Անձնական օգտագործման ապրանքների ժամանակավոր ներմուծումը

Օտարերկրյա ֆիզիկական անձինք իրավունք ունեն Մաքսային միության մաքսային տարածք ժամանակավոր ներմուծել անձնական օգտագործման ապրանքներ` սահմանված Մաքսային միության անդամ պետությունների միջազգային պայմանագրով՝ բացառությամբ այն տրանսպորտային միջոցների, որոնք այդ տարածքում գտնվելու ընթացքում ազատվում են մաքսային վճարների վճարումից:

Այն դեպքում, երբ ժամանակավոր ներմուծվող անձնական օգտագործման ապրանքները ենթակա են գրավոր մաքսային հայտարարագրման, այդ ապրանքների ժամանակավոր ներմուծման ժամկետը սահմանվում է մաքսային մարմնի կողմից օտարերկրյա ֆիզիկական անձի դիմումի հիման վրա՝ հաշվի առնելով Մաքսային միության մաքսային տարածքում նրա գտնվելու տևողությունը:

Օտարերկրյա ֆիզիկական անձինք իրավունք ունեն Մաքսային միության մաքսային տարածք ժամանակավոր ներմուծել օտարերկրյա պետությունների տարածքում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ՝ տվյալ տարածքում իրենց ժամանակավոր գտնվելու ժամկետով, որը չպետք է գերազանցի մեկ տարին՝ ազատվելով մաքսային վճարների վճարումից:

Օտարերկրյա ֆիզիկական անձի հիմնավորված դիմումի հիման վրա՝ անձնական օգտագործման տրանսպորտի ժամանակավոր ներմուծման ժամկետը կարող է մաքսային մարմնի կողմից երկարաձգվել այդ տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման օրվանից՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Մաքսային միության մաքսային տարածքում ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման ապրանքների, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքի փոխանցումն այլ անձի թույլատրվում է Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով դրանց մաքսային հայտարարագրման և մաքսային վճարների վճարման պայմանով:

Ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման ապրանքները կարող են Մաքսային միության մաքսային տարածքից հետ արտահանվել ցանկացած մաքսային մարմնի միջոցով:

Այն դեպքում, եթե ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման ապրանքները Մաքսային միության մաքսային տարածքում են գտնվում՝ մինչև սահմանված ժամկետի լրանալը դրանք չարտահանելու պատճառով, այդ ապրանքների համար Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով գանձվում են մաքսատուրքեր, հարկեր:

Այն դեպքում, եթե ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման ապրանքներն անհատույց կորել են վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, Մաքսային միության մաքսային տարածքից դրանց հետադարձ արտահանումը կարող է չիրականացվել՝ պայմանով, որ մաքսային մարմնի կողմից ընդունվի վթարի կամ անհաղթահարելի ուժի ազդեցության փաստը: