Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը «ՀՀ-ում կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված՝ հարկային և մաքսային կարգապահության ապահովմանն ուղղված միջոցառումների ծրագրի» շրջանակում իրականացրել է պաշտոնական կայքում ստեղծված COVID-19 բաժնի ամբողջական տեղեկատվական սպասարկումը:
2020 թվականի մարտից մինչև հունիսի 20-ը «Լրատվական բաժնում» առանձնացված COVID-19 հարթակում (https://petekamutner.am/covidNews.aspx?sid=src) զետեղվել է 88 հաղորդագրություն, այդ թվում` ներառվել են տեսանյութեր և ինֆոգրաֆիկաներ: COVID-19 հարթակում երկու օրը մեկ հաղորդագրություն տեղադրելու պարբերականության փոխարեն գերակշռել է ավելի հաճախակի հաղորդագրություններ տեղադրելու սկզբունքը: Հաշվետու ժամանակահատվածում իրազեկման ևս 15 միջոցառում էլ իրականացվել է բացահայտված իրավախախտումների վերաբերյալ:
Պաշտոնական կայքից բացի «ՀՀ-ում կորոնավիրուսի (COVID-19) տարածմամբ պայմանավորված՝ հարկային և մաքսային կարգապահության ապահովմանն ուղղված միջոցառումների ծրագրով» նախատեսված միջոցառումներին առնչվող, ինչպես նաև ներդրված օժանդակման և սպասարկման գործիքների, բացահայտված իրավախախտումների վերաբերյալ իրազեկումները տարածվել են թերթերով, կայքերով, հեռուստատեսությամբ և ռադիոյով: Ավելին` հեղինակային ռեպորտաժներ են պատրաստվել առանձին հեռուստաընկերությունների լրատվական ծրագրերով: Հանրությանն իրազեկելու նպատակով օգտագործվել են Facebook, Twitter, Telegram, Youtube, Newinfo.am, All.me սոցիալական հարթակներում կոմիտեի պաշտոնական էջերը և սոցցանցերում մասնագիտական խմբերը:
Սոցիալական մեդիայում հարկ վճարողների կողմից բարձրացվող հարցերը գույքագրվել և պատասխանների հետ միասին հրապարակվել են կոմիտեի պաշտոնական կայքում, սոցիալական ցանցերում կոմիտեի պաշտոնական էջերում: Հարցերը վերաբերել են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 10-րդ միջոցառմանը և Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններին:
Խորհրդի նիստում տրված հանձնարարականի համաձայն` ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում կազմակերպվել են ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի, նախագահի տեղակալ Միքայել Փաշայանի ճեպազրույցները: Իսկ «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում կազմակերպվել են ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանի և ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի տեղակալ Արթուր Հակոբյանի ճեպազրույցները:
Իրազեկման միջոցառումները, մասնավորապես՝ հաղորդագրություններ, պարզաբանումներ, հաճախ տրվող հարցեր և պատասխաններ, հարցազրույցներ, ռեպորտաժներ, անիմացիոն տեսանյութեր և ինֆոգրաֆիկաներ պատրաստելու, ինչպես նաև COVID-19-ի վերաբերյալ ԶԼՄ հարցումներին պատասխանելու համար տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը համագործակցել է ՊԵԿ այլ ստորաբաժանումների հետ:
«COVID-19» բաժնում հրապարակված նյութերը միաժամանակ տրամադրվել են Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը: Բոլոր նյութերը հրապարակվել են gov.am պաշտոնական կայքում՝ միաժամանակ ապահովելով հրապարակված նյութերի անգլերեն և ռուսերեն թարգմանությունը: