Ակցիզային դրոշմանիշերի և դրոշմապիտակների մասին

1․ Որո՞նք են ակցիզային դրոշմանիշներով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքները 

Ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը սահմանված է ՀՀ հարկային օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասով։ Մասնավորապես՝ ԱՏԳԱԱ  2204, 2205, 2206, 2207, 2208 և 2402 ծածկագրերին դասվող ապրանքներն են ենթակա ակցիզային դրոշմանիշներով դրոշմավորման։
Դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը սահմանված է ՀՀ հարկային օրենսգրքի 390-րդ հոդվածի 1-ին մասով։ 


2․ Ո՞ր ապրանքները ակցիզային դրոշմանիշներով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա չեն

Ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա չեն՝
ԱՏԳԱԱ 2204, 2205, 2206, 2208 ծածկագրերին դասվող` մինչև 0.05 լիտր տարողությամբ տարաներով տարայավորված խմիչքները,
ԱՏԳԱԱ 2208 ծածկագրին դասվող` մինչև 9 տոկոս ներառյալ սպիրտայնություն ունեցող սպիրտային խմիչքները։
Դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա չեն՝
ԱՏԳ ԱԱ 0405, 0406, 0901, 0902, 0903 00 000, 1806 և 2101 ծածկագրերին դասվող` մինչև 100 գրամ (ներառյալ) կամ 100 գրամից առավելագույնը 10 տոկոս շեղումով պարունակություն ունեցող՝ տարայավորված (փաթեթավորված) ապրանքները։


3․ Ո՞ր դեպքում է պարտադիր դրոշմապիտակների առկայությունը ապրանքների վրա

Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված՝ շշալցված կամ ցանկացած այլ կերպ տարայավորված (փաթեթավորված)` դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքների վրա Հայաստանի Հանրապետության տարածքում օտարման ցանկացած փուլում դրոշմապիտակի առկայությունը պարտադիր է, եթե այդ ապրանքներն օտարվում են նույն տարայավորմամբ (փաթեթավորմամբ) ու ապրանքային տեսքով՝ առանց քաշը (ծավալը) փոփոխելու։


4․ Ովքե՞ր են ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման պարտավորություն կրողները

Ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման պարտավորություն են կրում
ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից` «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի հանրապետություն դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը,
ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը,
Հայաստանի Հանրապետությունում դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը։
Դրոշմավորման պարտավորություն կրելու մյուս դեպքերը նկարագրված են ՀՀ հարկային օրենսգրքի 391-րդ հոդվածում:


5․ Ո՞ր ապրանքները ենթակա չեն դրոշմավորման 

Դրոշմավորման ենթակա չեն՝
ֆիզիկական անձանց կողմից որպես ուղեկցող բեռ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ ԵՏՄ և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված արժեքային, բնաիրային և քանակական չափերը չգերազանցող դրոշմավորման ենթակա ապրանքները,
ՀՀ հարկային օրենսգրքի 391-րդ հոդվածին համապատասխան դրոշմավորման պարտավորություն կրող հարկ վճարողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող դրոշմավորման ենթակա ապրանքները, ինչպես նաև անմաքս առևտրի խանութում վաճառքի համար նախատեսված դրոշմավորման ենթակա ապրանքները,
Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող դրոշմավորման ենթակա ապրանքները՝ Կառավարության սահմանած կարգով մաքսային մարմնի կողմից տրվող համաձայնության հիման վրա:


6․ Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների տրամադրման կարգը

Ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները տրամադրվում են էլեկտրոնային եղանակով ներկայացված հայտի և հայտի ներկայացման օրվա դրությամբ նախկինում ստացված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների օգտագործման մասին հաշվետվության հիման վրա, հայտ ներկայացրած կազմակերպության լիազորած ֆիզիկական անձին (անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջը կամ նրա կողմից լիազորված ֆիզիկական անձին) հայտը ներկայացնելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում: Հայտի և հաշվետվության ձևերը և լրացման կարգերը սահմանված են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 14.11.2018թ. N692-Ն հրամանով։
Դրոշմավորման պարտավորություն կրող հարկ վճարողները  մինչև ապրանքների օտարումն էլեկտրոնային եղանակով կատարում են գրանցումներ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ մինչև ապրանքների օտարումն էլեկտրոնային եղանակով կատարում են ճշգրտումներ այդ գրանցումներում։
Շրջանառության հարկ վճարող համարվող կամ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող հարկ վճարողները կարող են մինչև ապրանքների օտարումն էլեկտրոնային եղանակով գրանցումներ չկատարել, եթե գրանցման ենթակա բոլոր տվյալները (բացառությամբ տրամադրվելիք դրոշմապիտակների սերիաների և հերթական համարների) նշում են դրոշմապիտակների ստացման հայտում: Նշված հարկ վճարողները անհրաժեշտության դեպքում կարող են մինչև ապրանքների օտարումն էլեկտրոնային եղանակով գրանցումներ կատարելու միջոցով ճշգրտել նախկինում իրենց ներկայացրած դրոշմապիտակների ստացման հայտում նշված տվյալները:
Հարկ է նկատի ունենալ, որ
1) մինչև դրոշմավորման ենթակա ապրանքների օտարումն էլեկտրոնային եղանակով գրանցումների կատարումը և (կամ) գրանցման ենթակա բոլոր տվյալներով դրոշմապիտակների ստացման հայտի ներկայացումը չի դիտվում որպես էլեկտրոնային գրանցումներում կամ դրոշմապիտակների ստացման հայտում նշված ապրանքների օտարում.
2) մինչև դրոշմավորման ենթակա ապրանքների օտարումն էլեկտրոնային եղանակով գրանցվում են դրոշմավորման ենթակա ապրանքների տեսակը, ենթատեսակը (նկարագիրը), տարողությունը (ծավալը, քաշը կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորը), քանակությունը և համապատասխան ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների սերիաներն ու հերթական համարները (այդ թվում` միջակայքերով): ԱՏԳ ԱԱ 3004 ծածկագրին դասվող ապրանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքների) դեպքում էլեկտրոնային եղանակով գրանցվում են նաև ներմուծման (համապատասխանության) հավաստագրի համարը և դրանում դեղի հերթական համարը:


7․ Ինչպե՞ս է իրականացվում ապրանքների դրոշմավորումը 

Ապրանքների դրոշմավորումն իրականացվում է ստացված ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները դրոշմավորման ենթակա ապրանքների վրա փակցվելու միջոցով: Ապրանքների դրոշմավորման կանոնները (այդ թվում` դրոշմավորման ենթակա յուրաքանչյուր ապրանքատեսակի կամ փաթեթի կամ ցանկացած այլ ձևով տարայի վրա դրոշմավորման տեղը) սահմանված է ՀՀ Կառավարության 06.07.2017թ․ N773-Ն որոշմամբ։
Եթե դրոշմապիտակներով դրոշմավորման պարտավորություն կրող հարկ վճարողների կողմից օտարվում են նույն փաթեթում կամ ցանկացած այլ ձևի տարայում գտնվող դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա և ոչ ենթակա ապրանքներ, ապա դրանց դրոշմավորումը և էլեկտրոնային եղանակով գրանցումները (այդ թվում` գրանցումներում ճշգրտումներն) իրականացվում են միայն դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքի մասով։
Եթե դրոշմապիտակներով դրոշմավորման պարտավորություն կրող հարկ վճարողների կողմից օտարվում են նույն փաթեթում կամ ցանկացած այլ ձևի տարայում գտնվող դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա մեկից ավելի ապրանքներ, ապա դրանց դրոշմավորումը և էլեկտրոնային եղանակով գրանցումները (այդ թվում` գրանցումներում ճշգրտումներն) իրականացվում են յուրաքանչյուր դրոշմապիտակով դրոշմավորման ենթակա ապրանքի մասով առանձին։
Դրոշմավորման ենթակա ապրանքի վրա պետք է փակցված լինի չվնասված, ամբողջական ակցիզային դրոշմանիշ և (կամ) դրոշմապիտակ, որոնց գծով էլեկտրոնային եղանակով կատարված գրանցումները պետք է համապատասխանեն դրոշմավորման ենթակա ապրանքի տեսակին, ենթատեսակին (նկարագրին)։


8․ Ե՞րբ և ինչպե՞ս են վերադարձվում չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերը

Չօգտագործված ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները վերադարձվում են դրանց ստացման ամսվան հաջորդող վեցամսյա ժամկետում: Նշված ժամկետը հարկային մարմնի կողմից հարկ վճարողի դիմումի հիման վրա երկարաձգվում է դիմումում նշված ժամկետով, բայց ոչ ավելի, քան 90 օրով:
Վնասված ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները վերադարձվում են յուրաքանչյուր կիսամյակի արդյունքներով, մինչև կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:
Չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերը և (կամ) դրոշմապիտակները հարկ վճարողի կողմից, հարկային մարմնի սահմանած ձևի դիմումի հիման վրա, վերադարձվում են հարկային մարմին: Հարկային մարմինը դիմումն ստանալուց հետո` տասը աշխատանքային օրվա ընթացքում, ստուգում է վնասված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների համապատասխանությունը սահմանված պահանջներին և ընդունում է որոշում այդ պահանջներին դրանց համապատասխանության (անհամապատասխանության) մասին և որոշման ընդունման օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է հարկ վճարողին։


9. Տուգանքներ

Չօգտագործված (այդ թվում՝ կորած) կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերադարձը սահմանված ժամկետներից ուշացնելու կամ հարկային մարմնի կողմից հետ չընդունվելու, դրոշմավորման կանոնները խախտելու համար ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված են տուգանքներ։ 
Ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների օտարելը կամ ապօրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերով (կամ) հսկիչ նշաններով (դրոշմապիտակներով) ապրանքներ դրոշմավորելու, ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված (չվերադրոշմավորված) ապրանքներ իրացնելու դեպքում տուգանքներ են նախատեսված Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով, իսկ ակցիզային դրոշմանիշեր և (կամ) դրոշմապիտակներ կեղծելու կամ իրացնելու կամ ակցիզային դրոշմանիշեր և (կամ) դրոշմապիտակներ օտարելու կամ ապօրինի ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով ապրանքներ դրոշմավորելու դեպքում տուգանքներ սահմանված են ՀՀ քրեական օրենսգրքով։