14 հուլիսի 2010
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն` IOTA-ի լիիրավ անդամ
Հարկային միջազգային համագործակցությունն ակտիվանում է Հայաստանյան հարկային համակարգը` ի դեմս Պետական եկամուտների կոմիտեի, դարձել է Հարկային մարմինների ներ-եվրոպական կազմակերպության /Intra-European Organisation of Tax Administrations-IOTA/ լիիրավ անդամ:
Հարկային միջազգային համագործակցությունն ակտիվանում է
 
Հայաստանյան հարկային համակարգը` ի դեմս Պետական եկամուտների կոմիտեի, դարձել է Հարկային մարմինների ներ-եվրոպական կազմակերպության /Intra-European Organisation of Tax Administrations-IOTA/ լիիրավ անդամ: Որոշումը կայացվել է կազմակերպության` հուլիսի 9-ին Բրյուսելում անցկացված 14-րդ Ընդհանուր համագումարում: Այս մասին լրագրողներին մանրամասներ է ներկայացրել ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետի տեղակալ Սուրեն Ադամյանը:

Ս.Ադամյանի տվյալներով, Հայաստանի հարկային ծառայության անդամակցության հայտը ներկայացվել է այս ամռանը և ստացել անդամների բացարձակ մեծամասնության աջակցությունը: Մինչ գաղտնի քվեարկությունը ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահը միջազգային գործընկերներին է ներկայացրել վերջին երկու տարվա ընթացքում ՊԵԿ համակարգում իրականացված լայնածավալ բարեփոխումները և առաջիկա անելիքները: Գագիկ Խաչատրյանը մասնավորապես ընդգծել է հարկային ոլորտում միջազգային համագործակցության կարևորությունը: «Հարկային վարչարարության բարեփոխումների գործում ՀՀ ՊԵԿ-ը սերտորեն համագործակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, Եվրամիության հետ: Մենք նպատակ ունենք հարկային վարչարարության ոլորտում ներդնել եվրոպական լավագույն փորձը: Դառնալով  Հարկային մարմինների ներ-եվրոպական կազմակերպության լիիրավ անդամ` մենք նպատակ ունենք ակտիվ մասնակցել հարկային վարչարարությանն առնչվող գործնական քննարկումներին, խորացնել համագործակցությունը  IOTA-ի անդամ պետությունների մեր գործընկերների հետ: Այսպիսով նաև մեր հարկային ծառայության աշխատակիցները հնարավորություն կունենան բարձրացնել որակավորումը` մասնակցելով կառույցի կողմից կազմակերպվող դասընթացներին»:

ՀՀ ՊԵԿ նախագահը նշել է, որ հարկային վարչարարության բարեփոխումները համակարգի առաջնահերթ նպատակներից են, ինչն արտացոլված է եռամյա ռազմավարական ծրագրում և նախատեսում է մի շարք խնդիրների իրականացում, մասնավորապես`  առանց լրացուցիչ հարկերի գործարկման և դրույքաչափերի բարձրացման պետության կարիքների համար անհրաժեշտ հարկային եկամուտների ապահովում` գործարար միջավայրի բարելավման և հավասար մրցակցային պայմանների ստեղծման ճանապարհով, հարկային բեռի վերաբաշխում` խոշոր բիզնեսի արժանահավատ, ամբողջական և ժամանակին հարկումն ապահովելու և միաժամանակ փոքր բիզնեսի նկատմամբ մեղմ հարկային վարչարարություն կիրառելու միջոցով, հարկային պարտավորությունների կամավոր վճարման /ինքնագնահատման/ սկզբունքի հետագա ներդրում, հարկային վարչարարության արդյունավետության բարձրացում` էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման միջոցով, հարկային հսկողությունում ռիսկերի կառավարման համակարգի ներդրում:

Ս.Ադամյանի խոսքերով, IOTA-ի համագումարում որոշվել է կազմակերպության լիիրավ անդամ ճանաչել նաև Ռուսաստանի հարկային ծառայությունը:
Տեղեկացնենք, որ IOTA-ն հարկային վարչարարության հարցերում միջազգային համագործակցության ոլորտում գործող հեղինակավոր կազմակերպություններից է, որն ընդգրկում է եվրոպական տարածաշրջանի 44 պետությունների հարկային մարմիններ, այդ թվում` Արևմտյան և Արևելյան Եվրոպայի պետությունների բացարձակ մեծամասնությունը, ԱՊՀ եվրոպական մասի բոլոր երկրները:

Հիմնադրման 14 տարվա ընթացքում IOTA-ն նպաստում է տարածաշրջանի հարկային մարմինների միջև համագործակցությանը և աջակցում դրանց զարգացմանը` յուրաքանչյուրի կարիքներին համապատասխան, բացահայտում  լավագույն հարկային փորձն ու խրախուսում դրա ներդրումն անդամակցող պետություններում, անդամներին ապահովում խորհրդատվությամբ` հարկային վարչարարության հարցերում:

ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը Բրյուսելում մի շարք գործնական հանդիպումներ է ունեցել միջազգային գործընկերների հետ: