04 հուլիսի 2013
Օպերատիվ հետախուզական գործունեության կազմակերպման ԵՎ հարկային հանցավորության դեմ պայքարի ժամանակակից եղանակները
ԵրԵՎանում անցկացվել է հերթական միջազգային դասընթացը
Երևանում անցկացվել է հերթական միջազգային դասընթացը 

2013թ. հուլիսի 1-4-ը Երևանում անցկացվել է «Օպերատիվ հետախուզական գործունեության կազմակերպման և հարկային հանցավորության դեմ պայքարի ժամանակակից եղանակներ» թեմայով դասընթաց` ուղղված ՊԵԿ օպերատիվ-հետախուզության վարչության աշխատակիցների վերապատրաստման և որակավորման բարձրացմանը: Դասընթացը կազմակերպվել է ՊԵԿ-ի և Ուկրաինայի եկամուտների և վճարների նախարարության համագործակցության շրջանակներում: «Ակնկալում ենք, որ այս ուսումնական գործընթացները կդառնան որպես միջազգային լավագույն փորձի փոխանակման լավագույն հարթակ` նպաստելով հարկային հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը»,-ընդգծել է ՊԵԿ նախագահի տեղակալ, ՕՀՎ պետ Ռոբերտ Գալոյանը:

Քառօրյա դասընթացի ընթացքում հիմնականում ներկայացվել են ապօրինի ձեռներեցության փաստերի օպերատիվ փաստաթղթավորման կազմակերպման, ինչպես նաև ալկոհոլային խմիչքների անօրինական շրջանառության, ԱԱՀ ապօրինի հատուցման և արտաքին տնտեսական գործունեության ոլորտում հարկային իրավախախտումների հակազդմանն ուղղված օպերատիվ հետախուզական գործունեության մեթոդների գործնական կիրառման հիմնական ուղղությունները: Դասախոսությամբ հանդես են եկել  Ուկրաինայի եկամուտների և վճարների նախարարության Գլխավոր օպերատիվ վարչության առաջավոր մասնագետները և Ազգային համալսարանի դասախոսները:

Նշենք, որ ԱՊՀ երկրների Հարկային հետաքննության մարմինների խորհրդի նախաձեռնությամբ, որի անդամ է նաև ՊԵԿ Օպերատիվ հետախուզության վարչությունը, պարբերաբար ուսումնական դասընթացներ են կազմակերպվում հարկային աշխատակիցների, հարկային ոստիկանության, օպերատիվ հետախուզության վարչության, ֆինանսական ոստիկանության աշխատակիցների մասնագիտական գիտելիքների բարձրացման նպատակով: Ըստ ՕՀՎ 2-րդ բաժնի պետ Գարիկ Դարբինյանի, այդ որոշման շրջանակներում 2010-ին ևս Հայաստանում անցկացվել էր այդպիսի դասընթաց` Ռուսաստանի Դաշնության գործընկերների մասնակցությամբ:  «Կարծում եմ այս դասընթացներն օգտակար են ոչ միայն միջազգային փորձի ուսումնասիրման, փոխանակման, այլև մեր աշխատակիցների մասնագիտական կարողությունների բարձրացման առումով: Նախատեսվում է հետագայում ևս այդպիսի դասընթացներ կազմակերպել նաև ԱՊՀ անդամ մյուս երկրների գործընկերենրի հետ»: