- Շահութահարկը և շահութահարկ վճարողները
Շահութահարկը պետական բյուջե վճարվող պետական հարկ է:
Շահութահարկ վճարողներ են համարվում՝
- ռեզիդենտ կազմակերպությունները, բացառությամբ՝
ա. Հայաստանի Հանրապետության` ի դեմս պետական մարմինների.
բ. Հայաստանի Հանրապետության համայնքների` ի դեմս համայնքային կառավարչական հիմնարկների,
գ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի.
դ. Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունների.
ե. «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի հիման վրա ստեղծված հատուցման հիմնադրամի,
- Հայաստանի Հանրապետությունում հաշվառված՝
ա. անհատ ձեռնարկատերերը,
բ. նոտարները,
- Հայաստանի Հանրապետությունում հաշվառված, կանոնները գրանցած պայմանագրային ներդրումային ֆոնդերը (բացառությամբ կենսաթոշակային ֆոնդերի և երաշխիքային ֆոնդերի),
- ոչ ռեզիդենտ կազմակերպությունները, ինչպես նաև մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող և (կամ) մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետության աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք:
- Շահութահարկով հարկման օբյեկտը
Ռեզիդենտ կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար շահութահարկով հարկման օբյեկտ է համարվում ՀՀ աղբյուրներից և (կամ) ՀՀ-ից դուրս գտնվող աղբյուրներից ստացվող կամ ստացման ենթակա համախառն եկամուտը:
Ոչ ռեզիդենտ կազմակերպությունների, ինչպես նաև մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող և (կամ) մշտական հաստատության միջոցով ՀՀ աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար շահութահարկով հարկման օբյեկտ է համարվում ՀՀ աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը:
- Շահութահարկով հարկման բազան
Ռեզիդենտ շահութահարկ վճարողների և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողների համար՝ համախառն եկամտի և նվազեցումների (ձեռնարկատիրական ծախսեր, կորուստներ և այլ նվազեցումներ) դրական տարբերությունը։
Հարկման բազա = Համախառն եկամուտ – Նվազեցումներ > 0
ՀՀ-ում հաշվառված, կանոնները գրանցած ներդրումային ֆոնդերի (բացառությամբ կենսաթոշակային ֆոնդերի և երաշխիքային ֆոնդերի), ինչպես նաև «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» ՀՀ օրենքի հիման վրա ստեղծված արժեթղթավորման հիմնադրամի համար՝ զուտ ակտիվների հանրագումարը։
Առանց մշտական հաստատության ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողների համար, ինչպես նաև մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների՝ մշտական հաստատությանը չվերագրվող գործունեության և (կամ) եկամուտների մասով՝ ՀՀ աղբյուրներից ստացվող համախառն եկամուտը։
- Շահութահարկով հարկման բազայի որոշման ժամանակ ակտիվների և պարտավորությունների հաշվառումը
Ակտիվները և պարտավորությունները հաշվի են առնվում սկզբնական արժեքով, բացառությամբ օրենքով սահմանված կարգով վերագնահատված ակտիվների և պարտավորությունների, որոնք հաշվի են առնվում վերագնահատված արժեքով:
Ընդ որում՝ ակտիվները և (կամ) պարտավորությունները համարվում են օրենքով սահմանված կարգով վերագնահատված, եթե վերագնահատումը կատարվել է այն օրենքին համապատասխան, որով սահմանված է, որ ակտիվների և (կամ) պարտավորությունների վերագնահատումն իրականացվում է շահութահարկով հարկման բազայի որոշման կամ շահութահարկի հաշվարկման նպատակով:
- Եկամտի որոշ տեսակների հաշվառման առանձնահատկություններ
- Շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի օտարումից եկամուտը հաշվարկվում է դրանց համար ՀՀ հարկային օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող՝ անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80 տոկոսից ոչ պակաս չափով:
- Շենքերի, շինությունների, բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու գործարքների մասով եկամուտը հաշվարկվում է դրանց համար ՀՀ հարկային օրենսգրքի 228-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող՝ անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80 տոկոսի (գյուղատնտեսական նշանակության հողամասի դեպքում՝ հաշվարկային զուտ եկամտի), իսկ դրա բացակայության դեպքում՝ անշարժ գույքի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված մակերեսի տեսակարար կշռին համապատասխանող կադաստրային արժեքի 2.5 տոկոսից ոչ պակաս չափով՝ հաշվարկված տարեկան կտրվածքով:
Վերոնշյալ առանձնահատկությունները չեն կիրառվում, եթե տվյալ գույքային միավորների օտարման կամ վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու գործարքի կողմ է համարվում պետությունը կամ համայնքը (բացառությամբ այն դեպքերի, երբ գործարքը կատարվում է այլ կազմակերպության միջոցով):
- Միջնորդական ծառայությունների մատուցումից (հանձնարարության, կոմիսիայի կամ գործակալության պայմանագրերի հիման վրա ծառայությունների մատուցումից) ստացվող եկամուտը որոշվում է հանձնակատարի, կոմիսիոների կամ գործակալի վարձատրության և նրանց կողմից իրենց անունով կատարած ծախսերի դիմաց, որպես փոխհատուցում, ստացվող հատուցման հանրագումարով:
- Որոնք են նվազեցումները
- ձեռնարկատիրական ծախսերը (այսուհետ՝ ծախսեր)
- կորուստները
- այլ նվազեցումները
Ծախսեր
Ծախսը կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կողմից իրականացվող գործունեությանը վերագրվող ակտիվի նվազումը կամ պարտավորության աճն է, որը, առանձին վերցրած, հանգեցնում է կազմակերպության սեփական կապիտալի կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի զուտ ակտիվների նվազեցման, բացառությամբ ՀՀ հարկային օրենսգրքի 112-րդ հոդվածով սահմանված ծախս չհամարվող տարրերի:
Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են շահութահարկ վճարողի կատարած՝ ՀՀ հարկային օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 11-13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերը:
Ուշադրություն
Առանց փաստաթղթերով հիմնավորման համախառն եկամտից թույլատրվում է նվազեցնել ՀՀ հարկային օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված չափը չգերազանցող օրապահիկի, ինչպես նաև դաշտային պայմաններում և տեղափոխման (տեղաշարժման) աշխատանքների կատարման դեպքում՝ Կառավարության սահմանած չափը չգերազանցող չափով տրվող հատուցման գումարները:
Կորուստներ
Գույքի բնական կորուստ է համարվում գույքի պահպանության կամ տեղափոխության ընթացքում ֆիզիկաքիմիական, մեխանիկական կամ կենսաբանական գործոնների ազդեցությամբ պայմանավորված՝ գույքի քաշի, չափի, ծավալի և (կամ) քանակի նվազումը:
Գույքի բնական կորուստը համախառն եկամտից նվազեցվում է ՀՀ կառավարության 13.12.2018թ. N1467-Ն որոշմամբ սահմանված չափը չգերազանցող չափով՝ այդ կորստի տեղի ունենալու կամ այդ կորուստը հայտնաբերելու հարկային տարվա ընթացքում: Կառավարության կողմից բնական կորստի չափ սահմանված չլինելու կամ բնական կորստի չափը Կառավարության սահմանած չափը գերազանցելու դեպքում համախառն եկամուտը այդ կորստի չափով (բնական կորստի չափը Կառավարության սահմանած չափը գերազանցելու դեպքում՝ գերազանցող չափով) չի նվազեցվում:
Գույքի որակական կորուստ է համարվում պիտանիության (պահպանման) ժամկետ ունեցող ապրանքի պիտանիության (պահպանման) ժամկետի սպառման կամ ժամանակի ընթացքում մաշվածության և (կամ) քայքայման արդյունքում գույքի սպառողական հատկանիշների անկման կամ օրենսգրքով կամ ՀՀ օրենքներով սահմանված դեպքերում ապրանքի մատակարարման արգելքների կամ սահմանափակումների առաջացման արդյունքում շրջանառությունից հանվող գույքը կամ ապրանքը:
Գույքի՝ փաստաթղթերով հիմնավորված որակական կորուստը համախառն եկամտից նվազեցվում է այդ կորստի տեղի ունենալու կամ այդ կորուստը հայտնաբերելու հարկային տարվա համախառն եկամտի 1 տոկոսը չգերազանցող չափով՝ տվյալ հարկային տարվա ընթացքում:
Գույքի պատահական կորուստ է համարվում գույքի կորուստը, ոչնչացումը կամ վնասումը, որը տեղի է ունեցել հրդեհի, ջրհեղեղի, երկրաշարժի կամ այլ տարերային աղետի, նավաբեկման, պատերազմի, մարտական գործողությունների, զինված հարձակման, զանգվածային անկարգությունների, ապստամբության կամ նման այլ արտակարգ իրադարձությունների (ներառյալ՝ օրենքով սահմանված ապահովագրական պատահարները) հետևանքով:
Գույքի՝ փաստաթղթերով հիմնավորված պատահական կորուստը համախառն եկամտից նվազեցվում է ամբողջ չափով՝ այդ կորստի տեղի ունենալու կամ այդ կորուստը հայտնաբերելու հարկային տարվա ընթացքում:
Գույքի տեխնոլոգիական կորուստ են համարվում՝
1) շահութահարկ վճարողի կողմից միավոր արտադրանքի արտադրության (հավաքման, պատրաստման) համար սահմանված՝ հումքի, նյութերի, դետալների և (կամ) հանգույցների ծախսի նորմայի այն մասը, որը արտադրության (հավաքման, պատրաստման) գործընթացում օգտագործվող տեխնոլոգիայի հետևանքով կորցրել է իր որակական հատկանիշները.
2) խոտան արտադրանքը՝ շահութահարկ վճարողի սահմանած նորմայի չափով.
3) օրենսդրությամբ կամ Կառավարության լիազոր մարմնի սահմանած տեխնոլոգիական կորուստները:
Գույքի՝ փաստաթղթերով հիմնավորված այլ կորուստը վերը չթվարկված՝ գույքի փաստացի այլ կորուստն է:
Գույքի՝ փաստաթղթերով հիմնավորված այլ կորուստը, ինչպես նաև գույքի՝ փաստաթղթերով հիմնավորված տեխնոլոգիական կորստի որևէ նորմա սահմանված չլինելու կամ որևէ նորմա գերազանցվելու դեպքում, համապատասխան կորուստները համախառն եկամտից նվազեցվում են՝
- վնաս պատճառողի կողմից կորուստն ամբողջությամբ կամ մաս-մաս կամովին հատուցելու դեպքում` կորստի ամբողջական կամ մաս-մաս հատուցման հարկային տարում,
- վնաս պատճառողին չպարզելու հետևանքով նախաքննության մարմնի կողմից քրեական գործը կասեցնելու կամ կարճելու մասին որոշում ընդունելու դեպքում` այդ որոշման ընդունման հարկային տարում,
- դատարանի կողմից վնաս պատճառողին մեղավոր կամ անմեղ ճանաչելու վերաբերյալ դատական ակտ ընդունելու դեպքում` այդ ակտն ուժի մեջ մտնելու հարկային տարում:
Գույքի որակական պատահական, տեխնոլոգիական և այլ կորուստների փաստաթղթավորման կարգը սահմանված է ՀՀ կառավարության 05.10.2017թ. N1261-Ն որոշմամբ:
Այլ նվազեցումներ
Այլ նվազեցումների թվին են դասվում, մասնավորապես՝
- անվավեր ճանաչված գործարքների մասով նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտում ներառված գումարները,
- Կառավարության սահմանած կարգով շահութահարկ վճարողների (բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց) կողմից՝ անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման համար պահուստին կատարվող մասհանումները, անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման դեպքում` այդ նպատակով ստեղծված պահուստին կատարված մասհանումները գերազանցող գումարները, ինչպես նաև նախկինում դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերի մարման գումարները,
- Կառավարության լիազոր մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ սահմանած կարգով բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց կողմից՝ անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման համար պահուստին կատարվող մասհանումները, անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման դեպքում` այդ նպատակով ստեղծված պահուստին կատարված մասհանումները գերազանցող գումարները, ինչպես նաև նախկինում դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերի մարման գումարները,
- հարկային տարվան նախորդող հարկային տարիների գործունեության արդյունքներով առաջացած հարկային վնասները՝ որպես համախառն եկամտի և նվազեցումների բացասական տարբերություն,
- գրադարաններին, թանգարաններին, հանրակրթական դպրոցներին, տուն-գիշերօթիկներին, ծերանոցներին, մանկատներին, բժշկական հաստատություններին, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպություններին տրամադրված ակտիվների, դրանց համար կատարված աշխատանքների և (կամ) դրանց մատուցված ծառայությունների արժեքը, բայց ոչ ավելի, քան հարկային տարվա համախառն եկամտի 0.25 տոկոսը.
- շահութահարկ վճարողի մոտ վարձու աշխատող համարվող (այդ թվում՝ համատեղության կարգով), ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող կամ քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա շահութահարկ վճարողին ծառայություն մատուցող յուրաքանչյուր հաշմանդամի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրից ստացվող եկամուտների հանրագումարի 150 տոկոսը՝ անկախ աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից:
- Համախառն եկամտից կատարվող նվազեցումների սահմանափակումները
Համախառն եկամտից չեն նվազեցվում՝
- պետական կամ համայնքների բյուջեներ կամ կուտակային կենսաթոշակային համակարգին կատարվող վճարումների կամ հարկային մարմնի կողմից վերահսկվող այլ գումարների մասով Օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված կարգով հաշվարկվող և վճարվող տույժերը, տուգանքները և այլ գույքային պատժամիջոցները.
- անհատույց տրամադրած ակտիվները, անհատույց կատարված աշխատանքները կամ անհատույց մատուցված ծառայությունները, ներած պարտավորությունները, բացառությամբ ՀՀ հարկային օրենսգրքի 120-րդ հոդվածով և 123-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դեպքերի.
- սեփականության իրավունքով շահութահարկ վճարողին պատկանող, սակայն լիզինգով (տարատեսակներով) տրված (եթե լիզինգի (տարատեսակների) պայմանագրով նախատեսված է, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո կամ մինչև դրա ավարտը լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել լիզինգառուին) հիմնական միջոցների մասով ՀՀ հարկային օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հաշվարկվող ամորտիզացիոն մասհանումների գծով ծախսերը.
- այն եկամուտների ստացման հետ կապված ծախսերը, որոնք շահութահարկով հարկման բազան որոշելիս նվազեցվում են համախառն եկամտից.
- ՀՀ հարկային օրենսգրքի 4-րդ, 5-րդ և 8-րդ բաժիններով սահմանված կարգով և չափով հաշվանցվող (պակասեցվող) ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և բնապահպանական հարկի գումարները.
- ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում ԱԱՀ-ով և ակցիզային հարկով հարկման բազաների նկատմամբ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով և չափով հաշվարկվող և վճարվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գումարները.
- ՀՀ հարկային օրենսգրքի 114-120-րդ հոդվածներով սահմանված՝ շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով նորմավորվող ծախսերի՝ նորմաները գերազանցող մասը:
- Ծախսերի նվազեցման առանձնահատկությունները
Ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման հետ անմիջականորեն կապված ծախսերը համախառն եկամտից նվազեցվում են այդ ապրանքների մատակարարմանը, աշխատանքների կատարմանը և (կամ) ծառայությունների մատուցմանը համամասնորեն։
Առևտրական (առք ու վաճառքի) գործունեության առարկա հանդիսացող ապրանքների սկզբնական արժեքը համախառն եկամտից նվազեցվում է այդ ապրանքների մատակարարմանը համամասնորեն։
Այլ ակտիվների (այդ թվում` հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների) հաշվեկշռային արժեքը համախառն եկամտից նվազեցվում է այդ ակտիվների օտարմանը համամասնորեն։
Շահութահարկ վճարողի գործունեության հետ կապված վարչական ծախսերը, իրացման ծախսերը, ոչ արտադրական բնույթի այլ ծախսերը համախառն եկամտից նվազեցվում են այն հարկային տարվա ընթացքում, որին դրանք վերաբերում են։
Ֆինանսական ծախսերը համախառն եկամտից նվազեցվում են այն հարկային տարվա ընթացքում, որին դրանք վերաբերում են, բացառությամբ հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող օրենսդրությամբ սահմանված այն դեպքերի, երբ դրանք ներառվում են (կապիտալացվում են) ակտիվի սկզբնական արժեքի մեջ:
- Շահութահարկի դրույքաչափերը
Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի նկատմամբ շահութահարկը հաշվարկվում է 18 տոկոս դրույքաչափով:
ՀՀ-ում հաշվառված, կանոնները գրանցած ներդրումային ֆոնդերի (բացառությամբ կենսաթոշակային ֆոնդերի և երաշխիքային ֆոնդերի), ինչպես նաև «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» ՀՀ օրենքի հիման վրա ստեղծված արժեթղթավորման հիմնադրամի հարկման բազայի նկատմամբ շահութահարկը հաշվարկվում է 0.01 տոկոս դրույքաչափով:
Շրջանառության հարկի համակարգում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը և նոտարները գործունեության այդ տեսակների մասով շահութահարկը վճարում են ամսական 5 հազար դրամի չափով, որը նրանց համար համարվում է շահութահարկի գծով վերջնական հարկային պարտավորություն:
Առանց մշտական հաստատության ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի նկատմամբ շահութահարկը հաշվարկվում է հետևյալ դրույքաչափերով.
1) ապահովագրական հատուցումների, վերաապահովագրական վճարների և փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտների մասով՝ 5 տոկոս.
2) պասիվ եկամուտների մասով՝ 10 տոկոս, բացառությամբ շահաբաժինների և արժեթղթերի օտարումից ստացվող ակտիվների արժեքի հավելաճի.
3) շահաբաժինների մասով՝ 5 տոկոս.
4) արժեթղթերի օտարումից ստացվող ակտիվների արժեքի հավելաճի մասով՝ 0 տոկոս.
5) ՀՀ աղբյուրներից ստացվող այլ եկամուտների մասով՝ 20 տոկոս:
- Շահութահարկի կանխավճարները
Ռեզիդենտ շահութահարկ վճարողը և մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողը պարտավոր են ընթացիկ հարկային տարվա յուրաքանչյուր եռամսյակի համար՝ մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվա 20-ը ներառյալ, կատարել շահութահարկի կանխավճարներ՝ նախորդ հարկային տարվա շահութահարկի գումարի 20 տոկոսով հաշվարկվող գումարի և նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից և (կամ) ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտների 2 տոկոսով հաշվարկվող գումարի նվազագույնի չափով:
Մինչև նախորդ հարկային տարվա շահութահարկի գումարի հաշվարկումը (մինչև նախորդ հարկային տարվա համար շահութահարկի հաշվարկը հարկային մարմին ներկայացնելը) շահութահարկի կանխավճարները յուրաքանչյուր անգամ կատարելու համար նախորդ հարկային տարվա շահութահարկի գումարի 20 տոկոսով հաշվարկվող գումարի փոխարեն ընդունվում է վերջին հաշվետու տարվա համար ներկայացված շահութահարկի հաշվարկով (այդ թվում` ճշտված) արտացոլված շահութահարկի գումարի 20 տոկոսով հաշվարկվող գումարը:
Հարկային տարվա ընթացքում պետական գրանցում ստացած (օրենքով սահմանված դեպքերում` հաշվառված) կամ որպես նոտար նշանակված հարկ վճարողները` համապատասխանաբար, պետական գրանցման (օրենքով սահմանված դեպքերում` հաշվառման) կամ որպես նոտար նշանակման հարկային տարվա եռամսյակների համար, իսկ նախորդ հարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող չհամարված, ինչպես նաև ընթացիկ հարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարված հարկ վճարողներն ընթացիկ հարկային տարվա եռամսյակների համար շահութահարկի կանխավճարներ չեն կատարում:
Շահութահարկի կանխավճարներ կարող է չկատարել այն հարկ վճարողը, որը հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն՝
1) որևէ օրվանից սկսած՝ անորոշ ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին, ապա հայտարարության մեջ նշված՝ գործունեությունը դադարեցնելու օրվանից (բայց ոչ շուտ, քան գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարության ներկայացման օրը) մինչև գործունեությունը վերսկսելու մասին հարկային մարմնի հաստատած ձևով ներկայացվող հայտարարության մեջ նշված` գործունեությունը վերսկսելու օրը (բայց ոչ շուտ, քան գործունեությունը վերսկսելու մասին հայտարարության ներկայացման օրը) ընկած ժամանակահատվածում ներառվող ամբողջական եռամսյակների համար.
2) որևէ օրվանից սկսած՝ որոշակի ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին, ապա հայտարարության մեջ նշված՝ գործունեությունը դադարեցնելու օրվանից (բայց ոչ շուտ, քան գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարության ներկայացման օրը) մինչև հայտարարության մեջ նշված` գործունեությունը վերսկսելու օրը ընկած ժամանակահատվածում ներառվող ամբողջական եռամսյակների համար:
- Շահութահարկի հաշվարկների ներկայացումը
Ռեզիդենտ շահութահարկ վճարողները, ՀՀ-ում հաշվառված, կանոնները գրանցած պայմանագրային ներդրումային ֆոնդերը (բացառությամբ կենսաթոշակային ֆոնդերի և երաշխիքային ֆոնդերի), ինչպես նաև մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողները մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացնում շահութահարկի հաշվարկ:
Հարկային գործակալի բացակայության դեպքում առանց մշտական հաստատության ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողները մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացնում շահութահարկի հաշվարկներ:
- Շահութահարկը հաշվարկելը և պահելը հարկային գործակալի կողմից
Ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների գծով ձևավորվող հարկման բազայի մասով շահութահարկը հաշվարկում և պահում է հարկային գործակալը, եթե՝
1) եկամուտները վճարվում են առանց մշտական հաստատության ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողին,
2) եկամուտները վճարվում են մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողին, սակայն այդ եկամուտները չեն վերագրվում մշտական հաստատությանը:
Հարկային գործակալները մինչև յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ էլեկտրոնային եղանակով հարկային մարմին են ներկայացնում նախորդ հաշվետու եռամսյակում ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին հաշվարկ:
- Շահութահարկի գումարի վճարումը
Ռեզիդենտ շահութահարկ վճարողները, ներդրումային ֆոնդերը (բացառությամբ կենսաթոշակային ֆոնդերի և երաշխիքային ֆոնդերի), ինչպես նաև մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողները շահութահարկի գումարները պետական բյուջե են վճարում մինչև հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ:
Հարկային գործակալները շահութահարկի գումարները պետական բյուջե են վճարում մինչև ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողին եկամուտների վճարման եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:
Հարկային գործակալի բացակայության դեպքում առանց մշտական հաստատության ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողները, ինչպես նաև մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողները՝ մշտական հաստատությանը չվերագրվող եկամուտների գծով ձևավորվող հարկման բազայի մասով հաշվարկված շահութահարկի գումարները պետական բյուջե են վճարում մինչև հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ:
Շրջանառության հարկի համակարգում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը և նոտարները գործունեության այդ տեսակների մասով յուրաքանչյուր ամսվա համար 5 հազար դրամի չափով հաշվարկած շահութահարկի գումարները վճարում են մինչև տվյալ հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ:
|