քանի որ  ձեզ վերապատրաստելու համար ամիսներ շարունակ մեծ ջանքեր ենք ներդրել: Ձեզ հետ մենք մեծ հույսեր ենք կապում, ձգտեք ձեր աշխատաոճով աչքի ընկնել, դառնալ նոր գործերի հեղինակը` բարեփոխումների ծրագիրն իրագործելիս: Կարողացեք հասնել այն բանի, որ մենք ձեզանով հպարտանանք»:

Ովքեր լավ արդյունք են ցույց տվել, բայց մրցույթի արդյունքում չեն հաղթել, նրանց ևս Կոմիտեի նախագահը լավ լուր հայտնեց. «Լավագույնները մեր տեսադաշտում են, նրանք ևս կընդունվեն աշխատանքի` պայմանագրային հիմունքներով»: