22 ապրիլի 2021
2020թ. մարտի համեմատ եկամուտ ապահոված աշխատատեղերի քանակն ավելացել է շուրջ 2500-ով
Հարկային վարչարարության ոլորտում արձանագրվում են դրական միտումներ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր տեղի ունեցած կառավարության հերթական նիստին ներկայացրել է 2021 թվականի մարտ ամսվա աշխատատեղերի վերաբերյալ տեղեկությունները, որի համաձայն 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ հարկման բազա ունեցող, այսինքն՝ 0-ից բարձր վարձատրվող աշխատատեղերն ավելացել են 2500-ով` կազմելով ավելի քան 622 000:

«Հաշվի առնելով նախորդ տարի մարտ ամսից համավարակի առկայությունն ու դրա վերլուծությունը՝ համեմատական վերլուծություն է իրականացվել նաև 2019-ի համեմատ: 2019-ի մարտի համեմատ աշխատատեղերի քանակն ավելի է 38 հազարով: Հարկման բազան կազմել է ավելի քան 131 միլիարդ, և այդ ցուցանիշը 2020-ի համեմատ ավելի է 7.5 միլիարդով, իսկ 2019-ի համեմատ՝ 24 միլիարդով: Միջին հարկման բազան կազմել է 211 հազար 500 դրամ, որը 2020-ի նկատմամբ ավելի է 12 հազարով, իսկ 2019-ի նկատմամբ՝ շուրջ 28 հազարով»,- նշել է ՊԵԿ նախագահը` հավելելով, որ նոր բացված աշխատատեղերի թվում ինչպես ստվերից դուրս եկած, այդպես էլ նոր բացված աշխատատեղերն են:

Էդվարդ Հովհաննիսյանը կառավարության նիստին անդրադարձել է նաև հարկային վարչարության արդյունավետության բարձրացմանը, նշելով, որ ճգնաժամային և հետճգնաժամային ժամանակահատվածում հարկային վարչարարությունը գրանցել է արդյունավետություն: Այդ  մասին են վկայում վարչարարության արդյունավետությունը բնութագրող երկու չափանիշները` հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը և հարկերի սահունության գործակիցը: Այսպես` հարկեր/ՀՆԱ տարեկան հարաբերակցությունը կազմել է նախորդ տարվանից 0.11%-ով ավելի, իսկ սահունության գործակիցը` 0.92:

Այս համատեքստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ գործարարների հետ շփումների արդյունքում հարկային վարչարարության ոլորտում արձանագրվում են դրական միտումներ, և գործարարները լիարժեք օրինական են գնահատում այդ գործընթացը: Վարչապետի խոսքով` կառավարությունը գնում է դեպի այն ռազմավարական կետի իրագործմանը, որի համաձայն հարկային մարմինը պետք է ոչ թե պատժիչ կամ ուժային մարմին լինի, այլ գործընկերային` հարկ վճարողների հետ: