30 դեկտեմբերի 2019
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ԴԱՎԻԹ ԱՆԱՆՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁԸ
«Համակարգի բարելավման գործում մեր հավակնությունները մեծ են ԵՎ մեծ վճռականությամբ ենք մուտք գործում նոր՝ 2020 թվական»:

Հարգելի՛ գործընկերներ, շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

Անցնող տարին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համար լուրջ մարտահրավերների ու ձեռբերումների տարի էր: Չկա այնպիսի ծրագիր, որը նախատեսել էինք ու դրա վերաբերյալ որևէ աշխատանք չի կատարվել:

2019 թվականին մեզ հաջողվել է նոր նշաձող սահմանել պետական եկամուտների ծրագրային ցուցանիշների կատարման ու գերակատարման, ինչպես նաև ստվերի կրճատման գործում: Միասնական ջանքերով արմատավորել ենք կոռուպցիոն ռիսկերից հնարավորինս զերծ, կայուն, քաղաքակիրթ ու հարմարավետ պետություն-գործարար փոխհարաբերություններ:

Անցնող տարվա մեր կարևոր ձեռքբերումներից է ՊԵԿ հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների սպասարկման կենտրոնի կառուցման մեկնարկը Գյումրիում, որտեղ ներկա պահին կենտրոնացված է Հայաստանի հյուսիսային սահմաններից ներկրվող ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների գործառույթը։ 2020 թվականից սկսած, աստիճանաբար, ՊԵԿ հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների սպասարկման կենտրոնում ինչպես մեր քաղաքացիները, այնպես էլ գործարարները հնարավորություն կունենան մեկ վայրում ստանալ ոչ միայն ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների, այլև արտաքին տնտեսական գործունեության հետ կապված բոլոր ծառայությունները: Տարածաշրջանային հավասարաչափ զարգացման ծրագրի իրագործմանն առնչվող այս աննախադեպ քայլը ՊԵԿ-ը կարողացավ իրականություն դարձնել նույնքան աննախադեպ տեմպերով և ծառայությունների որակյալ մատուցմամբ:

Պետական եկամուտների կոմիտեի համար 2019 թվականի կարևոր իրադարձություններից է նաև  ՀՀ կառավարության կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեի զարգացման ու վարչարարության ռազմավարության ընդունումը, որով   հաստատվել են կոմիտեի գործունեության  առաջիկա հինգ տարիների առաջնահերթությունները։ 2020 թվական ՊԵԿ-ը մուտք է գործում հարկային և մաքսային համակարգերի կատարելագործման և վարչարարության կազմակերպման մշակված ուղենիշերով, ստվերի դեմ անողոք պայքարի վճռականությամբ, ենթակառուցվածքների արդիականացման, հանրության հետ երկխոսության մակարդակի բարելավման և հաշվետվողականության ու թափանցիկության ապահովման տեսլականով:

Անցնող տարում նվաճել  ենք միջազգային կառույցների հետ համագործակցության նոր մակարդակներ,  ստորագրել ենք պետության համար կարևոր փաստաթղթեր, ակտիվ աշխատանքներ ենք ծավալել  Համաշխարհային մաքսային կազմակերպության և ԵԱՏՄ անդամ պետությունների հետ փոխգործակցության խորացման ուղղությամբ:

Համակարգի բարելավման գործում մեր հավակնությունները մեծ են և մեծ վճռականությամբ ենք մուտք գործում նոր՝ 2020 թվական: Ընթացիկ տարում ունեցած ձեռքբերումները բոլորիս համատեղ աշխատանքի արդյունքն է: Դեռ շատ անելիք  ունենք, որպեսզի էլ ավելի նպաստենք երկրի տնտեսական ուղեգծի զարգացմանը, ստեղծենք նոր հնարավորություններ, գործունեության լայն դաշտ պետություն-գործարար փոխհարաբերություններում: Մենք քաջ գիտակցում ենք, որ հարկային ու մաքսային ծառայողի աշխատանքը պետք է նպաստի մեր երկրի տնտեսական անվտանգությանը: Այս առաքելությունն իրակացնելիս մենք հաստատակամ ենք ու վճռական:

Ցանկանում եմ, որ յուրաքանչյուրս մուտք գործենք 2020 թվական երջանիկ և վստահ, ապագայի հանդեպ ապահովություն ու խաղաղության զգացումով: Նոր տարին ընտանեկան տոն է, իսկ պետության հիմքը՝ ընտանիքն է: Թող անսպառ սիրո, ջերմության և հանդուրժողականության մթնոլորտ տիրի բոլորիս օջախներում: