17 հուլիսի 2010
Հարկային հանցագործությունների, մասնավորապես` առանց ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման կեղծ հաշիվ-ապրանքագրերի դուրս գրման դեպքերը շարունակում են մնալ հանրապետության նախագահի ԵՎ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ուշադրության կենտրոնում:
Հարկային հանցագործությունների, մասնավորապես` առանց ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման կեղծ հաշիվ-ապրանքագրերի դուրս գրման դեպքերը շարունակում են մնալ հանրապետության նախագահի ԵՎ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ուշադրության կենտրոնում:
Հարկային հանցագործությունների, մասնավորապես` առանց ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման կեղծ հաշիվ-ապրանքագրերի դուրս գրման դեպքերը շարունակում են մնալ հանրապետության նախագահի և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ուշադրության կենտրոնում: Մասնավորապես, այդ  հանցագործությունների նախականխման և նշված  գործերով քննության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի հանձնարարականով, քննչական վարչության կազմում ստեղծվել է քննիչների մասնագիտացված խումբ. «Այս հանցագործությունները վտանգավոր են հատկապես նրանով, որ  մի կողմից տնտեսվարողների մոտ խաթարում են փաստաթղթաշրջանառության ընթացքը, մյուս կողմից` անհավասար պայմաններ ստեղծում օրինապահ և, մեղմ ասած, ոչ օրինապահ տնտեսվարող սուբյեկտների միջև»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՊԵԿ քննչական վարչության պետ Էդուարդ Սարիկյանը:

Միայն 2010թ. առաջին կիսամյակի ընթացքում առանց ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման կեղծ հաշիվ-ապրանքագրերի դուրս գրման դեպքերի առնչությամբ ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունում քննվել և մեղադրական եզրակացությամբ դատարաններ է ուղարկվել 8 քրեական գործ: Բացի այդ, Էդուարդ Սարիկյանի խոսքով, քննչական վարչությունում կատարված նախաքննությամբ հիմնավորվել և ըստ քննչական ենթակայության` ՀՀ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության և պաշտպանության նախարարության քննչական մարմիններ է ուղարկվել 5 քրեական գործ: Այս պահի դրությամբ ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչության վարույթում այդ դեպքերի մասով քննվում է 10 քրեական բազմադրվագ գործ. յուրաքանչյուր քրեական գործի շրջանակներում քննություն է կատարվում միանգամից մի քանի ընկերությունների վերաբերյալ, որոնց ընդհանուր թիվը 100-ից ավելի է. «Նախկինում հաճախակի էին դեպքերը, երբ, պատասխանատվությունից խուսափելու նպատակով, իրական գործատերերը կազմակերության դրածո տնօրեններ էին նշանակում` շատ անգամ այդ ցանկում ընդգրկելով նաև թոշակառուների և ծերերի: Այժմ, սակայն, նման գործերը բացահայտվում են. վեր են հանվում փաստացի ղեկավարները, ովքեր գործել են դրածոների թիկունքում: Նման գործերով այժմ կալանքի տակ է 8 անձ, հետախուզման մեջ` 4 անձ: Այսպիսով` պետական եկամուտների կոմիտեի կողմից լուրջ պայքար է տարվում` իրական տերերին բացահայտելու ուղղությամբ»,- հայտնել է Հետաքննչական վարչության պետը:

Միաժամանակ ՀՀ ԿԱ ՊԵԿ  քննչական վարչությունում առանց ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման դեպքերով նախապատրաստվում է 23 նյութ: Իսկ 9 նյութ էլ ուղարկվել է ՀՀ ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության և պաշտպանության նախարարության քննչական մարմիններ:

Մի շարք գործերով էլ նախաքննությունը դեռևս ընթացքի մեջ է: Այսպես, ըստ Է. Սարիկյանի, քննչական վարչությունում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «Եսելեմ» ՍՊ ընկերության տնօրեն Արևհատ Սարգսյանը, նախնական համաձայնության գալով «Գ.Ա.Հ.Ա.Վ.Ա.» ՍՊ ընկերության տնօրեն Գագիկ Հարությունյանի հետ, 2009թ. նոյեմբերից մինչև 2010թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում, «Գ.Ա.Հ.Ա.Վ.Ա.» ՍՊ ընկերության տնօրեն Գագիկ Հարությունյանին է տրամադրել 360.162.600 դրամի ծառայություններ մատուցելու և ապրանքներ մատակարարելու վերաբերյալ կեղծ հաշիվ-ապրանքագրեր, որոնց դիմաց Գագիկ Հարությունյանը Արևհատ Սարգսյանին վճարել է ամբողջ գործարքների ընդհանուր  գումարի 2.5 տոկոսը:  Բացի այդ, «Գ.Ա.Հ.Ա.Վ.Ա.» ՍՊ ընկերության տնօրեն Գագիկ Հարությունյանը, իր հերթին նախնական համաձայնության գալով «Երևանշին ԳԱՄ» ՍՊ ընկերության տնօրեն Նորայր Խաչատրյանի հետ, 2009թ. նոյեմբերից մինչև 2010թ. հունիսն ընկած ժամանակահատվածում 120մլն դրամի ծառայություններ մատուցելու և ապրանքներ մատակարարելու կեղծ հաշիվ-ապրանքագրեր է տրամադրել Նորայր Խաչատրյանին, որի դիմաց վերջինից ստացել է տրամադրած կեղծ հաշիվ-ապրանքագրերի 6 տոկոս գումարը: 

Հետքաննչական վարչության պետը տեղեկացրել է, որ արձանագրված դեպքերի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ և 205-րդ հոդվածի 2-րդ մասերով հարուցվել է քրեական գործ: «Գ.Ա.Հ.Ա.Վ.Ա.» ՍՊ ընկերության տնօրեն Գագիկ Հարությունյանը կալանավորված է, իսկ «Երևանշին ԳԱՄ» ՍՊ ընկերության տնօրեն Նորայր Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հանրապետությունից չհեռանալու մասին ստորագրությունը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինիս կողմից նախաքննության ընթացքում մասնակիորեն հատուցվել է անապրանք և առանց ծառայությունների մատուցման գործարքների արդյունքում պետությանը պատճառված վնասը և 120մլն-ից արդեն պետբյուջե է վճարվել 28մլն դրամ գումար: Պարտավորությունն ամբողջությամբ մարելու համար կազմվել է ժամանակացույց:  Նախաքննությունը շարունակվում է:   

Պայքարն այս հանցատեսակի դեմ արդեն իսկ տվել է իր արդյունքը. էապես նվազել են նման հանցագործությունների դեպքերը, ավելին` վերջին 2 ամիսների ընթացքում նման դեպքեր ՀՀ ԿԱ ՊԵԿ և այլ օպերատիվ ծառայությունների կողմից չեն արձանագրվել, սակայն կոմիտեն այսուհետ ևս հետևողական է լինելու ինչպես այս, այնպես էլ այլ հանցատեսակների դեմ պայքարում : Արձանագրելով, որ 2010 թվականի առաջին կիսամյակում ՊԵԿ հետաքննության բաժնում այս գործերով կազմվել է 929 նյութ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 483-ի փոխարեն, Հետաքննության վարչության պետ Գևորգ Ներսիսյանը փաստել է. «ՊԵԿ ստորաբաժանումների կողմից միջոցներ են ձեռնարկվում նաև պետությանը պատճառած վնասները վերականգնելու ուղղությամբ, մասնավորապես ՊԵԿ հետաքննության և քննչական ստորաբաժանումների կողմից առաջին կիսամյակի ընթացքում արդեն վերականգնվել է հանցագործությունների հետևանքով պետությանը պատճառված վնասի շուրջ 1,5մլրդ դրամը, ինչը  կրկնակի գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը»: