Ինչ է հետբացթողումային հսկողությունը
Աշխարհում տեղի ունեցող ինտեգրման գործընթացների խորացումը, միջազգային կոոպերացիայի ծավալների զգալի աճը, նոր տեխնոլոգիաների վրա հիմնված այնպիսի արտադրատեսակների արտադրությունը, որին մասնակցում են տասնյակից ավելի պետություններ անշեղորեն մեծացնում է յուրաքանչյուր պետության արտաքին առևտրի ծավալները: Արտաքին առևտրի ծավալներ աճին զուգահեռ մեծանում է մաքսային մարմինների դերը տվյալ պետության արտաքին առևտրի խթանման գործում: Վերջիններս պետք է գործեն որակապես նոր մակարդակի վրա, որտեղ նրանք պետք է ստանձնեն արտաքին առևտրին համակողմանիորեն աջակցման դերը: Սա մի կողմից իրականացվում է մաքսային ձևակերպումների արարողակարգերի հնարավորինս պարզեցմամբ, տարբեր գործընթացների և դրա համար անհրաժեշտ ժամանակի ծախսի զգալի կրճատմամբ, իսկ մյուս կողմից մաքսային հսկողության ավելի ժամանակակից և արդյունավետ մեխանիզմների ներդրմամբ:

Հաշվի առնելով ՀՀ արտաքին առևտրի զարգացման ներկայիս մակարդակը, ինչպես նաև այն, որ Հայաստանի Հանրապետությունն անդամակցում է Համաշխարհային Մաքսային Կազմակեպությանը (ՀՄԿ) և Առևտրի Համաշխարհային Կազմակերպությանը (ԱՀԿ) և դրանով իսկ ունի մի շարք պարտավորություններ, Հայաստանի Հանրապետությունում նույնպես, շարունակաբար իրականացվում է մաքսային արարողակարգերի պարզեցում: Ներդրվել են ապրանքների ընտրողական զննման, ինչպես նաև ինքնահայտարարագրման համակարգեր, աշխատանքներ են տարվում մաքսային ձևակերպումների ժամանակ լրացվող ավելորդ փաստաթղթերի կրճատման, ոչ սակագնային կարգավորման միջոցների տեսակարար կշռի իջեցման ուղղություններով: Նման պայմաններում կատարելագործման են ենթարկվել նաև մաքսային հսկողության մեխանիզմները, 2003թ.-ից սկսած ներդրվել է Հետբացթողումային մաքսային հսկողություն:

Հետբացթողումային հսկողությունը Հայաստանի Հանրապետությունում սկսել է իրականացվել “ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին” 2003թ. մարտի 31-ի թիվ ՀՕ-537-Ն օրենքի համաձայն: Նշված փոփոխությամբ, ՀՀ մաքսային օրենսգրքի 1501 հոդվածով սահմանվել է հետբացթողումային հսկողության հասկացությունը: Նշված օրենքի դրույթների կատարման ապահովման նպատակով ՀՀ ԿԱ ՄՊԿ նախագահի հրամանով 20.01.2004թ. մաքսային պետական կոմիտեի կենտրոնական ապարատի կազմում ստեղծվել է հետթողումային հսկողության բաժին: ՀՀ կառավարության 2004թ. հոկտեմբերի 7-ի ՀՀ կառավարության 2003թ. փետրվարի 20-ի N247-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին թիվ 1389-Ն որոշման համաձայն, ՀՀ ՄՊԿ նախագահի հրամանով 26.01.2005թ. ստեղծվել է հետբացթողումային հսկողության վարչություն: Վարչությունը վերջնականապես համալրվել է 2005թ. հունիս ամսին:

Հետբացթողումային հսկողության զարգացումը թևակոխեց նոր փուլ՝ կապված Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Հայաստանի Հանրապետության անդամակցության հետ: Սկսած 2015թ. հունվարից հետբացթողումային հսկողությունը կարգավորվում է ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 99, 122, 131-136 հոդվածներով, ինչպես նաև “Մաքսային կարգավորման մասին” ՀՀ օրենքի 133-140 հոդվածներով:

Համաձայն վերը նշված իրավական ակտերի, հետբացթողումային հսկողությունը՝ ապրանքների բացթողումից հետո իրականացվող ստուգումն իրենից ներկայացնում է մաքսային հսկողության ձևերից մեկը, որն իրականացվում է անձանց կողմից Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ և Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարումը ստուգելու համար:

Մաքսային ստուգման ժամանակ մաքսային մարմինների կողմից ստուգվում է՝
  1. ապրանքները մաքսային ընթացակարգով ձևակերպելու փաստը.
  2. ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ ներկայացված մաքսային հայտարարագրում և այլ փաստաթղթերում ներկայացված այն տեղեկությունների հավաստիությունը, որոնք ազդեցություն են ունեցել ապրանքների բացթողման մասին որոշում կայացնելու վրա.
  3. պայմանականորեն բաց թողնված ապրանքների օգտագործման և տնօրինման հետ կապված սահմանափակումների պահպանումը.
  4. մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց համար Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ և Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանումը.
  5. լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ պայմաններին անձանց համապատասխանությունը.
  6. Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված՝ մաքսային ընթացակարգերի պայմանների պահպանումը, որոնցով ձևակերպման դեպքում ապրանքները չեն ստանում Մաքսային միության ապրանքների կարգավիճակ.
  7. այլ պահանջների կատարումը, որոնք սահմանված են Մաքսային միության մաքսային օրենսդրությամբ և (կամ) Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ:
Մաքսային ստուգումն իրականացվում է ապրանքները մաքսային ընթացակարգով ձևակերպելիս ներկայացված փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների և մաքսային մարմինների մոտ գտնվող այլ տեղեկությունների՝ հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների տվյալների, հաշիվների և Մաքսային միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված այլ տեղեկությունների հետ համադրության միջոցով:

Ստուգման ենթակա սուբյեկտների ընտրության նպատակով իրականացվում են վերլուծական աշխատանքներ:

Մաքսային ստուգմանը նախորդում  են նախապատրաստական աշխատանքները, որոնց ընթացքում որոշվում է ստուգման ենթակա հարցերի ցանկը, անհրաժեշտության դեպքում՝ մշակվում է դրա իրականացման ծրագիրը:

Մաքսային ստուգումն իրականացվում է կամերալ մաքսային ստուգման կամ արտագնա մաքսային ստուգման ձևով:

Կամերալ մաքսային ստուգումն իրականացվում է մաքսային մարմինների կողմից մաքսային մարմնի գտնվելու վայրում՝ առանց ստուգման ենթակա անձին այցելության և առանց հանձնարարականի, առանց դրանք անցկացնելու պարբերականության սահմանափակումների:

Կամերալ մաքսային ստուգումն իրականացվում է ստուգման ենթակա անձի կողմից ներկայացվող մաքսային հայտարարագրերում, առևտրային, տրանսպորտային փաստաթղթերում և այլ փաստաթղթերում ներառված տեղեկությունների, ինչպես նաև նշված անձանց գործունեության մասին՝ մաքսային մարմինների տրամադրության տակ եղած այլ փաստաթղթերի և տեղեկությունների ուսումնասիրության և վերլուծության միջոցով:

Արտագնա մաքսային ստուգումը մաքսային մարմնի կողմից իրականացվում է իրավաբանական անձի գտնվելու վայր, անհատ ձեռնարկատերի գործունեության իրականացման վայր և (կամ) նրանց գործունեության փաստացի իրականացման վայր այցելության ձևով:

Արտագնա մաքսային ստուգումը կարող է լինել պլանային կամ արտապլանային:

Պլանային արտագնա մաքսային ստուգումն իրականացվում է մաքսային մարմինների կողմից մշակվող ստուգումների ծրագրով:

Արտագնա մաքսային ստուգումն անցկացվում է վերադաս մաքսային մարմնի ղեկավարի` արտագնա մաքսային ստուգում իրականացնելու մասին գրավոր հանձնարարականի հիման վրա:

Ստուգման ենթակա անձի կողմից ներկայացված տվյալների հավաստիությունը հաստատելու անհրաժեշտության դեպքում մաքսային մարմինը կարող է արտագնա մաքսային հանդիպակաց ստուգում իրականացնել այն անձանց նկատմամբ, որոնք ստուգման ենթակա անձի հետ կապված են ապրանքների հետ գործարքներով (գործառնություններով), որը արտապլանային ստուգում է:

Ստուգման ենթակա միևնույն անձի նկատմամբ պլանային արտագնա մաքսային ստուգումներ իրականացվում են տարին առավելագույնը 1 (մեկ) անգամ:

Լիազորված տնտեսական օպերատորի նկատմամբ պլանային արտագնա մաքսային ստուգումներ իրականացվում են մաքսային մարմինների կողմից 3 (երեք) տարին 1 (մեկ) անգամ:

Արտապլանային արտագնա մաքսային ստուգումներն իրականացվում են առանց դրանք անցկացնելու պարբերականության սահմանափակումների:

Հետբացթողումային հսկողության արդյունքներով կազմվում է«Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 140-րդ հոդվածով սահմանված մաքսային ստուգման ակտը:

Մաքսային վճարների և Հայաստանի Հանրապետության օրենքներով մաքսային մարմիններին վճարվող այլ վճարների չվճարման կամ ոչ լրիվ վճարման բացահայտման դեպքում՝ մաքսային ստուգման ակտի հիման վրա, ստուգումն իրականացրած մաքսային մարմնի ղեկավարը ընդունում է մաքսային գործի ոլորտի համապատասխան որոշում (որոշումներ), որոնք կարող են լինել կապված.
  1. ապրանքի մաքսային արժեքի ուղղման վերաբերյալ որոշում
  2. ապրանքի ծագման երկրի վերաբերյալ որոշում
  3. ապրանքի դասակարգման վերաբերյալ որոշում
  4. մաքսային վճարների գծով արտոնությունների չտրամադրման մասին որոշում
  5. մաքսատուրքի, հարկերի վճարումից լրիվ կամ մասնակի ազատման չտրամադրման որոշում
  6. սակագնային արտոնություններ չտրամադրելու վերաբերյալ որոշում
  7. մաքսային գործի ոլորտի այլ որոշուներ, որոնց հետևանքով առաջանում է մաքսատուրքերի, հարկերի լրացուցիչ հաշվարկում և գանձում
Մաքսային գործի ոլորտում համապատասխան որոշումների ընդունման մասին առաջարկություններն արտացոլվում են ակտի մեջ:

Ստուգվող անձը մաքսային ստուգման ակտը և համապատասխան որոշումը (որոշումները) ստանալուց հետո՝ 10 օրվա ընթացքում, պարտավոր է իրականացնել նշված ակտով և որոշմամբ (որոշումներով) առաջադրված գումարների վճարումը և օրենսդրությամբ սահմանված այլ պահանջներ:

Հետբացթողումային հսկողության վարաբերյալ ավելի մանրամասն տես 2009թ. ՀՀ ԿԱ ՊԵԿ կողմից հրապարակված «Ապրանքների և տրանսպորտային միջոցների հետբացթողումային հսկողությունը Հայաստանի Հանրապետությունում» ձեռնարկը