Հարկային մարմնի և հարկային ծառայողի գործողությունների վարչական կարգով բողոքարկման վերաբերյալ դրույթները կանոնակարգվում են «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 43.1 հոդվածով, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով:
Հարկային մարմնի կամ հարկային ծառայողի գործողությունները կամ անգործությունը կարող են գանգատարկվել հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովին:
Հարկային մարմնի կամ հարկային ծառայողի գործողությունների, անգործության, ինչպես նաև հարկային վեճերի լուծման նպատակով գործում է հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովը:
Հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովը հարկային մարմնի ղեկավարի կողմից ձևավորվող, վերադաս հարկային մարմնում մշտապես գործող մարմին է, որը բաղկացած է նախագահից և ութ անդամից, որոնք իրենց աշխատանքը հանձնաժողովում համատեղում են իրենց զբաղեցրած հարկային ծառայության պաշտոնների հետ: Գանգատարկման հանձնաժողովի որոշումներն իրավազոր են, եթե այդ որոշումների կայացմանը մասնակցել է առնվազն 7 հոգի: Որոշումները կայացվում են բաց քվեարկությամբ, պարզ մեծամասնության ձևով:
Գանգատարկման հանձնաժողովին դիմում-գանգատ ներկայացրած անձը համապատասխան նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին նախապես ծանուցվում է: Գանգատարկման հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել դիմում-գանգատ ներկայացրած անձը, վերջինիս գլխավոր հաշվապահը և (կամ) դիմում-գանգատ ներկայացրած անձի լիազորած անձը (մասնագետը): Դիմում-գանգատները հարկային մարմնի կողմից քննության են առնվում, և դրանց վերաբերյալ որոշումներ են ընդունվում 30 օրվա ընթացքում: Առանձին դեպքերում հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել 15 օրով, ինչի մասին իրազեկվում է դիմումատուն: Գանգատարկման հանձնաժողովի նիստի ավարտից հետո Գանգատարկման հանձնաժողովը դիմում-գանգատ ներկայացնողին ուղարկում է դիմում-գանգատի վերաբերյալ հանձնաժողովի կայացրած որոշումը:
Հարկային մարմնի ղեկավարը սահմանում է գանգատարկման հանձնաժողովի աշխատակարգը, գանգատարկման հանձնաժողովին ներկայացվող դիմում-գանգատի ձևը և դիմում-գանգատ ներկայացրած անձին նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին ուղարկվող ծանուցագրի ձևը:
ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ 1361-Ն որոշմամբ ստեղծվել է գանգատարկման խորհուրդ (այսուհետ` խորհուրդ):
Խորհուրդն իր նիստերի ընթացքում քննարկում է հանձնաժողովի ներկայացրած յուրաքանչյուր գանգատի փաթեթը և խորհրդի նիստերի անցկացման վայրում դրա մուտքագրվելուն հաջորդող տասն օրվա ընթացքում իր եզրակացությունը ներկայացնում ՀՀ ԿԱ ՊԵԿ:
Հարկային մարմնի գանգատարման հանձնաժողովը, հաշվի առնելով խորհրդի ընդունած եզրակացությունը, երկու աշխատանքային օրվա ընթացքում ընդունում են դիմում-գանգատի վերաբերյալ որոշում, որի բնօրինակը մեկ օրվա ընթացքում տրամադրվում է տնտեսավարող սուբյեկտին, իսկ կրկնօրինակը` խորհրդին:
Խորհրդի ընդունած եզրակացության վերաբերյալ առարկությունների առկայության դեպքում ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահը սահմանված կարգով երկարաձգում է որոշումների ընդունման համար սահմանված ժամկետները՝ գանգատի փաթեթը խորհրդի եզրակացության, կոմիտեի առաջարկությունների և հիմնավորումների հետ միասին ներկայացնելով ՀՀ վարչապետին:
Խորհրդի ընդունած եզրակացության վերաբերյալ առարկությունների առկայության դեպքում գանգատի փաթեթը քննարկվում է ՀՀ վարչապետի մոտ, և հանձնաժողովները, քննարկման արդյունքներին համապատասխան, դիմում-գանգատի վերաբերյալ ընդունում են որոշում, որի բնօրինակը մեկ օրվա ընթացքում տրամադրվում է տնտեսավարող սուբյեկտին, իսկ կրկնօրինակը` խորհրդին:
Հարկային մարմնի գանգատարման հանձնաժողովի որոշումները դրանց ընդունմանը հաջորդող տասն օրվա ընթացքում հրապարակվում են ՀՀ ԿԱ ՊԵԿ պաշտոնական ինտերնետային կայքում: