Ուժի մեջ է 2015թ. հունվարի 1-ից: Հայաստանն անդամակցում է 2015թ հունվարի 2-ից:
Անդամակցող պետություններ՝
- Հայաստանի Հանրապետություն
- Բելառուսի Հանրապետություն
- Ղազախստանի Հանրապետություն
- Ղրղզստանի Հանրապետություն
- Ռուսաստանի Դաշնություն
Կայք՝ www.eaeunion.org
ԵՏՄ գործունեության մասին
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը հիմնադրվել է Եվրասիական Տնտեսական Ընկերակցության Մաքսային Միության հիման վրա՝ 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի ստորագրմամբ և ուժի մեջ է 2015 թվականի հունվարի 1-ից։ Ներկայումս ԵՏՄ կազմում ընդգրկված են հինգ երկրներ. Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը:
Եվրասիական տնտեսական միության մասին Պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն Միության հիմնական նպատակներն են՝ անդամ պետությունների տնտեսության կայուն զարգացման համար պայմանների ստեղծումը, Միության շրջանակներում ապրանքերի, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի միասնական շուկա ձևավորելու ձգտումը, համաշխարհային տնտեսության պայմաններում բազմակողմանի արդիականացումը, համագործակցությունը և ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացումը:
2014 թվականի հոկտեմբերի 10-ին ք.Մինսկում ստորագրվել է «2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի Հանրապության անդամակցության մասին» պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 1-ից:
2015 թվականի հունվարի 2-ից Հայաստանի Հանրապետությունը միացել է «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրին, ինչպես նաև Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային հիմքի ձևավորման շրջանակներում կնքված ու Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող թվով 28 այլ միջազգային պայմանագրերին:
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին նոր պայմանագիրը ստորագրվել է 2016թ. դեկտեմբերի 26-ին Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում: Այն հանդիսանում է միջպետական պայմանագիր, որի կողմերն են հանդիսանում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները:
ԵՏՄ աշխատանքային մարմինները
Եվրասիական տնտեսական միության գործունեությունը համակարգող մշտական մարմինը Եվրասիական տնտեսական հանձնաժողովն է, որը հիմնադրվել է 2012 թվականի փետրվարի 2-ից: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հիմնական կոչումը ԵԱՏՄ գործունեության և զարգացման պայմանների ապահովումն է, ինտեգրման հետագա զարգացման առաջարկների մշակումը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղություններն են.
- ներմուծման մաքսատուրքերի հաշվեգրումը և բաշխումը,
- երրորդ երկրների նկատմամբ առևտրական ռեժիմների հաստատումը,
- արտաքին և փոխադարձ առևտրի վիճակագրությունը,
- մակրոտնտեսական քաղաքականությունը,
- մրցակցային քաղաքականությունը,
- արդյունաբերական և գյուղատնտեսական սուբսիդիաները,
- էներգետիկ քաղաքականությունը,
- բնական մենաշնորհները,
- պետական և (կամ) մունիցիպալ գնումները,
- ծառայությունների փոխադարձ առևտուրը և ներդրումները,
- տրանսպորտը և փոխադրումները,
- արժութային քաղաքականությունը,
- մտավոր գործունեության արդյունքների և ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների անհատականացման միջոցների պահպանությունը և պաշտպանությունը,
- աշխատանքային միգրացիան,
- ֆինանսական շուկաները (բանկային ոլորտ, ապահովագրական ոլորտ, արժութային շուկա, արժեթղթերի շուկա),
- մաքսա-սակագնային և ոչ սակագնային կարգավորումը,
- մաքսային վարչարարությունը,
- տեղեկատվայնացումը,
- տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաները,
- և այլն:
Հանձնաժողովի կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ բոլոր որոշումներն ընդունվում են կոլեգիալ սկզբունքով: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան բաղկացած է 10 անդամից (յուրաքանչյուր մասնակից երկրից Հանձնաժողովի Կոլեգիայի 2-ական անդամ (նախարար), որոնցից մեկը Հանձնաժողովի Կոլեգիայի նախագահն է:
Կոլեգիայի նախագահը և Կոլեգիայի անդամները նշանակվում են 4 տարի ժամկետով Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի որոշմամբ՝ պետությունների ղեկավարների մակարդակով, լիազորությունների երկարաձգման հնարավորությամբ: Կոլեգիան որոշումներ է ընդունում քվեարկության միջոցով:
Տվյալ պահին ԵՏՀ-ի կառուցվածքում գործում են 23 վարչություններ: Դրանց կից ստեղծվել են 20 խորհրդատվական կոմիտեներ՝ ԵՏՀ Կոլեգիայի համար առաջարկություններ մշակելու և պետական իշխանության ազգային մարմինների ներկայացուցիչների հետ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով:
Կոմիտեների նախագահները Կոլեգիայի անդամներն են (նախարարները)՝ ըստ իրենց գործունեության ուղղությունների:
ԵՏՄ գործունեության իրավական հիմքը
2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագիր: Տես՝ http://www.eaeunion.org/files/history/2014/2014_2.pdf