Ակցիզային հարկի մասին

1. Ի՞նչ է ակցիզային հարկը

Ակցիզային հարկը` ակցիզային հարկով հարկման օբյեկտ համարվող գործարքների և (կամ) գործառնությունների իրականացման համար Օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում պետական բյուջե վճարվող պետական հարկ է: 

2. Ովքե՞ր են համարվում ակցիզային հարկ վճարողներ

    Ակցիզային հարկ վճարողներ են համարվում` 
  • ակցիզային հարկման օբյեկտ համարվող գործարքներ և գործառնություններ իրականացնող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը,
  • ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ ոչ ռեզիդենտի մշտական հաստատության հետ կնքված պայմանագրերով նրանց կողմից տրված հումքից ՀՀ տարածքում արտադրված կամ տարայավորված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի մատակարարման գործարքի մասով ակցիզային հարկ վճարող է համարվում համապատասխանաբար ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը կամ ՀՀ-ում հաշվառված անհատ ձեռնարկատերը կամ ոչ ռեզիդենտի մշտական հաստատությունը՝ որպես պատվիրատու,
  • մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի հետ կնքված պայմանագրերով նրանց կողմից տրված հումքից Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված կամ տարայավորված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի մասով ակցիզային հարկ վճարող է համարվում այդ ապրանքն արտադրող կամ տարայավորող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը:

Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք ակցիզային հարկ վճարում են, եթե այդ անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների (այդ թվում՝ ԵՏՄ անդամ պետություններից) ներմուծումը, «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն համարվում է ձեռնարկատիրական գործունեության նպատակով իրականացվող ներմուծում: «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքին համապատասխան` ՀՀ-ում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ապրանքների ներմուծումը դիտարկվում է որպես ձեռնարկատիրական գործունեության նպատակով իրականացվող ներմուծում, եթե ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների չափաքանակները (այդ թվում` ըստ Միության անդամ հանդիսացող կամ չհանդիսացող երկրների) գերազանցում են Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները:

3. Որո՞նք են ակցիզային հարկով հարկման օբյեկտները

    Ակցիզային հարկով հարկման օբյեկտ է համարվում`
  • արտադրողի կողմից արտադրված կամ տարայավորված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի մատակարարումը, եթե ապրանքի մատակարարման վայրը Օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն համարվում է Հայաստանի Հանրապետությունը,
  • «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն.
  • ԵՏՄ անդամ պետություններից ակցիզային հարկով հարկման ենթակա՝ ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն.
  • ավտոգազալիցքավորման ճնշակայանում սեղմված բնական գազի մատակարարումը (ավտոգազալիցքավորման ճնշակայանում սեղմված բնական գազի մատակարարում է համարվում նաև ավտոգազալիցքավորման ճնշակայան շահագործող հարկ վճարողի կողմից ներտնտեսական կարիքների համար սեղմված բնական գազի սպառումը):

4. Ո՞ր ապրանքատեսակներն են հարկվում ակցիզային հարկով

Ակցիզային հարկով հարկվող ապրանքատեսակներն են` էթիլային սպիրտը (բացառությամբ կոնյակի սպիրտի), սպիրտային խմիչքները, գարեջուրը, գինին, ծխախոտի արտադրանքը (այդ թվում՝ ծխախոտի արդյունաբերական փոխարինիչները, սիգարները, սիգարելաները), քսայուղը, բենզինը, դիզելային վառելիքը, հում նավթը, նավթամթերքները, նավթային գազերը, գազանման այլ ածխաջրածինները (բացառությամբ սեղմված չհամարվող բնական գազի), սեղմված բնական գազը: Ընդ որում, ակցիզային հարկով հարկման առումով սեղմված բնական գազ է համարվում ԱՏԳ ԱԱ 2711 21 ապրանքային դիրքին դասվող բնական գազը, որը ստացվում է մի քանի փուլով (խառնուրդի մաքրում, խոնավության և այլ աղտոտիչների հեռացում ու սեղմում) գազի մշակման արդյունքում՝ առանց բնական գազի բաղադրության փոփոխության: 

5. Ինչպե՞ս է որոշվում ակցիզային հարկը

Ակցիզային հարկը որոշվում է ակցիզային հարկով հարկման բազայի` ապրանքի քանակի (ծավալի) նկատմամբ` արտահայտված չափման բնաիրային միավորներով, կիրառելով ակցիզային հարկի դրույքաչափ:

6. Որո՞նք են ակցիզային հարկի դրույքաչափերը

Ակցիզային հարկի դրույքաչափերն են`

Ապրանքի ծածկագիրը` ըստ ԱՏԳԱԱ-ի Ապրանքախմբի անվանումը Հարկման բազայի չափման միավորը Ակցիզային հարկի դրույքաչափը (դրամ)
2020թ. հունվարի 1-ից 2021թ. հունվարի 1-ից 2022թ. հունվարի 1-ից 2023թ. հունվարի 1-ից
2207 Էթիլային սպիրտ 1 լիտր (100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) 2600 3380 4400 5700
2208
(բացառությամբ
2208 90 330 0
2208 90 380 0
2208 90 480 0
2208 20
2208 30
2208 40)
սպիրտային խմիչքներ 1 լիտր 1560 2030 2640 3430
2208 90 330 0
2208 90 380 0
2208 90 480 0
պտուղներից և (կամ) հատապտուղներից պատրաստված օղի 1 լիտր 800
2208 20 կոնյակ, բրենդի և այլ սպիրտային թուրմեր 1 լիտր (100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) ա. 1-ից մինչև 3 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 3000
բ. 4-ից մինչև 5 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 3500
գ. 6-ից մինչև 10 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 6000
դ. 11-ից մինչև 15 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 8500
ե. 16-ից մինչև 19 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 14000
զ. 20 և ավելի տարի հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 22000
2208 30
2208 40
վիսկի, ռոմ և այլ սպիրտային թուրմեր 1 լիտր 7000
2203 գարեջուր 1 լիտր 130
2204 խաղողի գինի 1 լիտր 150
2205 վերմուտ և խաղողի այլ գինիներ 1 լիտր 1000
2206
(բացառությամբ`
2206 00 390
2206 00 590
2206 00 890)
խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք), բացառությամբ պտղային, հատապտղային, մրգային գինիների և գինենյութի 1 լիտր 270
2206 00 390
2206 00 590
2206 00 890
պտղային, հատապտղային, մրգային և այլ գինիներ 1 լիտր 150
2402
(բացառությամբ
2402 10 00011
2402 90 00011
2402 10 00012
2402 90 00012)
ծխախոտի արտադրանք 1000 հատ 9625 11070 12730 14640
2402 10 00011
2402 90 00011
սիգար 1000 հատ 605000
2402 10 00012
2402 90 00012
սիգարելա 1000 հատ 16500
2403 (բացառությամբ
2403 99 90 090)
ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ 1 կգ 1500
2710 19 710
2710 19 980
3403 19 100 0,
3403 19 900 0,
3403 99 000 0
քսայուղ 1 կգ 500
2710 12 բենզին 1 տոննա 40000
2710
(բացառությամբ
2710 12
2710 19 710 –
2710 19 980)
Դիզելային վառելիք 1 տոննա 13000
2709 հում նավթ, նավթամթերքներ 1 տոննա 27000
2711
(բացառությամբ
2711 11
2711 21)
նավթային գազեր և գազանման այլ ածխաջրածիններ 1 տոննա 1000
2711 21 Սեղմված բնական գազ 1 տոննա 34000
2403 99 90 090 Ծխախոտի արտադրանք 1000 հատ 2000 2300 2700 3100

2020 թվականի հունվարի 1-ից որոշ ապրանքատեսակների մասով ակցիզային հարկի չափը որոշելիս կիրառվում է ակցիզային հարկի հաշվարկման գործակից: Այդ գործակիցներն են`

2020թ. հունվարի 1-ից 2021թ. հունվարի 1-ից 2022թ. հունվարի 1-ից 2023թ. հունվարի 1-ից
1.0 1.03 1.06 1.09

    Ակցիզային հարկի դրույքաչափերի կիրառման համար օրենսգրքով սահմանված են հետևյալ առանձնահատկությունները`
  • ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող` 40 տոկոսից բարձր սպիրտայնությամբ ապրանքների համար սպիրտայնության 40 տոկոսը գերազանցող յուրաքանչյուր ամբողջական տոկոսային կետի համար ակցիզային հարկի դրույքաչափն ավելացվում է 7.5 դրամով (բացառությամբ կոնյակի սպիրտի), 
  • ներառյալ ինը տոկոս սպիրտայնությամբ ապրանքների համար ակցիզային հարկը յուրաքանչյուր լիտրի համար սահմանվում է 100 դրամ,
  • ԱՏԳԱԱ 220820 ծածկագրին դասվող՝ կոնյակ ներմուծող, արտադրող և (կամ) տարայավորող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են կոնյակի տարայի վրա Կառավարության սահմանած կարգով մակնշել դրա հնացման աստիճանը՝ ըստ տարիների: ԱՏԳԱԱ 220820 ծածկագրին դասվող կոնյակի հնացման աստիճանի վերաբերյալ տարայի վրա մակնշման բացակայության դեպքում ակցիզային հարկը հաշվարկվում է ԱՏԳԱԱ 220820 ծածկագրին վերաբերող ապրանքների մասով սահմանված առավելագույն դրույքաչափից ոչ պակաս չափով,
  • բենզինի մեկ տոննայի համար սահմանված ակցիզային հարկի և սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի հանրագումարը 135000 դրամի և յուրաքանչյուր տարվա համար սահմանված՝ ակցիզային հարկի հաշվարկման գործակցի արտադրյալից պակաս լինելու դեպքում ակցիզային հարկն ավելացվում է այն չափով, որ բենզինի մեկ տոննայի համար ակցիզային հարկի և ԱԱՀ-ի հանրագումարը հավասարվի 135000 դրամի և յուրաքանչյուր տարվա համար սահմանված՝ ակցիզային հարկի հաշվարկման գործակցի արտադրյալին:
7. Որո՞նք են ակցիզային հարկից ազատված գործարքները

    Ակցիզային հարկից ազատվում են`
  • Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի մատակարարումը.
  • Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություն արտահանված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի մատակարարումը՝ արտահանման հարկային հայտարարագիրը հարկային մարմին ներկայացնելու դեպքում.
  • ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մատակարարումը անմաքս առևտրի խանութի կազմակերպչին, ինչպես նաև կենտրոնացված մատակարարումների կազմակերպման շրջանակներում անմաքս առևտրի խանութում վաճառքի համար նախատեսված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մատակարարումը կենտրոնացված մատակարարին։ Ընդ որում, կենտրոնացված մատակարարը պարտավոր է ձեռք բերելուց հետո՝ 60 օրացուցային օրվա ընթացքում, սույն կետում նշված ապրանքները մատակարարել անմաքս առևտրի խանութի կազմակերպչին։ Հարկ վճարողին կենտրոնացված մատակարարի կարգավիճակը տրամադրում է անմաքս առևտրի խանութի կազմակերպիչը: Անմաքս առևտրի խանութի կազմակերպչի կողմից հարկ վճարողին կենտրոնացված մատակարարի կարգավիճակ տրամադրելու մասին հարկային մարմնին տեղեկացնելու, ինչպես նաև կենտրոնացված մատակարարի մոտ սույն կետում նշված ապրանքները հաշվառելու կարգը սահմանում է Կառավարությունը.
  • 40 տոկոս և բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակի մատակարարումը կոնյակ արտադրող կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին.
  • բռնագրավման կամ նվիրատվության ձևով ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը պետությանը կամ համայնքին,
  • «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգի գործողությունը եզրափակելու նպատակով անմաքս առևտրի խանութի կազմակերպչի կողմից ակցիզային հարկով հարկման ենթակա այն օտարերկրյա ապրանքների՝ «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծումը, որոնք իրացվել են «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 243-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշված անձանց.
  • ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետությունում գործող անմաքս առևտրի խանութներ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի ներմուծումը:

8. Ե՞րբ են ներկայացվում ակցիզային հարկի հաշվարկները 

Ակցիզային հարկ վճարողները, բացառությամբ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ ներմուծողների, մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին են ներկայացնում ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներ: 

Ակցիզային հարկի մասով հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր ամիսը:

9. Ե՞րբ են կատարվում ակցիզային հարկի վճարումները պետական բյուջե

  • ՀՀ-ում իրականացված ակցիզային հարկով հարկման ենթակա գործարքների մասով հաշվարկված ակցիզային հարկի գումարները պետական բյուջե են վճարում մինչև յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ որպես հարկային մարմնին վճարվող գումարներ:
  • «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչև «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների բաց թողնումը (եթե ԵՏՄ միասնական օրենսդրությամբ այլ ժամկետ սահմանված չէ)՝ որպես մաքսային մարմնին վճարվող գումարներ:
  • ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում մինչև ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ որպես հարկային մարմնին վճարվող գումարներ, բացառությամբ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների, որոնց համար սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների ներմուծման համար սահմանված ժամկետում՝ որպես մաքսային մարմնին վճարվող գումարներ.
  • ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար ակցիզային հարկի գումարների վճարման ժամկետների մասով առանձնահատկություն սահմանված է այն դեպքերի համար`
  • 1) երբ ԵՏՄ անդամ պետություններից ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները ՀՀ տարածք են ներմուծվում հանձնարարության, կոմիսիայի կամ գործակալության պայմանագրերի հիման վրա՝ համապատասխանաբար հանձնակատարի, կոմիսիոների կամ գործակալի կողմից, կամ ԵՏՄ անդամ այլ պետության ռեզիդենտի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվող մշտական հաստատության կողմից կամ Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող տոնավաճառի մասնակցի կողմից,
    2) երբ գնորդի կողմից ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքը գնորդին է անցնում հետագայում Հայաստանի Հանրապետության տարածքում:

Նշված դեպքերում սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի գումարները պետական բյուջ են վճարվում այդ ապրանքները գնորդին օտարելու կամ այդ ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքը գնորդին անցնելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ։

10. ԵՏՄ անդամ պետություններից ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծման դեպքում հարկային մարմին ներկայացվող փաստաթղթերը

ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծման դեպքում հարկ վճարողը մինչև ապրանքները ՀՀ տարածք ներմուծելու (ՀՀ պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին է ներկայացնում`

- ներմուծման հարկային հայտարարագիր,
- ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին հայտարարություն: 

    Նշված փաստաթղթերի ներկայացման ժամկետների մասով առանձնահատկություն սահմանված է այն դեպքերի համար`
  • երբ ԵՏՄ անդամ պետություններից ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք են ներմուծվում հանձնարարության, կոմիսիայի կամ գործակալության պայմանագրերի հիման վրա՝ համապատասխանաբար հանձնակատարի, կոմիսիոների կամ գործակալի կողմից, կամ ԵՏՄ անդամ այլ պետության ռեզիդենտի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվող մշտական հաստատության կողմից կամ Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող տոնավաճառի մասնակցի կողմից,
  • երբ գնորդի կողմից ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծված՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքը գնորդին է անցնում հետագայում Հայաստանի Հանրապետության տարածքում:

Նշված դեպքերում այդ փաստաթղթերը հարկային մարմին են ներկայացվում այդ ապրանքները գնորդին օտարելու կամ այդ ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքը գնորդին անցնելու  օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ։

11. Ակցիզային հարկի գումարի փոխհատուցումը

    Ակցիզային հարկ վճարող չհամարվող հարկ վճարողներին ակցիզային հարկի գումարների փոխհատուցում (վերադարձ) սահմանված է հետևյալ դեպքերում`
  • արդյունաբերական կազմակերպությունների կողմից ձեռք բերված՝ ԱՏԳ ԱԱ 2710 19 710 - 2710 19 980 ապրանքախմբի ծածկագրերին դասվող ապրանքների (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2710 19 820 ապրանքախմբի ծածկագրին դասվող շարժիչային յուղերի) մասով վճարված ակցիզային հարկի գումարների փոխհատուցում,
  • ռեզիդենտ կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ մշտական հաստատության կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողներից կամ տարայավորողներից ձեռք բերված` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով կամ ԵՏՄ անդամ պետություն արտահանելու դեպքում արտադրողին վճարված ակցիզային հարկի գումարները փոխհատուցում: 
Նշված դեպքերում ակցիզային հարկի գումարները փոխհատուցվում (վերադարձվում) են  Կառավարության սահմանված կարգով և ժամկետներում:

12. Տուգանքներ

Ակցիզային հարկի մասով օրենսգրքով սահմանված կարգավորումների խախտման համար ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված են համապատասխան պատասխանատվության դրույթներ: Մասնավորապես.
  • ակցիզային հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է տույժ հաշվարկվում է տույժ` 0.04 տոկոսի չափով: Տույժը կիրառվում է ժամանակին չմուծված հարկի գումարի հարկի գումարի նկատմամբ` դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 730 օրվա համար,
  • ակցիզային հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացվող համապատասխան հաշվարկները սահմանված ժամկետից ուշ ներկայացվելու կամ չներկայացվելու դեպքում  կիրառվում է տուգանք հաշվարկված հարկի ընդհանուր գումարի 5 տոկոսի չափով ` այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 լրացած օրվա համար: Ընդ որում, նշված տուգանքների հանրագումարը չպետք է գերազանցի հաշվարկված հարկի ընդհանուր գումարը,
  • յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված համապատասխան հաշվարկում ակցիզային հարկի գումարը օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկվող չափից պակաս ցույց տալու դեպքերում` գանձվում է պակաս ցույց տրված ակցիզային հարկի գումարը և  տուգանք` այդ գումարի 50 տոկոսի չափով: Նշված տուգանքի կիրառման մասով կան սահմանված առանձնահատկությունների Օրենսգրքի 403-րդ հոդվածով: