Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի նախագահությամբ կայացել է հարկային և մաքսային կարգապահության խնդիրների լուծման ու ռիսկերի կառավարման աշխատանքները համակարգող խորհրդի հերթական նիստը: Մասնակցել են կոմիտեի նախագահի տեղակալները և խորհրդի կազմում ընդգրկված ՊԵԿ ստորաբաժանումների ղեկավարները:
Նիստում ամփոփվել է «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված՝ հարկային և մաքսային կարգապահության ապահովմանն ուղղված միջոցառումների ծրագրի» կատարման ընթացքը:
Էդվարդ Հովհաննիսյանը նշել է, որ համաձայն ծրագրի, կոմիտեն ստեղծված իրավիճակում հարկային և մաքսային կարգապահության պահպանմանն ուղղված վարչարարական միջոցառումներն իրականացնում է 3 հիմնական ուղղություններով՝ հարկ վճարողներին մատուցվող սպասարկման ծառայությունների ընդլայնում և օժանդակության տրամադրում, հարկային և մաքսային հսկողության կենտրոնացում առավել ռիսկային ոլորտներում և հարկ վճարողների հետ հաղորդակցության և համագործակցության ակտիվացում: ՊԵԿ նախագահը հանձնարարել է շարունակել ծրագրով նախատեսված միջոցառումների կատարմանն ուղղված աշխատանքները՝ հսկողական գործիքները կենտրոնացնելով, մասնավորապես, ռիսկային ոլորտների ու տնտեսավարող սուբյեկտների ուղղությամբ:
Նիստում ներկայացվել է նաև Հարկային կարգապահության բարելավման ռազմավարական ծրագրի նախագիծը: Ռազմավարական ծրագրի ելակետային բաղադրիչ հանդիսացող հարկային ու մաքսային կարգապահության ռիսկերի գրանցամատյանի վարման ծրագրային ապահովման նպատակով որոշվել է ձևավորել էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման մասնագիտացված աշխատանքային խումբ:
Ռիսկերի խորհրդի նիստում որոշում է կայացվել նաև ՊԵԿ ներքին ռեսուրսներով իրականացնել հարկային վարչարարության ախտորոշիչ գնահատում` միջազգային ֆինանսական կառույցների կողմից օգտագործվող հարկային վարչարարության ախտորոշիչ գնահատման գործիքի (TADAT) կիրառմամբ: