17 օգոստոսի 2012
Հայաստանը ԵՎ Սեյշելյան կղզիները նախաստորագրել են կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիր
Միջազգային համագործակցության ընդլայնում
Միջազգային համագործակցության ընդլայնում

Հայասատանի և Սեյշելյան կղզիների Հանրապետության միջև կրկնակի հարկումը բացառելու մասին միջպետական պայմանագիր կնքելու նպատակով, օգոստոսի 13-17-ը Երևանում էր գտնվում Սեյշելյան կղզիների Հանրապետության Ֆինանսների, առևտրի և ներդրումների նախարարության պատվիրակությունը: Պայմանագրի շուրջ տեղի ունեցած բանակցություններին հայկական կողմից հանդես են եկել պետական եկամուտների կոմիտեի և ֆինանսների նախարարության ներկայացուցիչները:

Բանակցությունների արդյունքում նախաստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Սեյշելյան կղզիների Հանրապետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը, որն ուժի մեջ կմտնի երկու պետությունների համապատասխան ներպետական ընթացակարգերն անցնելուց հետո:

Համաձայնագրի նպատակն է երկու պետությունների միջև արտաքին առևտրում բացառել կրկնակի հարկումը, թույլ չտալ հարկային խտրականություն կողմերի տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, ինչպես նաև հաստատել համագործակցություն երկու պետությունների հարկային մարմինների միջեւ, այդ թվում՝ հարկային հարցերով տեղեկատվության փոխանակությունը:

Սեյշելյան Կղզիների հետ կրկնակի հարկման համաձայնագրի կնքումը հնարավորություն կտա աջակցել երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությանը, կապիտալի և տեխնոլոգիաների շարժին, նպաստել տնտեսական կապերի զարգացմանը:

Հատկանշական է, որ Հայաստանն ԱՊՀ տարածաշրջանի առաջին պետությունն է, որի հետ Սեյշելյան կղզիները նախաձեռնում են նման համաձայնագրի կնքում: