18 փետրվարի 2020
Հայ-ֆրանսիական համագործակցություն` «Աջակցություն ՀՀ հարկային վարչարարությանը» ծրագրի շրջանակում
Փորձագետներն ուսումնասիրելու են հարկային հսկողության միջազգային մեթոդները ԵՎ մշակելու են ռիսկերի վերլուծության նոր չափանիշներ

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հանդիպել է Ֆրանիական զարգացման գործակալության Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավար Գայել Ասսայագի հետ: Քննարկվել է «Աջակցություն ՀՀ հարկային վարչարարությանը» ծրագրի իրագործման ընթացքը, այդ թվում` շահումով խաղերի ոլորտի կարգավորմանն ուղղված աջակցությունը։

Ֆրանսիական զարգացման գործակալության (AFD) կողմից ֆինանսավորվող և «Էքսպերտիզ Ֆրանս» (Expertise France) կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն ՀՀ հարկային վարչարարությանը» ծրագրի շրջանակում ֆրանսիացի փորձագետները հնգօրյա աշխատանքային հանդիպումներ են ունեցել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գործընկերների հետ: Հայ և ֆրանսիացի փորձագետներից ձևավորվել են աշխատանքային խմբեր, որոնք վերլուծելու են հարկային վերահսկողության միջազգային մեթոդները, դասակարգելու են ռիսկերն ըստ տնտեսական հիմնական դերակատարների կամ ռիսկային գործողությունների: Մշակվելու են ռիսկերի վերլուծության նոր չափանիշներ, ինչը թույլ կտա ՊԵԿ աշխատակիցներին ունենալ հարցումների, վիճակագրական հաշվարկների և տվյալների ուսումնասիրության նոր գործիքներ։ Ֆրանսիացի փորձագետների առաջարկով նաև վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվելու ՊԵԿ հետաքննիչների և ստուգող տեսուչների համար։