10 փետրվարի 2016
Հայաստանի ԵՎ Իրանի միջԵՎ կստորագրվի փոխըմբռնման հուշագիր` Մեղրի-Նորդուզ սահմանային դարպասների համատեղ օգտագործման մասին
Քննարկվել են էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման հարցեր
Քննարկվել են էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման հարցեր
 
2016 թվականի փետրվարի 4-5-ը «Մեղրի-Նուրդուզ» մաքսակետում կայացել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև սահմանային դարպասների համատեղ օգտագործման մասին փոխըմբռնման հուշագրի շուրջ բանակցություններ` ՀՀ ֆինանսների նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Մելկիկյանի և ԻԻՀ մաքսային վարչարարության արտաքին կապերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ահադ Պարահամի գլխավորությամբ: Կողմերը համաձայնության են եկել Փոխըմբռնման հուշագրի հիմնական ուղղությունների շուրջ: Ըստ ՖՆ միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Մելկիկյանի, որոշում է կայացվել Փոխըմբռնման հուշագիրը մեկ անգամ ևս ներկայացնել կողմերի ներպետական համաձայնեցմանն, այնուհետև նախապատրաստել ստորագրման: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Փոխըմբռնման հուշագրից բխող էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման հարցեր, մասնավորապես նախատեսվող տեղեկատվության բնույթը, տրամադրման կարգը, ձևը և այլն: «Մեղրի-Նուրդուզ» մաքսակետի, ինչպես նաև մեր երկրի մյուս մաքսակետերի արդիականացման նպատակով 2015 թվականին Հայաստանի և Չինաստանի ներմուծման-արտահանման բանկի միջև ստորագրված մոտ 25.3 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ «Հայաստանի մաքսային զննման տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացման ծրագիր» կառավարության արտոնյալ պայմաններով վարկային համաձայնագրի շրջանակում մաքսային զննման շարժական ռենտգեն և այլ սարքավորումներ են տրամադրվել մեր երկրի մաքսային ծառայությանը: Արմեն Մելկիկյանի խոսքով` նոր սարքավորումների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն շարժական է, ինչը հնարավորություն է տալիս տարբեր ժամանակահատվածներում և ըստ անհրաժեշտության համակարգը շահագործել մաքսային հսկողության տարբեր գոտիներում, այդ թվում` մաքսակետերում, մաքսային պահեստներում և ընդհանրապես, ցանկացած վայրում: Սարքավորումները հնարավորություն են տալիս արագ ու ճշգրիտ ստուգել, կանխել և հայտնաբերել պայթուցիկ նյութերի, զենքի, դեղերի և մաքսանենգ այլ ապրանքների տեղափոխումը: Ընդհանուր առմամբ, նոր սարքավորումներն առանձնանում են բարձր թափանցելիությամբ, հուսալիությամբ, գերազանց ճկունությամբ, ռադիոակտիվ անվտանգությամբ, բարձրորակ սկանավորված պատկերներով, տվյալների անվտանգությամբ: