ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը մայիսի 3-4-ը Համաշխարհային բանկի հրավերով մասնակցել է Վաշինգտոնում կայացած «Կառավարումը թվային դարաշրջանում» խորագրով համաժողովին։ Այն նվիրված էր պետական կառավարման ոլորտում տեխնոլոգիաների կիրառման խնդիրներին, մարտահրավերներին և հնարավորություններին։
Աշոտ Մուրադյանը մասնակցել է «Տեխնոլոգիաները կառավարման գործընթացում» փորձի փոխանակման քննարկումներին՝ մասնակից ավելի քան տասը երկրների ներկայացուցիչներին փոխանցելով հարկային և մաքսային վարչարարության ոլորտում Հայաստանի Հանրապետության փորձը։ ՊԵԿ նախագահի տեղակալը կարևորել է տեղեկատվական տեխնոլոգիաների դերը հարկային և մաքսային վարչարարության բնագավառում։ Ընդգծվել է, որ ժամանակակից տեխնոլոգիաները, այդ թվում՝ արհեստական բանականության և մեքենայացված ուսուցման գործիքները, որոնք ներդրվում են ՊԵԿ գործընթացներում, հնարավորություն են ընձեռում վարչարարությունն իրականացնել ավելի աննկատ և հասցեական։
Համաժողովի շրջանակում նաև քննարկումներ են եղել Համաշխարհային բանկի պաշտոնատար անձանց հետ և ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ հետագա համագործակցության ընդլայնման ուղղությամբ։