Շրջանառության հարկի մասին

  1. Շրջանառության հարկը

    Շրջանառության հարկը շրջանառության հարկ վճարողների կողմից ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում պետական բյուջե վճարվող` ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին փոխարինող պետական հարկ է:
    Ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների համար շրջանառության հարկը փոխարինում է ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին: 
    Անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար շրջանառության հարկը փոխարինում է ԱԱՀ-ին:

  2. Շրջանառության հարկ վճարողները

    Շրջանառության հարկ վճարողներ կարող են համարվել նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը 115 միլիոն դրամը չգերազանցած ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները օրենսգրքով սահմանված դեպքերում և ժամկետներում՝ շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարությունը սահմանված ժամկետներում ներկայացնելու պարագայում։ 

  3. Ովքեր չեն կարող համարվել շրջանառության հարկ վճարող

    Շրջանառության հարկ վճարողներ չեն կարող համարվել`
    1) բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, ներդրումային ընկերությունները, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցները, գրավատները, արտարժույթի առք ու վաճառքի գործունեություն իրականացնողները, ներդրումային ֆոնդերը, ֆոնդերի կառավարիչները, վճարահաշվարկային կազմակերպությունները, խաղատների, շահումով խաղերի, տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեություն իրականացնողները, աուդիտորական կազմակերպությունները,
    2) հարկային տարվա ընթացքում հսկիչ դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների երրորդ խախտումը կատարած կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները` խախտումն արձանագրելու օրվանից մինչև այդ օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ավարտը,
    3) ՀՀ հարկային oրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` փոխկապակցված համարվող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները, բացառությամբ այն դեպքերի, երբ, ՀՀ հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, նրանց փոխկապակցված կազմակերպությունները և (կամ) ֆիզիկական անձինք հարկային մարմին են ներկայացրել գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն և հայտարարությունը ներկայացնելու օրվանից հետո, իսկ հայտարարությունում գործունեությունը դադարեցնելու այլ օր նշելու դեպքում` այդ օրվանից հետո փաստացի գործունեություն չեն իրականացրել,
     4) ՀՀ հարկային օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` փոխկապակցված համարվող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները, եթե հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ փոխկապակցված ճանաչված առևտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների նախորդ հարկային տարվա կամ ընթացիկ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունների հանրագումարը գերազանցում է 115 միլիոն դրամը,
    5) ՀՀ հարկային օրենսգրքի 31-րդ հոդվածով սահմանված` համատեղ գործունեության պայմանագրի, ինչպես նաև ապրանքների մատակարարման` կոմիսիայի կամ ապրանքների մատակարարման` գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ հանդիսացող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները:

    Ուշադրություն: Շրջանառության հարկ վճարող համարվելու՝ օրենսդրությամբ սահմանված պայմանները չբավարարող (բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ներդրումային ընկերությունների, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների, գրավատների, արտարժույթի առք ու վաճառքի գործունեություն իրականացնողների, ներդրումային ֆոնդերի, ֆոնդերի կառավարիչների, վճարահաշվարկային կազմակերպությունների, խաղատների, շահումով խաղերի, տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեություն իրականացնողների, աուդիտորական կազմակերպությունների) հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը կարող են համարվել շրջանառության հարկ վճարող օրենսգրքով սահմանված ժամկետներում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն հարկային մարմին ներկայացնելու դեպքում (ընդ որում՝ տվյալ հայտարարության մեջ հարկ վճարողը կատարում է նաև համապատասխան նշում, թե որ պայման(ներ)ին չի բավարարում):

  4. Շրջանառության հարկով հարկման օբյեկտը և հարկման բազան

    Շրջանառության հարկով հարկման օբյեկտը՝
    - ապրանքների մատակարարում 
    - աշխատանքների կատարում
    - ծառայությունների մատուցում
     
    Ուշադրություն: Ծառայությունների մատուցում են համարվում նաև ոչ նյութական ակտիվների օտարման գործարքները, ինչպես նաև այն գործարքները, որոնց դիմաց ստացվում են վարձակալական կամ օգտագործման վճար, տոկոս և (կամ) ռոյալթի:

    Ուշադրություն: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ միջմարզային, ներմարզային և ներքաղաքային երթուղու շահագործման կամ թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրումների կազմակերպման և մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի, ինչպես նաև մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի (բացառությամբ շահումով խաղերի և խաղատների գործունեության) կազմակերպման գործունեության տեսակների շրջանակներում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը և (կամ) ծառայությունների մատուցումը չեն հանդիսանում շրջանառության հարկով հարկման օբյեկտ։

    Շրջանառության հարկով հարկման բազա է համարվում շրջանառության հարկով հարկման օբյեկտ համարվող գործարքների իրացման շրջանառությունը:
    Ուշադրություն: Եկամուտների հաշվառումն իրականացվում է ՀՀ հարկային օրենսգրքի 6-րդ բաժնով («Շահութահարկ») սահմանված կարգով:

  5. Շրջանառության հարկի հաշվարկման և վճարման կարգը

    Շրջանառության հարկի հաշվարկման և վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու եռամսյակը: 
    Շրջանառության հարկը հաշվարկվում և վճարվում է մինչև յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ։ 

    Շրջանառության հարկ վճարողները պետական բյուջե են վճարում՝
    - հաշվետու եռամսյակի գործունեության (բացառությամբ առևտրական (առք ու վաճառքի) և հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության) արդյունքներով այդ ժամանակաշրջանում ձևավորվող հարկման բազայի նկատմամբ համապատասխան դրույքաչափերի կիրառությամբ հաշվարկված շրջանառության հարկի գումարը,
    - առևտրական (առք ու վաճառքի) գործունեության (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված երկրորդային հումքի առևտրական (առք ու վաճառքի) գործունեության) արդյունքներով հաշվետու եռամսյակում  ձևավորվող հարկման բազայի նկատմամբ շրջանառության հարկի համապատասխան դրույքաչափի կիրառությամբ հաշվարկված շրջանառության հարկի գումարի և ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված՝ շրջանառության հարկի գումարից նվազեցվող գումարի տարբերությունը,
    - հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության արդյունքներով հաշվետու եռամսյակում ձևավորվող հարկման բազայի նկատմամբ համապատասխան դրույքաչափի կիրառությամբ հաշվարկված շրջանառության հարկի գումարի և ՀՀ հարկայի օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված՝ շրջանառության հարկի գումարից նվազեցվող գումարի տարբերությունը:

  6. Շրջանառության հարկի դրույքաչափերը

     

    Հ/Հ Եկամտի տեսակը Դրույքաչափը (տոկոս)
    1. Առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտներ, բացառությամբ երկրորդային հումքի առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից, անշարժ գույքի օտարումից ստացվող եկամուտների 5
    2. Երկրորդային հումքի առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտներ 1.5
    3. Խմբագրությունների կողմից թերթերի օտարումից եկամուտներ
    1.5
    4. Արտադրական գործունեությունից ստացվող եկամուտներ 3.5
    5. Վարձակալական վճար, տոկոս, ռոյալթի, անշարժ գույքի օտարումից ստացվող եկամուտներ 10
    6. Նոտարական գործունեությունից ստացվող եկամուտներ 10
    7. Վիճակախաղերի կազմակերպման գործունեությունից ստացվող եկամուտներ 25
    8. Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտներ 6
    9. Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացրած շրջանառության հարկ վճարողների կողմից ՀՀ-ում կիրառվող՝ տնտեսական գործունեության դասակարգչի «Հանրային սննդի կազմակերպում» հատվածում չներառվող՝ այլ ակտիվների օտարումից, ինչպես նաև այլ գործունեությունից ստացվող եկամուտներ 20
    10. Այլ գործունեությունից կամ այլ ակտիվների օտարումից ստացվող եկամուտներ 5

    Ուշադրություն: Շրջանառության հարկ վճարող համարվելու՝ օրենսդրությամբ սահմանված պայմանները չբավարարող և հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ համապատասխան հայտարարությունը ներկայացրած շրջանառության հարկ վճարողները շրջանառության հարկը հաշվարկում են միայն վերոնշյալ աղյուսակի 8-րդ և 9-րդ կետերով սահմանված համապատասխան դրույքաչափերով:

    Ուշադրություն: Հաշվետու եռամսյակի համար հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով 6% դրույքաչափով հաշվարկված շրջանառության հարկի գումարը նվազեցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության հետ կապված՝ oրենսգրքով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերի (բացառությամբ հիմնական միջոցներ ձեռք բերելու կամ կառուցելու ծախսերի, հիմնական միջոցների վրա կատարվող կապիտալ և ընթացիկ ծախսերի ու հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների, ինչպես նաև խոհարարական արտադրանք չհանդիսացող այլ ակտիվների օտարման դեպքում՝ դրանք ձեռք բերելու ծախսերի) հանրագումարի 3%-ը կազմող գումարի չափով: Ծախսերի մեջ ներառվում են նաև ձեռք բերվող կամ ներմուծվող ապրանքների համար վճարվող մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարները:
    Եթե նվազեցումներից հետո շրջանառության հարկի գումարը կազմում է հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 4%-ից պակաս գումար, ապա ծախսերի գծով նվազեցումը կատարվում է այն չափով, որ շրջանառության հարկի գումարը կազմի հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 4%-ը: 

    Ուշադրություն: Հաշվետու եռամսյակի համար առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով (բացառությամբ երկրորդային հումքի առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի) 5% դրույքաչափով հաշվարկված շրջանառության հարկի գումարը նվազեցվում է տվյալ հաշվետու եռամսյակում անմիջական վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների գծով կատարված` oրենսգրքով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերի (ներառյալ` ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարները), ինչպես նաև ՀՀ ներմուծված ապրանքների մասով ներմուծման մաքսային հայտարարագրերում արտացոլված մաքսային արժեքի, հաշվարկված մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկերի հանրագումարի կամ ներմուծման հարկային հայտարարագրերում արտացոլված` ԱԱՀ-ով հարկման բազայի, հաշվարկված ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի հանրագումարի 4%-ը կազմող գումարի չափով: 
    Եթե նվազեցումներից հետո շրջանառության հարկի գումարը կազմում է առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 1.5%-ից պակաս գումար, ապա ապրանքներ ձեռք բերելու ծախսերի գծով նվազեցումը կատարվում է այն չափով, որ շրջանառության հարկի գումարը կազմի առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 1.5%-ը: 
    Շրջանառության հարկի գումարից ապրանքներ ձեռք բերելու ծախսերի գծով չնվազեցված մասը (այդ թվում` հաշվետու ժամանակաշրջանի համար առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի բացակայության դեպքում)` նվազեցվում է հետագա հաշվետու ժամանակաշրջանների համար առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի նկատմամբ հաշվարկվող շրջանառության հարկի գումարից: