Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը 2020 թվականի մարտի 3-ից մարտի 24-ը ներառյալ սահմանափակելու վերաբերյալ ՀՀ կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի թիվ 197-Ն որոշմամբ ղեկավարվելով՝ ՊԵԿ նախագահի նոր հրամանով վերանայվել է ցամաքային հաղորդակցության ժամանակ աշխատանքների կազմակերպման կարգը: ՊԵԿ նախագահի հրամանով` Իրանի Իսլամական Հանրապետության հետ ցամաքային հաղորդակցության դեպքում թույլատրվում է միայն՝ 1) Իրանից Հայաստան մուտք գործած բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների (դրանց՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող վարորդների) վերադարձն Իրանի Իսլամական Հանրապետություն, 2) ԻԻՀ-ից Հայաստանի տարածքով Վրաստան բեռնափոխադրումներ իրականացրած տրանսպորտային միջոցների վերադարձն Իրան՝ ՀՀ տարածքով, 3) ԻԻՀ քաղաքացիների վերադարձը Հայաստանից Իրան, 4) Իրանից ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան, 5) Իրանից պաշտոնական այցով Հայաստան Հանրապետություն ժամանող ԻԻՀ քաղաքացի հանդիսացող պաշտոնատար անձանց և նրանց ուղեկցողների մուտքը, 6) ԻԻՀ-ում և ՀՀ-ում միմյանց դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների մուտքն ու ելքը, 7) ՀՀ քաղաքացի չհանդիսացող, սակայն Հայաստանում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող անձանց՝ Իրանից Հայաստան մուտքը:
ՊԵԿ նախագահի հրամանով՝ Հարավային մաքսատուն-վարչությանը հանձնարարվել է՝ 1) 2020 թվականի մարտի 3-ի ժամը 0000–ից սկսած պետական սահմանի Մեղրիի անցումային կետ ժամանած և դեռևս անցումային կետի տարածքից դուրս չեկած Իրանի Իսլամական Հանրապետությունում հաշվառված տրանսպորտային միջոցների մուտքն արգելել և բեռներով հանդերձ հետ ուղարկել ԻԻՀ, 2) Մեղրիի անցումային կետում ԻԻՀ քաղաքացի հանդիսացող վարորդներով Իրանում հաշվառված և Իրան վերադարձող տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության սահմանահատման աշխատանքները կազմակերպել՝ հնարավորինս սահմանափակելով ԻԻՀ քաղաքացի հանդիսացող վարորդների հետ շփումները, հնարավորինս արգելել և սահմանափակել վարորդների ելքն ավտոմեքենաներից: Արգելել վարորդների մուտքը վարչական շենքի տարածք, համապատասխան պաշտպանիչ հանդերձավորմամբ անձի միջոցով վարորդներից ստանալ բեռն ուղեկցող փաստաթղթերը, կազմակերպել սահմանահատման աշխատանքներն՝ առանց վարորդին դրանցում ներգրավելու, անցումային կետի տարածքում այդպիսի ավտոմեքենաների սպասման ռեժիմում գտնվելու ընթացքում արգելել վարորդների ելքն ավտոմեքենաներից և շփումն այլոց հետ, 3) Իրանից վերադարձող ՀՀ հաշվառման բեռնատար տրանսպորտային միջոցներով փոխադրվող ապրանքների մուտքն արգելել, վերադարձնել բեռնաթափման Իրանի Իսլամական Հանրապետության տարածք, իսկ դրանց վարորդ հանդիսացող ՀՀ քաղաքացիների վերադարձը թույլատրել դատարկ բեռնատար տրանսպորտային միջոցներով: ՊԵԿ նախագահի հրամանով՝ Արարատյան մաքսատուն-վարչությանը հանձնարարվել է՝ 1) Ապահովել Արարատյան մաքսատուն-վարչության գործունեության գոտում գտնվող ժամանակավոր պահպանության պահեստներում, ժամանակավոր պահպանության այլ վայրերում կամ մաքսային տարանցում ընթացակարգի ներքո ճանապարհներին գտնվող Մեղրիի անցումային կետով ԻԻՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցներով և ԻԻՀ քաղաքացի հանդիսացող վարորդների միջոցով ներմուծված ապրանքների արագ բեռնաթափումը և (կամ) վերաբեռնումը ժամանակավոր պահպանման նախանշված վայրերում: ՀՀ ճանապարհային ոստիկանության պաշտոնատար անձանց հետ համագործակցելով՝ կազմակերպել Իրանում հաշվառված տրանսպորտային միջոցների՝ շարասյունով և ՀՀ ճանապարհային ոստիկանության համապատասխան պարեկային խմբերի ուղեկցությամբ արագ վերադարձը պետական սահմանի Մեղրիի անցման կետ՝ ՀՀ տարածքը լքելու համար: