23 մարտի 2023
ՀՀ պետական եկամուտների կոմիտեում կիրառվող Ռիսկերի կառավարման համակարգը
Համաշխարհային մաքսային կազմակերպության պարբերականում հրապարակվել է հոդված

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) պարբերականի 2023 թվականի առաջին թողարկման մեջ հրապարակվել է հոդված` ՀՀ ՊԵԿ կողմից Ռիսկերի կառավարման համակարգի միջոցով կեղծարարության դեմ պայքարի փորձի վերաբերյալ։ 

Հոդվածում ներկայացվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեում Ռիսկերի կառավարման համակարգի զարգացումը և մոտեցումները, մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությունը, կիրառվող վերլուծական գործիքակազմերն ու հեռանկարները։ 

ՀՀ ՊԵԿ-ում կիրառվող Ռիսկերի կառավարման համակարգի վերաբերյալ հոդվածը հրապարակելու մասին առաջարկն ստացվել է ՀՄԿ կողմից՝ 2022 թ․ նոյեմբերի 16-17-ը Բրյուսել քաղաքում անցկացված Համաշխարհային մաքսային կազմակերպության կեղծարարության և հեղինակային իրավունքի խախտման հարցերով աշխատանքային խմբի 19-րդ հանդիպման արդյունքում։ Հանդիպման շրջանակում կազմակերպված թեմատիկ պանելային քննարկմանը ՀՀ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության ներկայացուցչի կողմից ներկայացվել է շնորհանդես՝ ՀՀ մաքսային մարմինների կողմից մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության գործընթացի, այդ թվում՝ «ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» հարթակում գործող Ռիսկերի կառավարման համակարգում տեղայնացված ռիսկի ինքնաշխատ պրոֆիլների հիման վրա իրականացվող հսկողության վերաբերյալ։ Հայաստանյան փորձը և ստացված արդյունքները մեծ հետաքրքություն են առաջացրել միջոցառման մասնակիցների շրջանում։

ՀՀ պետական եկամուտների կոմիտեում կիրառվող Ռիսկերի կառավարման համակարգը գործում է ռիսկի ինքնաշխատ պրոֆիլների հիման վրա՝ հնարավորություն տալով իրականացնելու արդյունավետ թիրախավորում և ապահովելով ճկուն հետադարձ կապ, վերլուծական ու հսկողական գործիքներ։ Մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված ռիսկի պրոֆիլները գործում են իմաստաբանական (semantic) կապերի կիրառմամբ՝ ապահովելով ճշգրիտ թիրախավորման հնարավորություն։ Գործիքակազմերը շարունակաբար վերանայվում են, ներդրվում են նոր լուծումներ՝ համակարգի կիրառման ընթացքում ի հայտ եկող մարտահրավերներին արձագանքելու նպատակով։ Ռիսկերի կառավարման համակարգի զարգացման տեսլականը ներառում է համակարգում արհեստական բանականության և մեքենայական ուսուցման գործիքների ներդրում ու կիրառում։ 

Հոդվածն ամբողջությամբ՝ ՀՄԿ պարբերականում, որը հասանելի է Համաշխարհային մաքսային կազմակերպության պաշտոնական կայքում՝ անգլերեն և ֆրանսերեն լեզուներով։