02 փետրվարի 2021
ՊԵԿ-ը նախատեսում է մատուցվող ծառայությունները հասանելի դարձնել նաԵՎ բջջային հավելվածներով
ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի ասուլիսը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը փետրվարի 2-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում ներկայացրել է 2020 թվականի ընթացքում ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների կատարելագործման և միջազգային համագործակցության ուղղությամբ իրականացված աշխատանքները: Մասնավորապես` կորոնավիրուսի համավարակի պայմաններում 2020թ. ընթացքում ՊԵԿ-ը թվային նոր լուծումներ է մշակել` հարկ վճարողների հետ փոխհարաբերություններում թղթային գործարքներն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակ տեղափոխելու համար: Հարկային և մաքսային էլեկտրոնային կառավարման համակարգերում ներդրվել է էլեկտրոնային վճարումների համակարգ: «Հարկ վճարողները և արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողները հնարավորություն ստացան իրենց անձնական էջից բանկային քարտի միջոցով վճարել հարկերը` առանց բանկ այցելելու, թղթադրամի ձեռք տալու, ինչը կարևոր է վարակի տարածումը կանխելու առումով»,-նշել է Աշոտ Մուրադյանը: Նա հայտնել է, որ կարճ ժամանակում ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունը ծրագրային փոփոխություններ է կատարել էլեկտրոնային կառավարման համակարգում` համավարակով պայմանավորված հօգուտ հարկ վճարողների կատարված օրենսդրական փոփոխություններին համահունչ: 

Ըստ ՊԵԿ նախագահի տեղակալի` կոմիտեն որդեգրել է իր բոլոր գործընթացները առավելագույնս թվայնացնելու և մատուցվող ծառայությունների արդյունավետությունը բարձրացնելու քաղաքականություն, որի շրջանակում նախատեսվում է հարկ վճարողներին մատուցվող ծառայությունները հասանելի դարձնել նաև բջջային հավելվածների միջոցով: 

Աշոտ Մուրադյանի փոխանցմամբ համավարակի պայմաններում պարետատան և տարբեր գերատեսչությունների հետ տեղեկատվության ակտիվ փոխանակում է իրականացվել, որի ժամանակ օգտագործվել են ՊԵԿ-ում ներդրված մեծ տվյալների վերլուծության, մեքենայացված ուսուցման և արհեստական բանականության հնարավորությունները: Բացի այդ, ՊԵԿ-ը ծրագրավորել է ՀՀ կառավարության սահմանած աջակցության ծրագրերից օգտվելու համար անհրաժեշտ դիմումների էլեկտրոնային ձևերը:

Պետական եկամուտների կոմիտեն ակտիվ աշխատանքներ է իրականացրել խաղային ոլորտի կարգավորման և վերահսկողության արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Միջազգային փորձի հիման վրա մշակված ստանդարտների համաձայն կստեղծվի մոնիթորինգային կենտրոն, ինչն, ըստ Աշոտ Մուրադյանի, թվային վերահսկողության լավագույն գործիքներից կլինի:  

ՊԵԿ նախագահի տեղակալի վստահեցմամբ` 2020 թվականին միջազգային համագործակցությունն ակտիվացել է մի շարք ուղղություններով: Նախատեսվում է ներդնել ԵԱՏՄ  մաքսային տարածք ներմուծվող ապրանքների հետագծելիության համակարգ, որը ստվերի դեմ պայքարի գործիքներից է լինելու: Աշխուժացել է գործակցությունը նաև  միջազգային կառույցների հետ: 2020 թվականից գործում են տրանսֆերային գնագոյացման կարգավորումները:   Աշոտ Մուրադյանը տեղեկացրել է, որ արդեն սկսվել է տրանսֆերային գնագոյացման առաջին ստուգման փորձնական ծրագիրը, ինչը միտված է հարկ վճարողների կամավոր կարգապահության բարձրացմանը: 

Մանրամասները՝ տեսանյութում: