24 դեկտեմբերի 2020
Հանրային իրազեկում
Լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետությունում լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտը ձևավորվել է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո` 2015 թվականից։ Այս պահին կիրառվող Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգիրքը լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտը սահմանում է որպես իրավաբանական անձ, որը ներառված է ԼՏՕ ռեեստրում՝ օրենսգրքով սահմանված կարգով և պայմաններով: 

2018թ. հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգիրքն (http://www.irtek.am/views/act.aspx?aid=150491) ուժի մեջ մտնելու կապակցությամբ` ԼՏՕ ինստիտուտը էական փոփոխություններ է կրել (Գլուխ 61): Մասնավորապես՝ ընդլայնվել են ԼՏՕ կարգավիճակ ստացող անձանց, ԼՏՕ տրամադրվող հատուկ պարզեցումների ցանկերը: ԼՏՕ ռեեստրում ընդգրկվելու հայտ ներկայացնելիս հավակնող անձը կարող է ընտրել ռեեստրում ընդգրկվելու համար անհրաժեշտ երեք տեսակի վկայականներից մեկը, որոնք տարբերվում են տրամադրվող հատուկ պարզեցումների ծավալից եւ անհրաժեշտ պայմաններից (նախկինում եղել է միայն մեկ տեսակ): Օրինակ, հատուկ պարզեցումները, որոնք տրամադրվում են ԼՏՕ-ին՝ առաջին տիպի վկայականի տրամադրմամբ, ավելի հարմար են միջազգային առևտրով զբաղվող անձանց համար։ Երկրորդ տիպի վկայական ունեցող ԼՏՕ-ին տրամադրվող հատուկ պարզեցումներն ավելի հարմար են արտադրական գործունեությամբ զբաղվող անձանց համար: Երրորդ տիպի վկայականը՝ լիազորված տնտեսական օպերատորին իրավունք է տալիս օգտվել առաջին և երկրորդ տիպի ԼՏՕ-ների համար սահմանված հատուկ պարզեցումներից միաժամանակ:

ԼՏՕ կարգավիճակի համար դիմելու պայմանները սահմանված են ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 433-րդ հոդվածով: Իսկ լիազորված տնտեսական օպերատորի վկայականի տեսակները սահմանված են ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 437-րդ հոդվածով: 

ԼՏՕ-ի վերաբերյալ իրազեկման թերթիկն՝ այստեղ: