ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը մասնակցել է Համաշխարհային բանկի ներքին ռեսուրսների մոբիլիզացման համաշխարհային լուծումների խմբի կողմից կազմակերպված հարկերի և տեխնոլոգիաների շուրջ առցանց աշխատաժողովի։ Միջոցառումն իրականացվում է արդեն երկրորդ տարին, որին մասնակցում են հարկային ծառայությունների և միջազգային կազմակերպությունների լավագույն մասնագետները:
«Հարկային կեղծիքի բացահայտում արհեստական բանականության և մեքենայական ուսուցման կիրառմամբ» թեմայով շնորհանդեսի շրջանակում ՊԵԿ նախագահի տեղակալը ներկայացրել է Պետական եկամուտների կոմիտե մուտքագրվող տվյալների հավաքագրման աղբյուրները, մասնավորապես՝ հաշվետվություններ B2G, ինվոյսային համակարգ B2B, հաշվիչ դրամարկղային մեքենայից տվյալներ B2C և այլ աղբյուրներ։ Աշոտ Մուրադյանն ընդգծել է, որ հետևելով համաշխարհային նորարական միտումներին, ՊԵԿ-ն իրականացնում է տարբեր նախագծեր, որի շրջանակում վերլուծական աշխատանքներից բացի, կիրառվում են մեքենայական ուսուցման գործիքակազմ և արհեստական բանականություն: Այն թույլ է տալիս խնայել ժամանակ, ֆիզիկական ու մտավոր ներուժ, ինչպես նաև աշխատել և վայրկայնների ընթացում մշակել մեծածավալ տվյալներ։
Շնորհանդեսի ընթացքում ներկայացվել են նաև կոմիտեի մեծածավալ տվյալների հիման վրա ՊԵԿ-ի և Հայաստանի Ամերիկյան համալսարանի կողմից համատեղ իրագործվող նախագծերը։ Իրականցված նախագծերից մեկի արդյունքում՝ հարկային ստուգումների շրջանակում փորձագիտական գնահատականները թույլ են տվել մշակել հարկերից խուսափելու հայտնաբերման մոդել։ Վերջինիս կիրառումը թույլ է տալիս նվազեցնել ռիսկերը և իրականացնել թիրախային ստուգումներ։ Առաջիկայում կիրականացվեն նաև այլ համատեղ նախագծեր, այդ թվում՝ ապրանքների հետագծելիության մասով։