29 օգոստոսի 2018
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների հարկային մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 25-րդ նստաշրջանին
Ներկայացվել է «Տվյալների մեծ բազաների վերլուծությունը որպես հարկային վարչարարության արդյունավետ գործիք» խորագրով շնորհանդես

2018թ. օգոստոսի 24-ին Դուշանբեում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների հարկային մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի (ՀԾՂՀԽ) 25-րդ նստաշրջանը, որին մասնակցել է ՀՀ ՊԵԿ պատվիրակությունը` կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանի գլխավորությամբ: Նստաշրջանի ընթացքում ընդունվել են մի շարք որոշումներ, մասնավորապես 2017-2018թթ. ՀԾՂՀԽ աշխատանքային ծրագրի կատարման արդյունքների, «Մինչ 2020թ. ընկած ժամանակահատվածում ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության երրորդ փուլի (2016-2020թթ.) իրագործմանն ուղղված միջոցառումների ծրագրի» կատարման ընթացքի, ԱՊՀ անդամ պետությունների հարկերի և հարկման ոլորտում կադրերի պատրաստման և վերապատրաստման բազային կազմակերպությունների հաշվետվության մասին: Նիստում որոշում է ընդունվել նաև ՀԾՂՀԽ միջազգային համագործակցության և հարկ վճարողների հետ աշխատանքների գծով աշխատանքային խմբի կանոնակարգը հաստատելու, «ԱՊՀ անդամ պետությունների հարկային մարմինների միջև էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման մասին» արձանագրության կնքման վերաբերյալ: Անդրադարձ է եղել նաև թվայնացված տնտեսության դարաշրջանում հարկային վարչարարությանը:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Աշոտ Մուրադյանը ներկայացրել է «Տվյալների մեծ բազաների վերլուծությունը որպես հարկային վարչարարության արդյունավետ գործիք» խորագրով շնորհանդես: 

Նստաշրջանի ընթացքում ՀԾՂՀԽ նախագահությունը ստանձնել է ՌԴ-ը, խորհրդի նոր նախագահ է ընտրվել ՌԴ դաշնային ծառայության ղեկավար Մ.Միշուստինը: