- Ինչ է սոցիալական վճարը
Սոցիալական վճարը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և չափով ՀՀ պետական բյուջե վճարվող նպատակային վճար է։
- Սոցիալական վճար կատարողները
ՀՀ-ում սոցիալական վճարներ են կատարում՝
1) 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված վարձու աշխատողները, նոտարները, անհատ ձեռնարկատերերը,
2) մինչև 1974 թվականը ծնված վարձու աշխատողները, նոտարները, անհատ ձեռնարկատերերը, եթե «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ներկայացրել են նույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դիմում (կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում),
3) ինքնազբաղված անձինք` անկախ տարիքից, ովքեր «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ներկայացրել են կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմում կամ 1-ին կետի հիման վրա երբևիցե կատարել են սոցիալական վճար:
ՀՀ-ում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք սոցիալական վճարները կատարում են ընդհանուր հիմունքներով, ՀՀ քաղաքացիների համար սահմանված կարգով, եթե ՀՀ միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի իմաստով՝
- վարձու աշխատողը գործատուի (այդ թվում` հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի) հետ օրենքով սահմանված կարգով աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձն է, այդ թվում` հանրային ծառայող (բացառությամբ պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության մարմինների և փրկարար ծառայության համակարգի հրամանատարական և ոչ հրամանատարական կազմի ծառայողների, քրեակատարողական ծառայողների և հարկադիր կատարողների), ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրերի համաձայն` աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց գործատուից եկամուտ (բացառությամբ ձեռնարկատիրական եկամտի) ստացող անձը, միջազգային կազմակերպությունում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող (պաշտոնեական պարտականությունները կատարող) Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որի համար միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում միջազգային կազմակերպությունը կատարում է կենսաթոշակի իրավունք տվող վճարներ,
- ինքնազբաղված անձը օրենքով չարգելված որևէ գործունեությունից եկամուտ ստացող (բացառությամբ աշխատավարձի և դրան հավասարեցված եկամտի, ձեռնարկատիրական եկամտի և պայմանագրային եկամտի)` վարձու աշխատող, անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձն է (այդ թվում` գյուղատնտեսական արտադրանքի իրացումից եկամուտ ստացող գյուղատնտեսական արտադրանք արտադրող, քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա եկամուտ ստացող, ՀՀ հարկային օրենսգրքի N3 հավելվածի ցանկում ընդգրկված գործունեության տեսակներով զբաղվող), ինչպես նաև ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված՝ բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատեր:
- Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտները
Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտներն են՝
1) աշխատավարձը՝ աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ, ինչպես նաև պայմանագրային եկամուտ (աշխատավարձի ու դրան հավասարեցված այլ վճարումների ցանկը սահմանվում է ՀՀ կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմնի, կենսաթոշակային ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի և հարկային մարմնի համատեղ հրամանով),
2) ձեռնարկատիրական եկամուտը՝ անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի կողմից իրականացվող ձեռնարկատիրական և նոտարական գործունեությունից ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն ստացման ենթակա շահութահարկի հարկման բազա (մինչև 2018 թվականը` «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն ստացման ենթակա տարեկան հարկվող եկամուտ),
3) որպես ինքնազբաղված անձ՝ ստացված եկամուտները։
- Սոցիալական վճարի դրույքաչափերը
1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված վարձու աշխատողները, նոտարները, անհատ ձեռնարկատերերը մինչև կենսաթոշակային տարիքը լրանալը սոցիալական վճարը կատարում են հետևյալ չափերով.
1) աշխատավարձի՝
- 5 տոկոսի չափով, եթե աշխատավարձի ամսական չափը չի գերազանցում 500 000 դրամը,
- 10 տոկոսի և 25 000 դրամի տարբերության չափով, եթե աշխատավարձի ամսական չափը գերազանցում է 500 000 դրամը,
2) ձեռնարկատիրական եկամտի (բացառությամբ 3-րդ կետով նախատեսված դեպքի)՝
- 5 տոկոսի չափով, եթե այդ եկամտի տարեկան չափը չի գերազանցում 6 000 000 դրամը,
- 10 տոկոսի և 300 000 դրամի տարբերության չափով, եթե այդ եկամտի տարեկան չափը գերազանցում է 6 000 000 դրամը.
3) ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված՝ շրջանառության հարկի համակարգում հարկվող գործունեության տեսակների մասով` ամսական 5000 դրամի չափով.
4) որպես ինքնազբաղված անձ՝ ստացված եկամուտների 5 տոկոսի չափով, անկախ եկամտի չափից:
Կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի հիման վրա սոցիալական վճարներ կատարելու, ինչպես նաև 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված վարձու աշխատողների, նոտարների, անհատ ձեռնարկատերերի կենսաթոշակային տարիքը լրանալու դեպքերում (եթե նշված անձինք հարկային մարմին չեն ներկայացրել սոցիալական վճար կատարելը դադարեցնելու կամ կուտակային կենսաթոշակ ստանալու վերաբերյալ դիմում) սոցիալական վճարը կատարվում է հետևյալ չափերով.
1) աշխատավարձի, ձեռնարկատիրական եկամտի (բացառությամբ 2-րդ կետով նախատեսված դեպքի), որպես ինքնազբաղված անձ՝ ստացված եկամուտների 5 տոկոսի չափով.
2) ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված՝ շրջանառության հարկի համակարգում հարկվող գործունեության տեսակների մասով` ամսական 5000 դրամի չափով.
4․1. Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն չափերը և սոցիալական վճարի դրույքաչափերը անցումային ժամանակահատվածի համար
1) Մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը՝
- սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն ամսական չափը սահմանվում է 500 000 դրամ,
- սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն տարեկան չափը սահմանվում է 6 000 000 դրամ:
2) 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված, ինչպես նաև 1964 թվականի հունվարի 1-ից հետո ծնված և կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումը մինչև 2018 թվականի հուլիսի 1-ը ներկայացրած վարձու աշխատողների համար՝
- 2018 թվականի հուլիսի 1-ից 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ սոցիալական վճարի կեսը, սակայն ոչ ավել, քան 12500 դրամ, կատարում է պետությունը,
- 2020 թվականի հուլիսի 1-ից 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ սոցիալական վճարը հաշվարկվում է հետևյալ կերպ.
աշխատավարձի ամսական չափը |
սոցիալական վճարի չափը` հաշվարկված աշխատավարձի նկատմամբ |
մինչև 500000 դրամը ներառյալ |
2.5 տոկոս |
500000-ից ավելի դրամ |
10 տոկոսի և 37500 դրամի տարբերության չափով |
- 2021 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ սոցիալական վճարը հաշվարկվում է հետևյալ կերպ.
աշխատավարձի ամսական չափը |
սոցիալական վճարի չափը` հաշվարկված աշխատավարձի նկատմամբ |
մինչև 500000 դրամը ներառյալ |
3.5 տոկոս |
500000-ից ավելի դրամ |
10 տոկոսի և 32500 դրամի տարբերության չափով |
- 2022 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ սոցիալական վճարը հաշվարկվում է հետևյալ կերպ.
աշխատավարձի ամսական չափը |
սոցիալական վճարի չափը` հաշվարկված աշխատավարձի նկատմամբ |
մինչև 500000 դրամը ներառյալ |
4.5 տոկոս |
500000-ից ավելի դրամ |
10 տոկոսի և 27500 դրամի տարբերության չափով |
- Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն չափերը
Անձի ամսական համախառն եկամտի՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով հաշվետու ամսվա համար սահմանված չափի 15-ապատիկը գերազանցող գումարից (սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն ամսական շեմ) կամ տարեկան համախառն եկամտի՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ սահմանված չափի 180-ապատիկը գերազանցող գումարից (սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն տարեկան շեմ) սոցիալական վճարներ չեն հաշվարկվում և փոխանցվում (գանձվում):
Եթե անձը եկամուտ է ստանում մի քանի աղբյուրից (ստանում է ձեռնարկատիրական եկամուտ և աշխատավարձ), ապա հաշվարկված և փոխանցված (գանձված) սոցիալական վճարների` առավելագույն սահմանված չափը գերազանցող գումարները (եթե այդպիսիք առկա են) մասնակիցներին վերադարձվում են ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 2018թ. մարտի 20-ի N181-Ն և ՀՀ ֆինանսների նախարարի 2018թ. մարտի 30-ի N126-Ն համատեղ հրամանով սահմանած կարգով: Առավելագույն սահմանաչափերը չեն տարածվում առավելագույն սահմանաչափեր չկիրառելու մասին դիմումների ներկայացման դեպքերի վրա:
- Սոցիալական վճար կատարելը
Վարձու աշխատողի սոցիալական վճարները հաշվարկելու և փոխանցելու (գանձելու) պարտականությունը կրում են գործատուները` որպես հարկային գործակալ:
Նոտարները և անհատ ձեռնարկատերերն ստացման ենթակա եկամուտներից ինքնուրույն հաշվարկում և փոխանցում են սոցիալական վճարները տարեկան կտրվածքով՝ ՀՀ հարկային օրենսգրքով շահութահարկի վճարման համար սահմանված ժամկետներում, իսկ ինքնազբաղված անձինք՝ տարեկան կտրվածքով եկամտային հարկի վճարման համար սահմանված ժամկետներում:
Եթե գործատուն ազատված է հարկային գործակալի պարտականություններից, ապա վարձու աշխատողը սոցիալական վճարը հաշվարկում և փոխանցում է ինքնուրույն` գործատուի համար սահմանված ժամկետներում:
- Պատասխանատվությունը սոցիալական վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար
1. Սոցիալական վճար կատարելու պարտավորություն ունեցող վարձու աշխատողների համար սոցիալական վճարը սահմանված ժամկետում չկատարելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար սոցիալական վճարներ հաշվարկելու և փոխանցելու պարտավորություն ունեցող հարկային գործակալը վճարում է տույժ՝ ժամանակին չմուծված սոցիալական վճարի գումարի 0.04 տոկոսի չափով: Տույժը կիրառվում է ժամանակին չմուծված սոցիալական վճարի գումարների նկատմամբ՝ կետանցման ամբողջ ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան 730 օրվա համար:
Սոցիալական վճարներ չկատարելու կամ ուշացումով կատարելու համար գանձված տույժերը, որպես կուտակային հատկացում, փոխանցվում են մասնակիցների ռեեստրը վարողին, որոնց հաշվին ձեռք են բերվում այն պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը, որին այդ պահին կուտակային հատկացումներ է կատարվում մասնակցի համար (օգտին):
2. Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտը թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու դեպքում սոցիալական վճար կատարողից (հարկային գործակալից) գանձվում է թաքցրած կամ պակաս ցույց տված սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի նկատմամբ հաշվարկված (հարկային մարմնի կողմից) սոցիալական վճարի գումարը:
3. Սոցիալական վճարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկային մարմինը որոշում է կայացնում սոցիալական վճար հաշվարկելու և փոխանցելու (գանձելու) պարտականություն ունեցող անձից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:
Մինչև գումարի գանձման վերաբերյալ որոշման անբողոքարկելի դառնալը սոցիալական վճար կատարողի գույքի վրա կարող է արգելանք դրվել: Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության կատարումն ապահովելու նպատակով արգելանքը դնում է հարկային մարմինը` ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով:
|