29 հունիսի 2020
Հաճախ տրվող հարցեր ու պատասխաններ կորոնավիրուսի տնտեսական հետԵՎանքների չեզոքացման 21-րդ միջոցառման վերաբերյալ
ՊԵԿ-ը պատասխանում է քաղաքացիների հարցերին
1.Ու՞մ է վերաբերում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառումը:

Պատասխան`  Միջոցառման շահառու կարող են հանդիսանալ 2-100 վարձու աշխատող ունեցող  ՀՀ տարածքում պետական գրանցում ստացած այն իրավաբանական անձինք կամ հաշվառված անհատ ձեռնարկատերերը, որոնց

1)2020 թվականի մայիս ամսվա աշխատակիցների թիվը գերազանցում է (հավասար է) 2020թ. մարտ և ապրիլ ամիսների համար հայտարարագրված աշխատակիցների թիվը, և
2)2020 թվականի մայիս ամսվա աշխատակիցների գծով հաշվարկված եկամուտների մեծությունը գերազանցում է (կամ հավասար է) 2020թ. մարտ և ապրիլ ամիսներին հաշվարկված եկամուտների մեծության 95 տոկոսը:

2.Ովքե՞ր չեն կարող համարվել միջոցառման շահառուներ:

Պատասխան`  Սույն աջակցությունից չեն կարող օգտվել ֆինանսական, ապահովագրական, շահումով խաղերի ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունները, ինչպես նաև կառավարչական մարմինները, հասարակական կազմակերպությունները, հիմադրամները և ոչ առևտրային կազմակերպությունները:

3.Ինչպե՞ս է հաշվարկվելու աշխատողների թվաքանակը և վերջիններիս գծով հաշվարկված եկամուտների մեծությունը միջոցառման շահառուներին որոշելու համար:

Պատասխան`  2020թ. մարտ, ապրիլ և մայիս ամիսների աշխատողների թվաքանակը և վերջիններիս գծով հաշվարկված եկամուտների մեծությունը հաշվարկվելու է համապատասխան հաշվետու ժամանակաշրջանների եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներով արտացոլված տվյալների հիման վրա: Այսպես, hաշվարկված եկամուտներ են համարվելու վերոնշյալ հաշվարկներով արտացոլված հետևյալ եկամուտների հանրագումարը.

1)Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումները (1.6 սյունակ)
2)Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի վարձատրությունը (1.7 սյունակ)
3)Այլ հարկման բազան (բացի նպաստներից) (1.8 սյունակ)
4)Հարկման բազայի նվազեցման գումարը (1.9 սյունակ)

Աշխատողների թվաքանակը որոշվելու է թվարկված եկամուտները (զրոյից մեծ) ապահոված աշխատողների թվաքանակով: 

4.Ինչպե՞ս է հաշվարկվելու պետության կողմից տրամադրվող աջակցությունը:

Պատասխան` 
1) Մինչև 5 աշխատող ունեցող տնտեսավարող սուբյեկտների դեպքում` տրամադրվող աջակցության չափը որոշելու համար 2020 թվականի մայիս ամսվա համար հաշվարկված եկամուտների հանրագումարը բաժանվում է աշխատողների թվին:

2) 5 և ավել աշխատողների թվաքանակ ունեցող տնտեսավարող սուբյեկտների դեպքում՝ տրամադրվող աջակցության չափը որոշելու համար՝

1) 2020 թ. մայիս ամսվա համար հաշվարկված եկամուտների հանրագումարը բաժանվում է աշխատողների թվին 
2) աշխատողների ընդհանուր թիվը բաժանվում է 5-ի՝ կլորացումով դեպի ներքև
3) հաշվարկվում է նախորդ 2 պարբերությունների արդյունքների արտադրյալը և կլորացվում մինչև միավոր:

5.Ինչպե՞ս պետք է դիմել  աջակցության ծրագրից օգտվելու համար:

Պատասխան`  Միջոցառման պայմաններին բավարարող և շահառու համարված տնտեսվարողները`  2020 թվականի մայիս ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկ ներկայացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ծանուցվում են ծրագրի շահառու հանդիսանալու մասին, որից հետո էլեկտրոնային եղանակով պետք է դիմում ներկայացնել ՊԵԿ: Դիմումի ձևը տեղադրված է հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում` https://file-online.taxservice.am/pages/loginPage.jsf:

6.Ինչպե՞ս լրացնել դիմումի ձևը ծանուցում ստանալուց հետո:

Պատասխան` Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում` https://file-online.taxservice.am/pages/loginPage.jsf տեղադրված 269 համարի ձևաթղթում անհրաժեշտ է ընտրել բանկի անվանումը և լրացնել շահառուին պատկանող բանկային հաշվի համարը: 
Բանկային հաշվի բացակայության դեպքում անհրաժեշտ է լրացնել դիմումի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերում նշված անձը հաստատող փաստաթղթի տվյալները, որոնց հիման վրա ՊԵԿ-ի կողմից կազմվելու է վճարման ցուցակ և ուղարկվելու «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ` միջոցառման շահառուներին վճարումն ապահովելու համար:

7.Արդո՞ք կարելի դիմումը ուղարկել սահմանված ժամկետից ուշ:

Պատասխան` Ոչ: Դիմումներն անհրաժեշտ է ուղարկել մինչև 2020թ. հուլիսի 10-ը ներառյալ: Սահմանված ժամկետուց ուշ դիմումներն ուղարկել հնարավոր չէ: