26 հուլիսի 2010
ՀՀ-ում ներդրվելու է ավելացված արժեքի հարկի` ռիսկերի վրա հիմնված ավտոմատացված հետվերադարձի համակարգ
Հանրությանը բազմիցս տեղյակ է պահվել, որ Պետեկամուտների կոմիտեում ստեղծվել է 22 աշխատանքային խումբ, որոնք մշակում են էլեկտրոնային կառավարման նոր մոդուլներ ԵՎ դրանց կիրառման հնարավորություններ:
Հանրությանը բազմիցս տեղյակ է պահվել, որ Պետեկամուտների կոմիտեում ստեղծվել է 22 աշխատանքային խումբ, որոնք մշակում են էլեկտրոնային կառավարման նոր մոդուլներ և դրանց կիրառման հնարավորություններ:  Հուլիսի 23-ից 24-ը Ծաղկաձորում տեղի ունեցած աշխատաժողովի ընթացքում ՊԵԿ-ի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության ներկայացուցիչները քննարկել են ԱԱՀ-ի հետվերադարձի ավտոմատ ռեժիմի մշակման, դրա կիրառության և ծրագրավորման խնդիրների կարգավորման հարցերը:

Այս փուլում դեռևս տեղի են ունենում ներքին քննարկումներ, հետագայում, միանշանակ, քննարկումներին կընդգրկվեն բիզնեսի ներկայացուցիչները:

Առաջիկայում Պետական եկամուտների կոմիտեն լայն հասարակության քննարկմանը կներկայացնի փաստաթղթեր, որոնցով առաջարկվում է բարելավել ավելացված արժեքի հարկի հետվերադարձի համակարգը:

Ծրագիրն իրագործվում է ամերիկայն կողմի հետ համատեղ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության ֆինանսավորմամբ: Համապատասխան Փոխ-ըմբռնման հուշագիրը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության միջև ստորագրվել է այս տարվա մայիսի 4-ին, որը նպատակ ունի բարելավել հարկային վարչարությունը, ինչպես նաև համապատասխան բիզնես գործընթացները:
Այս փուլում ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող Հարկային վարչարության բարեփոխումներն օժանդակող տեխնիկական աջակցության ծրագիրը (ՀՎԲՕՏԱ) և ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը նախաձեռնել են անցկացնել Հայաստանում ռիսկերի վրա հիմնված ԱԱՀ-ի վերադարձման ավտոմատացված համակարգին առնչվող աշխատաժողով:

Աշխատանքային խմբերի բոլոր անդամները` Հարկային ծառայության մասնագետները,  ամերիկյան կողմի օժանդակությամբ փորձում են մշակել և գործողության մեջ դնել տվյալ համակարգը, որը լինելու է էլեկտրոնային կառավարման համակարգի շարունակությունը:

Այս աշխատաժողովի ընթացքում  քննարկվել են ԱԱՀ-ի ավտոմատ վերադարձման համակարգի չափորոշիչներն ու դրանց գնահատումը, բիզնես գործընթացները և ավտոմատացված համակարգի համար առաջադրվող տեխնիկական լուծումները:

«Կոնկրետ եզրահանգումներ կան, կան կոնկրետ սահմանված ժամկետներ, և մինչև այս տարվա ավարտը մենք ամբողջական կունենանք այդ ծրագիրը, որը կլինի գործողության մեջ, և մեր հարկ վճարողները, ովքեր պարտաճանաչ և բարեխիղճ կերպով կառուցել են իրենց կենսագրությունը` ԱԱՀ-ի հետվերադարձի սխեմաներում, կարող են իրենց հայտն ավտոմատ հանձնելով, ստանալ իրենց հետվերադարձն ամբողջ ծավալով»,-տեղեկացրել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուբիկ Քոչարյանը:

Աշխատաժողովի ընթացքում Պետեկամուտների կոմիտեի և ԱՄՆ ՄԶԳ հարկային ծրագրի մասնագետները քննարկել են ԱԱՀ-ի ռիսկերի վրա հիմնված վերադարձման համակարգի մշակման և ներդրման տարբեր ասպեկտներ, հանգել համատեղ որոշումների, ինչպես նաև  լուծումներ են ապահովել առաջադրանքներից մի քանիսի համար:

Երկօրյա քննարկումները մասնագետները դրական են գնահատում, հայտարարելով, որ դրանք մոտեցրել են հիմնական նպատակին` ԱԱՀ-ի վերադարձման ռիսկերի վրա հիմնված գործուն համակարգին: Իսկ այդ դեպքում հնարավոր կլինի բացահայտել հավանական կեղծիքը, կմեծացնի ՊԵԿ-ի վստահությունը` ԱԱՀ-ի վերադարձները վճարել նվազագույն ռիսկով: Դա նաև կնպաստի հարկային մարմինների աշխատանքի թափանցիկության վերաբերյալ հարկ վճարողի ընկալմանը:

«ԱՄՆ ՄԶԳ հարկային ծարգրի և ՊԵԿ-ի միջև կազմակերպված այս ծրագիրը մեզ  ավելի մոտեցրեց այս առումով մեր հիմնական նպատակին` ՀՀ-ում ներդնել ԱԱՀ-ի ռիսկերի վրա հիմնված ավտոմատացված վերադարձի համակարգ: Այն ունենալու դեպքում միանշանակ կշահեն թե հարկ վճարողները, թե պետբյուջեն: Հարկ վճարողները մասնավորապես կշահեն այն առումով, որ իրենց մոտ կավելանա ավելի շրջանառու միջոցներ, իրենց բիզնեսն ընդլայնելու և նոր ներդրումներ իրականացնելու առումով, և պետբյուջեում այդ առումով` երկարաժամկետ կամ միջնաժամկետ առումներով կավելանան եկամուտները»,-նշել է ՀՎԲՕՏԱ ծրագրի ղեկավար Արամ Մուրադյանը:

ԱԱՀ-ի վերադարձման արդյունավետ համակարգը Հայաստանում զգալիորեն կբարելավի բիզնես միջավայրը` նվազեցնելով այն անորոշությունը, որը կապված է արտահանումների և ԱԱՀ-ի վճարման կարգապահության հետ: Միաժամանակ, ԱԱՀ-ի վերադարձի ապառքների քանակի նվազումը մասնավոր ֆինանսական կապիտալ կազատի բիզնեսի զարգացման և արտահանումների ոլորտի աճի խթանման համար: