29 սեպտեմբերի 2015
Ընդլայնվում է հայ-իրանական համագործակցությունը
Սեպտեմբերի 24-28-ը աշխատանքային այցով Թեհրանում է գտնվել ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը
Սեպտեմբերի 24-28-ը աշխատանքային այցով Թեհրանում է գտնվել ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը` նախարարի տեղակալ Արմեն Գևորգյանի գլխավորությամբ:

Իրանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ, մաքսային ծառայության նախագահ Մասուդ Քարբասյանի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել են ԻԻՀ և ՀՀ մաքսային ծառայությունների միջև համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ սահմանը հատող տրանսպորտային միջոցների վերաբերյալ նախնական տեղեկատվության փոխանակման ուղղությամբ: Առաջիկայում համապատասխան համաձայնագիրը կլրամշակվի և կնախապատրաստվի ստորագրման: Կողմերը նշել են զբոսաշրջության զարգացման նպատակով Իրան-Հայաստան սահամանային անցակետում երկու երկրների քաղաքացիների` սեփական փոխադրամիջոցներով սահմանահատման ընթացակարգերն առավել պարզեցնելու անհրաժեշտությունը:

ԻԻՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ, ԻԻՀ օտարերկրյա ներդրումային, տնտեսական և տեխնիկական աջակցման կազմակերպության ղեկավար Մոհամմադ Խազայիի հետ հանդիպմանը քննարկվել են Իրան-Հայաստան փոխգործակցության նոր հնարավորությունները` ուղղված փոխադարձ ներդրումների խթանմանը:

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությանն ընդունել է ԻԻՀ Էներգետիկայի նախարարի գլխավոր խորհրդական,  ջրային և էներգետիկ արդյունաբերության, արտահանման զարգացման և միջազգային հարաբերությունների աջակցման կենտրոնի ղեկավար Հոմայոուն Հայերին:

ՀՀ ՖՆ պատվիրակությունն այցելել է նաև Թեհրանի Արևմտյան մաքսատուն և Սպահան քաղաքի մաքսակետ: