Ճանապարհային հարկի մասին

1. Ինչ է ճանապարհային հարկը

Ճանապարհային հարկը Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման, Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով պետական բյուջե վճարվող հարկ է


2. Որոնք են ճանապարհային հարկով հարկման օբյեկտները

Ճանապարհային հարկով հարկման օբյեկտներ են համարվում՝
Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելը
Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելը


3. Ովքեր են վճարում ճանապարհային հարկ

Ճանապարհային հարկ վճարող են համարվում՝
Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով (բացառությամբ «Բաց թողնում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված) Հայաստանի Հանրապետություն (այդ թվում՝ ԵՏՄ անդամ պետություններից) մուտք գործողները
Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում), ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում գովազդ տեղադրողները (գովազդակիրները)


4․ Որոնք են ճանապարհային հարկի դրույքաչափերը

Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետություն մուտքի յուրաքանչյուր 15 օրվա համար՝ ըստ ավտոտրանսպորտային միջոցի թույլատրելի առավելագույն զանգվածի.

Բեռնատար ավտոտրանսպորտային միջոցները` ըստ թույլատրելի առավելագույն զանգվածի Հայաստանի Հանրապետություն յուրաքանչյուր մուտքի համար դրույքաչափը (դրամ)
մինչև 1,5 տոննա ներառյալ 15000
1,5-ից ավելի մինչև 3 տոննա ներառյալ 25000
3-ից ավելի մինչև 5 տոննա ներառյալ 40000
5-ից ավելի մինչև 10 տոննա ներառյալ 65000
10-ից ավելի մինչև 20 տոննա ներառյալ 80000
20-ից ավելի մինչև 30 տոննա ներառյալ 110000
30-ից ավելի մինչև 44 տոննա ներառյալ 152000
44-ից ավելի մինչև 60 տոննա ներառյալ 205000
60-ից ավելի մինչև 70 տոննա ներառյալ 233000
70-ից ավելի մինչև 80 տոննա ներառյալ 285000
80-ից ավելի մինչև 90 տոննա ներառյալ 318000
90-ից ավելի մինչև 100 տոննա ներառյալ 603000
100 տոննայից ավելի 753000


Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար ճանապարհային հարկը հաշվարկվում է հետևյալ տարեկան դրույքաչափերով.
միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում), ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդային վահանակի մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար` 10000 դրամ.
հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում), ինչպես նաև այդ ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդային վահանակի մակերեսի յուրաքանչյուր քառակուսի մետրի համար` 7500 դրամ:

5. Ինչպես է հաշվարկվում և վճարվում ճանապարհային հարկը

Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկը հաշվարկվում է՝
- ՀՀ-ում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ յուրաքանչյուր մուտքի համար՝ սահմանված տասնհինգօրյա դրույքաչափերով և պետական բյուջե է վճարվում ՀՀ մուտք գործելիս։
Ընդ որում, ՀՀ մուտք գործելու օրվան հաջորդող տասնհինգ օրվա ընթացքում նույն ավտոտրանսպորտային միջոցով ՀՀ մեկից ավելի անգամ մուտք գործելու դեպքում յուրաքանչյուր մուտքի համար ճանապարհային հարկը հաշվարկվում է սահմանված տասնհինգօրյա դրույքաչափերով և պետական բյուջե է վճարվում յուրաքանչյուր անգամ ՀՀ մուտք գործելիս,
- ՀՀ տարածքում տասնհինգ օրից ավելի գտնվելու դեպքում՝ յուրաքանչյուր հաջորդ տասնհինգ օրվա կամ ավելի պակաս ժամկետի համար՝ սահմանված տասնհինգօրյա դրույքաչափերով և պետական բյուջե է վճարվում ՀՀ տարածքում գտնվելու տասնհինգօրյա ժամկետը լրանալուց հետո` հինգ օրվա ընթացքում։  Կատարված վճարումների անդորրագրերը (կամ վճարումը հավաստող այլ փաստաթղթերը) ճանապարհային հարկ վճարողները պահպանում են՝ հետագայում ճանապարհային հարկի վճարման փաստը հավաստելու նպատակով: 
ՀՀ-ում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների՝ ՀՀ տարածքից ելքի դեպքում մաքսային մարմինները ստուգում են ճանապարհային հարկի հաշվարկված և վճարված լինելը կամ ճանապարհային հարկի վճարման արտոնությունից օգտվելու իրավունքը՝ օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ճանապարհային հարկի գումարից պակաս վճարումների դեպքում ապահովելով պակաս վճարված հարկի գումարի և հարկի վճարումն ուշացնելու համար հաշվարկված տույժերի գումարների գանձումը։
ՀՀ-ում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով ՀՀ մուտք գործելիս և ՀՀ-ից ելքի դեպքում մաքսային մարմիններին, իսկ ՀՀ տարածքում սահմանված կարգով պահանջի դեպքում ճանապարհային երթևեկության անվտանգության մարմնին ճանապարհային հարկ վճարողները ներկայացնում են ճանապարհային հարկի վճարումը հավաստող կամ ճանապարհային հարկի արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթերը։

ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար ճանապարհային հարկը յուրաքանչյուր հաշվետու եռամսյակի համար հաշվարկվում է գովազդային վահանակի ընդհանուր մակերեսի և սահմանված համապատասխան տարեկան դրույքաչափի արտադրյալի մեկ քառորդի չափով, անկախ գովազդային վահանակի պաստառի առկայությունից (գովազդի տարածումը դադարեցնելու հանգամանքից) կամ դրա փոփոխությունից:
Ընդ որում՝
եթե գովազդային վահանակը տեղադրվում է հարկային տարվա ընթացքում, ապա ճանապարհային հարկի հաշվարկման պարտավորությունն առաջանում է գովազդային վահանակի տեղադրման շինմոնտաժային աշխատանքների արդյունքում սահմանված կարգով ճանապարհային մարմնի հետ տեխնիկական պայմանների համապատասխանության ակտը կազմելու օրվան հաջորդող օրվանից: Ակտը կազմելու օրն ընդգրկող հաշվետու եռամսյակի համար ճանապարհային հարկը հաշվարկվում է՝ ակտը կազմելու օրվան հաջորդող օրվանից մինչև հաշվետու եռամսյակի ավարտն ընկած օրերի թվերին համամասնորեն,
եթե գովազդային վահանակը ապամոնտաժվում է հարկային տարվա ընթացքում, ապա ապամոնտաժման օրն ընդգրկող հաշվետու եռամսյակի համար ճանապարհային հարկը հաշվարկվում է՝ եռամսյակի առաջին օրվանից մինչև ապամոնտաժման օրվան նախորդող օրն ընկած օրերի թվերին համամասնորեն: Ապամոնտաժման օրն ընդգրկող հաշվետու եռամսյակին հաջորդող եռամսյակների համար ճանապարհային հարկ չի հաշվարկվում,
տեխնիկական պայմանների համապատասխանության ակտը կազմելու հաշվետու եռամսյակի ընթացքում գովազդային վահանակի ապամոնտաժման դեպքում տվյալ հաշվետու եռամսյակի համար ճանապարհային հարկը հաշվարկվում է՝ ակտը կազմելու օրվան հաջորդող օրվանից մինչև ապամոնտաժման օրվան նախորդող օրն ընկած օրերի թվին համամասնորեն:
Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար յուրաքանչյուր հաշվետու եռամսյակի համար հաշվարկված ճանապարհային հարկի գումարները պետական բյուջե են վճարվում մինչև այդ հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, որին հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում պետական ճանապարհային մարմին են ներկայացվում վճարումը հավաստող անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը, կամ պետական ճանապարհային մարմնի կողմից հաստատված կարգով ուղարկվող ծանուցման մեջ նշված գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը:


6․ Ճանապարհային հարկի գծով ինչպիսի արտոնություններ են սահմանված

Հայաստանի Հանրապետությունում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային հարկի վճարումից ազատվում են`
Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները` իրենց պաշտոնական օգտագործման բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների համար.
բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետության տարածք մարդասիրական և տեխնիկական օգնություններ, բարեգործական ծրագրերի շրջանակներում բեռներ փոխադրող ճանապարհային հարկ վճարողները` այդ փոխադրումների համար.
Հայաստանի Հանրապետությունում տեղակայված` Ռուսաստանի Դաշնության ռազմակայաններ բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով փոխադրումներ իրականացնող ճանապարհային հարկ վճարողները` այդ փոխադրումների համար.
Վրաստանի տարածքում գրանցված` Հայաստանի Հանրապետության տարածքում փոխադրումներ իրականացնող բեռնատար տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ճանապարհային հարկ վճարողները, բացառությամբ 44 տոննան գերազանցող թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոտրանսպորտային միջոցների համար սույն բաժնով սահմանված ճանապարհային հարկի.
միջազգային պայմանագրերին համապատասխան ճանապարհային հարկի արտոնություններից օգտվող ճանապարհային հարկ վճարողները:
Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում գրանցված բեռնատար տրանսպորտային միջոցներով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ճանապարհային հարկ վճարողները, եթե նշյալ տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետություն մուտքի ամբողջ ժամանակահատվածում գտնվելու են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանից առավելագույնը մեկ կիլոմետր հեռավորության վրա՝ մաքսային հսկողության ներքո գտնվող տարածքներում: