25 սեպտեմբերի 2012
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ հարկային հետաքննության մարմինների խորհրդի 14-րդ նիստին
2012թ. սեպտեմբերի 20-ին Օդեսայում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների Հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի (КСОНР СНГ) հերթական` XIV նիստը
2012թ. սեպտեմբերի 20-ին Օդեսայում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների Հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի (КСОНР СНГ) հերթական` XIV նիստը, որին մասնակցել է ՀՀ ԿԱ ՊԵԿ պատվիրակությունը` նախագահի տեղակալ, oպերատիվ հետախուզության վարչության պետ Ռոբերտ Գալոյանի գլխավորությամբ: ԱՊՀ անդամ պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննության  մարմինների ղեկավարների համակարգող խորհուրդը (КСОНР СНГ) ԱՊՀ ոլորտային համագործակցության մարմին է, որը  հիմնադրվել է 1999թ. հոկտեմբերի 20-ին ԱՊՀ պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննության  մարմինների ղեկավարների որոշմամբ՝ նպատակ ունենալով փոխգործակցել և համակարգել մասնակիցների գործողությունները հարկային (ֆինանսական) օրենսդրության խախտումների դեմ պայքարում: Խորհրդում ընդգրկված են Հայաստանի, Բելոռուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուկրաինայի և Ադրբեջանի իրավասու մարմինների ղեկավարները:

Նիստի ընթացքում ԱՊՀ անդամ պետությունների Հարկային (ֆինանսական) հետաքննության  մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի նոր ղեկավար է ընտրվել Ուկրաինայի հարկային պետական ծառայության նախագահի առաջին տեղակալ-հարկային ոստիկանության պետ Ա.Գոլովաչը:

Նիստի շրջանակներում մասնակիցները քննարկել են հարկային հետաքննության մարմինների համագործակցության, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (փողերի լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում ԱՊՀ իրավասու մարմինների համագործակցության կատարելագործման, տնտեսվարող սուբյեկտների մոտ ժամկետանց արտաքին դեբիտորական պարտքի ձևավորմանը նպաստող հանցավոր սխեմաների դեմ պայքարի և հետաքննության մարմինների կադրերի պատրաստմանն ու վերապատրաստմանն առնչվող  հարցեր:

Նիստի շրջանակներում անց է կացվել նաև «Հարկային (ֆինանսական) հանցագործությունների դեմ պայքարում Արևելյան և Արևմտյան Եվրոպայի համատեղ ջանքերը» խորագրով միջազգային կոնֆերանս, որին մասնակցել են ԱՊՀ և Մերձբալթյան պետությունների, Վրաստանի, Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների և Իտալիայի հարկային (ֆինանսական) հետաքննության  մարմինների ղեկավարները, ինչպես նաև ԵվրոՊոլի և Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության ներկայացուցիչներ: