Տույժեր, տուգանքներ

Տուգանքներ

ՀՀ մաքսային օրենսգրքի 13-րդ բաժինը սահմանում է մաքսային կանոնների խախտումները և պատասխանատվությունը դրանց համար:

Մաքսային կանոնների խախտում է համարվում անձի կողմից կատարված անօրինական գործողությունը կամ անգործությունը, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ և մաքսային ոլորտին առնչվող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության և մաքսային ձևակերպման սահմանված կարգի դեմ, և որի համար սույն օրենսգրքով նախատեսված է պատասխանատվություն:

Ֆիզիկական և պաշտոնատար անձինք մաքսային կանոնները դիտավորյալ կամ անզգուշորեն խախտելու համար ենթակա են պատասխանատվության:

  1. Մաքսային մարմնի պաշտոնատար անձի օրինական պահանջը դիտավորյալ չկատարելը առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` 10,000 դրամի չափով:
  2. Պաշտոնական պարտականությունները կատարելիս մաքսային մարմնի պաշտոնատար անձին վիրավորանք հասցնելը, նրա նկատմամբ բռնություն գործադրելը կամ սպառնալիքը, եթե իրավախախտողի գործողությունները չեն առաջացնում քրեական պատասխանատվություն` առաջացնում է տուգանքի նշանակում` 20,000 դրամի չափով:
  3. Մաքսային մարմնի սահմանած վայրում Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով անցնող տրանսպորտային միջոցը չկանգնեցնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 100,000 դրամի չափով:
  4. Մաքսային հսկողության ներքո գտնվող տրանսպորտային միջոցի (այդ թվում` սույն օրենսգրքին համապատասխան ապրանք հանդիսացող) մեկնումն առանց մաքսային մարմնի թույլտվության` առաջացնում է տուգանքի նշանակում` 100,000 դրամի չափով:
  5. Մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներին մաքսային հսկողություն իրականացնող մաքսային մարմնի պաշտոնատար անձի մոտենալուն խոչընդոտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 50,000 դրամի չափով:
  6. Սահմանված ժամկետում մաքսային մարմիններին ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ մաքսային հայտարարագիր չներկայացնելը, ինչպես նաև մաքսային հսկողություն իրականացնելու համար ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելը` անկախ գրավոր հայտարարագիր ներկայացնելուց` առաջացնում է տուգանքի նշանակում` 50,000 դրամի չափով:
  7. Հայաստանի Հանրապետության մեկ մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքները կամ տրանսպորտային միջոցները և ուղեկցող փաստաթղթերը սահմանված ժամկետում չհասցնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 100,000 դրամի չափով:
  8. Մաքսային մարմնի կողմից դրված կապարակնիքները կամ ապահովության այլ միջոցները վնասելը կամ կորցնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 200,000 դրամի չափով:
  9. Մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների բեռնումը, բեռնաթափումը, փոխաբեռնումը, փաթեթների վնասվածքների վերացումը, փաթեթների բացումը, փաթեթավորումը, վերափաթեթավորումը կամ այդ ապրանքների կամ դրանց ուղեկցող փաթեթների վրա դրված մաքսային ապահովման միջոցների փոխումն առանց մաքսային մարմնի թույլտվության` առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների մաքսային արժեքի հիսուն տոկոսի չափով:
  10. Նույն արարքը, որը կատարվել է նման խախտում թույլ տված անձի կողմից վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքի մաքսային արժեքի չափով:
  11. Մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներն ու տրանսպորտային միջոցներն առանց մաքսային մարմնի թույլտվության մասնակի կամ ամբողջությամբ հանձնելը, օտարելը, ոչնչացնելը կամ կորցնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի հիսուն տոկոսի չափով:
  12. Հետագա արտահանման պարտավորությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքները և տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում չարտահանելը կամ հետագա ներմուծման պարտավորությամբ արտահանված ապրանքները և տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետություն չներմուծելը` առաջացնում է տուգանքի նշանակում` խախտման օրվա դրությամբ այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների համար «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների մեծության 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 50 հազար դրամ:
  13. Նույն խախտումը, որը զուգորդվել է ապրանքների կամ տրանսպորտային միջոցների օտարմամբ` առաջացնում է տուգանքի նշանակում` օտարված ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի չափով:
  14. Սույն օրենսգրքով արգելված դեպքերում մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքներն ու տրանսպորտային միջոցները բնական մաշվածության հետևանքով առաջացած փոփոխություններից բացի այլ փոփոխությունների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ժամկետի երկարաձգման դեպքերի) ենթարկելը` առաջացնում է տուգանքի նշանակում՝ այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների համար «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների մեծության 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 50 հազար դրամ:
  15. «Ներմուծում մաքսային պահեստ» և «ներմուծում ազատ մաքսային պահեստ» ռեժիմներով բաց թողնված ապրանքների նկատմամբ այնպիսի գործողություններ իրականացնելը, որոնք հանգեցրել են այդ ապրանքների հատկանիշների և (կամ) նպատակային նշանակության փոփոխությանը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ ապրանքների մաքսային արժեքի տասը տոկոսի չափով:
  16. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխումը` շրջանցելով մաքսային հսկողությունը, այսինքն` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով դրանց տեղափոխումը մաքսային մարմնի գտնվելու վայրից դուրս, հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում` առաջացնում է տուգանքի նշանակում` ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի չափով:
  17. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխումը` մաքսային հսկողությունից թաքցնելով, այսինքն` գաղտնարանների օգտագործմամբ, ապրանքների հայտնաբերումը դժվարացնող այլ եղանակներով կամ ապրանքներին այլ տեսք տալու միջոցով` հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում` առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների մաքսային արժեքի չափով:
  18. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխումը` մաքսային մարմին մաքսային հսկողության և մաքսային ձևակերպման համար կեղծ, անօրինական ճանապարհով ստացված, անվավեր համարված, ինչպես նաև կեղծ մաքսային ապահովման միջոցներ օգտագործելով` հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում` առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի չափով:
  19. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղված կամ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի իմաստով հանցավոր ճանապարհով ստացված արժույթի կամ ըստ ներկայացնողի արժեթղթերի տեղափոխումը հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ այդ արժույթի չափով կամ ըստ ներկայացնողի արժեթղթի անվանական արժեքի կամ դրանով տրվող հանձնարարության գումարի չափով:
  20. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները և տրանսպորտային միջոցները չհայտարարագրելը կամ ոչ իրենց անվանմամբ հայտարարագրելը կամ հայտարարագրման ժամանակ ոչ ճշգրիտ տեղեկություններ նշելը` 
    - որի արդյունքում չի առաջանում մաքսային վճարների (բացառությամբ մաքսավճարի) պակաս հաշվարկում կամ չհաշվարկում, ինչպես նաև ոչ սակագնային կարգավորման միջոցների չկիրառում` հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում`
    առաջացնում է տուգանքի նշանակում` 50 հազար դրամի չափով,
    - որի արդյունքում առաջանում է մաքսային վճարների պակաս հաշվարկում կամ չհաշվարկում` հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում` 
    առաջացնում է չհաշվարկված կամ պակաս հաշվարկված մաքսային վճարների գանձում օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև տուգանք` այդ մաքսային վճարների 50 տոկոսի չափով,
    - որն առաջացնում է ոչ սակագնային կարգավորման միջոցների չկիրառում` հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում`
    առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի չափով,
    - որի արդյունքում չեն առաջանում մաքսային վճարներ (բացառությամբ մաքսավճարի), սակայն կատարված խախտման արդյունքում մաքսային հայտարարագրում արտացոլվել են ապրանքների արտահանման երկրում կամ Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերված և մաքսային սահմանով տեղափոխված կամ տեղափոխվող ապրանքների ձեռքբերման արժեքներից կամ քանակներից բարձր կամ ցածր արժեքներ կամ քանակներ` հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում`
    առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների մաքսային արժեքի 10 տոկոսի չափով:
  21. Առանց մաքսային մարմինների թույլտվության` մաքսային վճարումների գծով արտոնություններ ունեցող ապրանքների և տրանսպորտային միջոցների օգտագործումը, տնօրինումը և այլ անձանց հանձնելն այլ նպատակներով, որոնց համար տրվել էին այդ արտոնությունները` առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի չափով:

Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերի վարույթն իրականացնում են մաքսային մարմինների ղեկավարների կողմից որոշված պաշտոնատար անձինք:

Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ գործերը քննում և որոշում կայացնում են մաքսային մարմինները: Մաքսային մարմինների անունից այդ գործերը քննելու և որոշում կայացնելու իրավունք ունեն մաքսային մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները, վերադաս մաքսային մարմնի համապատասխան իրավասություն ունեցող կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: