16 հուլիսի 2010
Հուլիսի 19-ից հարկային ներկայացուցիչները կսկսեն նախնական աշխատանքները 24 հարկատուների մոտ
Հունիսի 24-ին ՀՀ կառավարությունը N 785–Ն որոշմամբ հաստատեց հարկային մարմնի ներկայացուցիչ նշանակելու ենթակա 24 հարկ վճարողների 2010 թվականի ցանկը:
Հունիսի 24-ին ՀՀ կառավարությունը N 785–Ն որոշմամբ հաստատեց հարկային մարմնի ներկայացուցիչ նշանակելու ենթակա 24  հարկ վճարողների 2010 թվականի ցանկը: Այդ նպատակով` հատկապես հարկային ներկայացուցիչների աշխատանքների անմիջական կազմակերպման և համակարգման համար,  ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով, համապատասխան հանձնարարականներ են տրվել հարկային տեսչությունների և կոմիտեի ստորաբաժանումների  ղեկավարներին. «Առաջնային պայմանը, որ դրել էինք մեր առջև այս գործընթացը սկսելիս այն է, որ հարկային ներկայացուցիչները չպետք է խոչընդոտեն բիզնեսի աշխատանքներին: Մեր վերջնական նպատակն է` փաստաթղթաշրջանառության ամբողջ ծավալների ֆիքսումը. ի վերջո, հարկավոր է պարզել` արդյո՞ք միայն խոշոր բիզնեսի ներկայացուցիչները փաստաթուղթ չեն տրամադրում, թե՞ երբեմն  էլ փոքր բիզնեսը չի ցանկանում այն վերցնել»,- լրագրողների հետ հանդիպմանը նշել է ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուբիկ Քոչարյանը:

24 հարկատուներին գործընթացին առավել մանրամասն իրազեկելու նպատակով, Ռ. Քոչարյանի տեղեկացմամբ,  նախատեսվում է նրանց հետ պարբերաբար աշխատանքային հանդիպումներ կազմակերպել կոմիտեում` ընթացիկ աշխատանքներում հնարավոր հարցերն ու խնդիրները պարզաբանելու և կարգավորելու նպատակով:  Առաջին նման հանդիպումը կազմակերպվել էր օրերս: Կոմիտեի ներկայացուցիչները հարկատուներին   պարզաբանել են հարկային ներկայացուցիչների հետ աշխատանքի առանձնահատկությունները` հավաստիացնելով, որ կոմիտեի դռները մշտապես բաց են լինելու նրանց համար, ավելին, կոմիտեն պատրաստակամ է պարզ և մատչելի քննարկումների ու համագործակցության միջոցով օժանդակել բոլոր 24 հարկ վճարողներին հարկային ներկայացուցիչների հետ աշխատանքի կազմակերպման գործում: Կոմիտեի կողմից առավելագույն աջակցություն է ցուցաբերվելու հարկ վճարողների մոտ հարկային ներկայացուցիչների կողմից ընթացիկ հարկային հսկողության իրականացմանն ու համակարգողի կողմից բարձրացված խնդիրների լուծմանը: Ի դեպ, հարկային ներկայացուցիչների դիտարկումների արդյունքները պարբերաբար ներկայացվելու են ՊԵԿ նախագահին:

«Տեղեկացնեմ, որ հարկային մարմնի ներկայացուցիչները ենթակա են ռոտացիայի առնվազն երեք ամիսը մեկ անգամ, իսկ վերադաս հարկային մարմնի հարկային ներկայացուցիչների աշխատանքները համակարգող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի միջնորդության և պատճառաբանված հիմնավորման դեպքում` առնվազն վեց ամիսը մեկ անգամ: Հարկային մարմնի ներկայացուցիչները նշանակվում են հարկային մարմնի ղեկավարի հրապարակած գրավոր հրամանով: Հարկ վճարողի մոտ հսկողության անցկացման ընդհանուր ժամկետը չի կարող գերազանցել 183 օրացուցային օրը` մեկ օրացուցային տարվա համար կամ 250 աշխատանքային օրը` երկու օրացուցային տարվա համար»,- հայտնել է ՊԵԿ նախագահի տեղակալը` հավելելով, որ հարկային ներկայացուցիչներն իրենց աշխատանքին կանցնեն հուլիսի 19-ից: