Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 29.04.2020թ. N 47 որոշմամբ (փոփոխություններ են կատարվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 05.04.2021թ. N 25 որոշմամբ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների նկատմամբ «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 11.04.2017թ. պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամանակավոր ներմուծման ժամկետները երկարաձգվել են մինչև 2021 թվականի սեպտեմբերի 30-ը։
Միաժամանակ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 29.04.2020թ. N 47 որոշմամբ (փոփոխություններ են կատարվել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 05.04.2021թ. N 25 որոշմամբ) 2020 թվականի մարտի 1-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 30-ը կասեցվել են նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 20.12.2017թ. N 107 որոշման 3-րդ հավելվածի 6-րդ կետի «а» և «б» ենթակետերի 2-րդ պարբերություններով սահմանված ժամկետները (մշտական բնակության տեղափոխվող ճանաչված օտարերկրյա ֆիզիկական անձի կամ փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ապրանքների ներմուծման 18-ամսյա ժամանակահատված)։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 29.04.2020թ. N 47 որոշում
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 05.04.2021թ. N 25 որոշում
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Անձնական օգտագործման ապրանքները Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային սահմանով տեղափոխելու կարգի և պայմանների առանձնահատկությունները սահմանված են «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 11.04.2017թ. պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենգիրք) 37-րդ գլխով:
Օրենսգրքի 256-րդ հոդվածի համաձայն՝ անձնական օգտագործման ապրանքները կարող են Միության մաքսային սահմանով տեղափոխվել հետևյալ եղանակներով՝
1) ֆիզիկական անձի` Միության մաքսային սահմանով անցնելու ժամանակ՝ ուղեկցվող կամ չուղեկցվող ուղեբեռով.
2) միջազգային փոստային առաքանիներով.
3) փոխադրողի կողմից՝ Միության մաքսային սահմանը չհատած ֆիզիկական անձի հասցեով կամ Միության մաքսային սահմանը չհատած ֆիզիկական անձի անունից:
Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքներն անձնական օգտագործման ապրանքների շարքին դասելն իրականացվում է մաքսային մարմնի կողմից, ելնելով՝
Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մասին ֆիզիկական անձի բանավոր կամ գրավոր դիմումից՝ ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ, ապրանքների բնույթից և քանակից, ֆիզիկական անձի՝ Միության մաքսային սահմանը հատելու և (կամ) այդ ֆիզիկական անձի կողմից կամ նրա հասցեով ապրանքները Միության մաքսային սահմանով տեղափոխելու հաճախականությունից: Նշված չափորոշիչների քանակական բնութագրերը սահմանվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից, իսկ մինչև նշված որոշման ընդունումը Օրենսգրքի 457-րդ հոդվածով սահմանված անցումային դրույթներին համապատասխան գործում է «Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման և դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին» 18.06.2010թ. համաձայնագրի 3-րդ հոդվածի 1-ին կետը:
Օրենսգրքի 37-րդ գլխի դրույթները չեն կիրառվում ֆիզիկական անձանց կողմից Միության մաքսային սահմանով տեղափոխվող այն ապրանքների նկատմամբ, որոնք չեն դասվել անձնական օգտագործման ապրանքների շարքին: Այդ ապրանքները ենթակա են Միության մաքսային սահմանով տեղափոխման՝ Օրենսգրքի մյուս գլուխներով սահմանված կարգով և պայմաններով:
Օրենսգրքի 257-րդ հոդվածի համաձայն՝ Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում կարող է կիրառվել երկուղի համակարգը: «Կանաչ» ուղին Միության մաքսային սահմանով տեղափոխման վայրերում հատուկ նշված վայր է, որը նախատեսված է Միության մաքսային սահմանով ուղեկցվող ուղեբեռում անձնական օգտագործման այնպիսի ապրանքների տեղափոխման համար, որոնք ենթակա չեն մաքսային հայտարարագրման: «Կարմիր» ուղին Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում հատուկ նշված վայր է, որը նախատեսված է Միության մաքսային սահմանով ուղեկցվող ուղեբեռում անձնական օգտագործման այնպիսի ապրանքներ տեղափոխելու համար, որոնք ենթակա են մաքսային հայտարարագրման, ինչպես նաև այնպիսի ապրանքներ, որոնց նկատմամբ իրականացվում է մաքսային հայտարարագրում՝ ֆիզիկական անձի ցանկությամբ: Երկուղի համակարգի կիրառմամբ նախատեսվում է Միության մաքսային սահմանով ուղևորվող ֆիզիկական անձի կողմից անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրի հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու (չիրականացնելու) համար համապատասխան ուղու («Կանաչ» կամ «Կարմիր») ինքնուրույն ընտրություն: «Կանաչ» ուղու մուտքի (ելքի) գիծը ֆիզիկական անձի կողմից հատելը մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների բացակայության մասին ֆիզիկական անձի կողմից արված հայտարարություն է:
Օրենսգրքի 258-րդ հոդվածի համաձայն՝ անձնական օգտագործման ապրանքների մասով մաքսային գործառնությունները, կախված Միության մաքսային սահմանով դրանք տեղափոխելու եղանակներից, իրականացվում են Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում կամ այն անդամ պետության մաքսային մարմնում, որի տարածքում մշտական կամ ժամանակավորապես բնակվում կամ ժամանակավոր գտնվում է այն ֆիզիկական անձը, որը կարող է հանդես գալ որպես այդ ապրանքների հայտարարատու: Միության մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների կամ Միության մաքսային տարածք ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման ապրանքների մասով մաքսային գործառնությունների իրականացման, այդ ապրանքների բացթողման և դրանք մաքսային հսկողության տակ չգտնվող ճանաչելու մասին փաստն արտացոլելու կարգը սահմանվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից (Մաքսային միության հանձնաժողովի 18.06.2010թ. N311 որոշում) և անդամ պետությունների օրենսդրությամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից նախատեսված դեպքերում կամ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից չկարգավորվող մասով:
Օրենսգրքի 260-րդ հոդվածի համաձայն՝ մաքսային հայտարարագրման ենթակա են՝
1) չուղեկցվող ուղեբեռում Միության մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքները՝ բացառությամբ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների, կամ փոխադրողի կողմից առաքվող անձնական օգտագործման ապրանքները.
2) ցանկացած եղանակով Միության մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման այն ապրանքները, բացառությամբ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների, որոնց հետ կապված, ենթակա են պահպանման արգելքներն ու սահմանափակումները՝ Օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան, և պահանջվում է ներկայացնել այդ արգելքների և սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ.
3) ուղեկցվող ուղեբեռում Միության մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքները, բացառությամբ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների, որոնց հետ կապված մաքսատուրքերը, հարկերը ենթակա են վճարման.
4) մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ ուղեկցվող ուղեբեռով ներմուծվող անձնական օգտագործման ապրանքները, բացառությամբ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների.
5) ցանկացած եղանակով Միության մաքսային սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները՝ բացառությամբ անդամ պետություններում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների.
6) Միության մաքսային տարածքում գտնվող ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները՝ Օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ, 7-րդ և 12-րդ կետերով նախատեսված դեպքերում.
7) կանխիկ դրամական միջոցները և (կամ) ճանապարհային չեկերը, եթե Միության մաքսային տարածք միանվագ ներմուծման կամ Միության մաքսային տարածքից միանվագ արտահանման ժամանակ այդ կանխիկ դրամական միջոցների և (կամ) ճանապարհային չեկերի ընդհանուր գումարը գերազանցում է ուղևորային մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին ներկայացնելու օրվա դրությամբ գործող փոխարժեքով 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարը.
8) դրամական գործիքները՝ բացառությամբ ճանապարհային չեկերի.
9) մշակութային արժեքները, որոնց մասով պահպանման են ենթակա արգելքներ և սահմանափակումներ՝ Օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան.
10) միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող անձնական օգտագործման ապրանքները.
11) Օրենսգրքի 265-րդ հոդվածի 3-րդ կետի երկրորդ պարբերության մեջ նշված՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների մասերը.
12) Օրենսգրքի 260-րդ հոդվածի 18-րդ կետում նշված ապրանքները:
Անձնական օգտագործման, այդ թվում` Օրենսգրքի 263-րդ հոդվածին համապատասխան «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է ուղևորային մաքսային հայտարարագրի օգտագործմամբ: (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 23.07.2019թ. N124 որոշում)
Անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ, բացառությամբ միջազգային փոստային առաքանիներով տեղափոխվող կամ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող անձնական օգտագործման ապրանքների, հայտարարագրվում է Միության մաքսային տարածք դրանք ներմուծելու և (կամ) Միության մաքսային տարածքում դրանց գտնվելու կամ Միության մաքսային տարածքից դրանք արտահանելու հետևյալ նպատակներից մեկը՝
1) ազատ շրջանառություն.
2) ժամանակավոր ներմուծում: Ժամանակավոր ներմուծումը կարող է հայտարարագրվել միայն Օրենսգրքի 264-րդ հոդվածում նշված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար.
3) արտահանում
4) ժամանակավոր արտահանում:
Անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրումն իրականացվում է հայտարարատուի կամ մաքսային ներկայացուցչի կողմից, իսկ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանվող դեպքերում՝ հայտարարատուի անունից կամ հանձնարարականով գործող այլ անձանց կողմից:
Որպես անձնական օգտագործման ապրանքների հայտարարատուներ կարող են հանդես գալ 16 տարին լրացած՝ անդամ պետությունների ֆիզիկական անձինք կամ օտարերկրյա ֆիզիկական անձինք՝
1) որոնք Միության մաքսային սահմանը հատելու պահին Միության մաքսային սահմանով ուղեկցվող ուղեբեռում տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ ունեն տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունք.
2) որոնք Միության մաքսային սահմանով չուղեկցվող ուղեբեռում տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքները, այդ թվում՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները փոխանցել են (փոխանցում են) փոխադրողին.
3) որոնք անձնական օգտագործման ապրանքներն ուղարկողներն են, իսկ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող դեպքերում՝ ապրանքներն ստացողներն են, որոնք փոխադրվում են միջազգային փոստային առաքանիներով.
4) որոնց հասցեով կամ որոնց անունից փոխադրողի կողմից առաքվում են անձնական օգտագործման ապրանքները, այդ թվում՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները.
5) որոնք սեփականության իրավունք ունեն անձնական օգտագործման այն տրանսպորտային միջոցի նկատմամբ, որի մաքսային հայտարարագրումն իրականացվում է ազատ շրջանառության մեջ բաց թողնելու համար.
6) որոնք Միության մաքսային սահմանով ուղևորվում են անձնական օգտագործման այն տրանսպորտային միջոցով, որը տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքով պատկանում է իրենց, եթե այլ բան սահմանված չէ Օրենսգրքով.
7) որոնք ձեռք են բերել Միության մաքսային տարածքում մաքսային հսկողության տակ գտնվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը տիրապետելու, օգտագործելու և (կամ) տնօրինելու իրավունքը, այդ թվում՝ դատարանի որոշմամբ կամ ժառանգության իրավունքով.
8) որոնք Միության մաքսային տարածքում մաքսային հսկողության տակ գտնվող, «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի նկատմամբ ունեն տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունք.
9) որոնք իրականացնում են ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման այն տրանսպորտային միջոցի արտահանումը Միության մաքսային տարածքից, որն իրենց փոխանցվել է Օրենսգրքի 264-րդ հոդվածի 8-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերին և 9-րդ կետին համապատասխան.
10) որոնք ուղեկցում են 16 տարին չլրացած ֆիզիկական անձանց (այդ անձանց ծնողներից մեկը, որդեգրողները, խնամակալները կամ հոգաբարձուները, ուղեկցող այլ անձ կամ, ուղեկցող անձանց բացակայության դեպքում, փոխադրողի ներկայացուցիչը, իսկ առանց ծնողների, որդեգրողների, խնամակալների կամ հոգաբարձուների ուղեկցության անչափահաս տարիքի անձանց խմբի կազմակերպված մեկնման (ժամանման) դեպքում՝ այլ անձինք՝ խմբի ղեկավարը կամ փոխադրողի ներկայացուցիչը)՝ 16 տարին չլրացած ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ապրանքների համար.
11) որոնք նշված են Օրենսգրքի 260-րդ հոդվածի 18-րդ կետում:
Օրենսգրքի 261-րդ հոդվածի համաձայն՝ ուղևորային մաքսային հայտարարագրում հայտարարագրված տեղեկությունները հաստատող փաստաթղթեր են համարվում՝
1) անձը հաստատող փաստաթղթերը, այդ թվում՝ անչափահաս անձի.
2) ֆիզիկական անձի մոտ առկա՝ անձնական օգտագործման այն ապրանքների արժեքը հաստատող փաստաթղթերը, որոնց նկատմամբ իրականացվում է մաքսային հայտարարագրում.
3) Օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան, ֆիզիկական անձանց կողմից պահպանման ենթակա արգելքների և սահմանափակումների պահպանումը հաստատող փաստաթղթերը, եթե արգելքների ու սահմանափակումների պահպանումը հաստատվում է այդ փաստաթղթերը ներկայացնելով.
4) տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերը.
5) մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ ներմուծման պայմանների պահպանումը հաստատող, այդ թվում՝ օտարերկրյա ֆիզիկական անձի՝ անդամ պետությունում մշտական բնակության տեղափոխված ճանաչվելու փաստը հաստատող կամ օտարերկրյա ֆիզիկական անձի՝ այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստանալը հաստատող փաստաթղթերը.
6) ուղևորային մաքսային հայտարարագիրը, որը ձևակերպվել է անձնական օգտագործման տրանսպորտային միջոցը Միության մաքսային տարածք ներմուծելու ժամանակ և որով հաստատվում է Միության մաքսային տարածքում ժամանակավոր գտնվելու համար այդ տրանսպորտային միջոցի բացթողումը.
7) այնպիսի տեղեկություններ պարունակող փաստաթղթեր, որոնք հնարավորություն են տալիս նույնականացնելու անձնական օգտագործման այն տրանսպորտային միջոցը կամ անձնական օգտագործման այդ տրանսպորտային միջոցի այն մասերը, որոնք ենթակա են մաքսային հայտարարագրման՝ Օրենսգրքի 260-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ ենթակետին համապատասխան.
8) անձնական օգտագործման տրանսպորտային միջոցի տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունքը հաստատող փաստաթղթերը.
9) կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների ծագումը հավաստող փաստաթղթերը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանվող դեպքերում. (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 06.08.2019թ. N130 որոշում)
10) Օրենսգրքի 260-րդ հոդվածի 19-րդ և 20-րդ կետերում նշված փաստաթղթերը.
11) հայտարարատուի անունից կամ հանձնարարականով գործող անձի լիազորությունները հաստատող լիազորագիրը կամ այլ փաստաթուղթ՝ Օրենսգրքի 260-րդ հոդվածի 11-րդ կետին համապատասխան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանվող դեպքերում:
Այն դեպքում, երբ նշված փաստաթղթերը չեն պարունակում ուղևորային մաքսային հայտարարագրում ներկայացված տեղեկությունները հաստատող տեղեկություններ, այդ տեղեկությունները կարող են հաստատվել այլ փաստաթղթերով:
Անձնական օգտագործման ապրանքների բացթողումը
Օրենսգրքի 262-րդ հոդվածի համաձայն՝ մաքսային հայտարարագրման ենթակա անձնական օգտագործման ապրանքների՝ ազատ շրջանառության կամ արտահանման համար բացթողումը մաքսային մարմնի կողմից իրականացվում է՝ պայմանով, որ՝
1) վճարվել են մաքսատուրքերը, հարկերը՝ Օրենսգրքի 37-րդ գլխին համապատասխան և հաշվի առնելով Օրենսգրքի 262-րդ հոդվածի 3-րդ կետը.
2) պահպանվել են արգելքներն ու սահմանափակումները՝ Օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան.
3) մաքսային մարմինների կողմից ապրանքների բացթողման հետ կապված գործողությունների իրականացման համար մաքսավճարները վճարվել են, եթե այդ վճարները սահմանվել են անդամ պետությունների օրենսդրությամբ, և դրանց վճարման ժամկետը սահմանվել է մինչև ապրանքների բացթողումը, այդ թվում՝ մինչև ուղևորային մաքսային հայտարարագրի գրանցումը:
Միության մաքսային տարածքում ժամանակավոր գտնվելու կամ Միության մաքսային տարածքից դուրս ժամանակավոր գտնվելու համար՝ մաքսային հայտարարագրման ենթակա անձնական օգտագործման ապրանքների բացթողումն իրականացվում է մաքսային մարմնի կողմից՝ պայմանով, որ՝
1) անձնական օգտագործման ապրանքները կարող են ժամանակավոր ներմուծվել կամ ժամանակավոր արտահանվել՝ Օրենսգրքի 264-րդ և 265-րդ հոդվածներին համապատասխան.
2) ապահովվել է մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորության կատարումը՝ Օրենսգրքի 271-րդ հոդվածին համապատասխան.
3) պահպանվել են արգելքներն ու սահմանափակումները՝ Օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան:
Միության մաքսային տարածք ներմուծված անձնական օգտագործման ապրանքները Միության ապրանքների կարգավիճակ են ձեռք բերում դրանց ազատ շրջանառության համար բաց թողնելու պահից՝ բացառությամբ հետևյալ կատեգորիաների ապրանքների՝
1) Օրենսգրքի 298-րդ և 299-րդ հոդվածներին համապատասխան ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ.
2) այն ապրանքները, որոնց համար սահմանված են օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումներ՝ Օրենսգրքի 266-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան:
Անձնական օգտագործման այն ապրանքները, որոնք ձեռք են բերել Միության ապրանքների կարգավիճակ, գտնվում և օգտագործվում են Միության մաքսային տարածքում՝ առանց օգտագործման և (կամ) տնօրինման սահմանափակումների:
Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը
Օրենսգրքի 264-րդ հոդվածի համաձայն՝ օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից՝ Միության անդամ չհանդիսացող պետությունում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը Միության մաքսային տարածք թույլատրվում է ոչ ավելի, քան 1 տարի ժամկետով:
Օրենսգրքի 259-րդ հոդվածի 2-րդ կետում նշված օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից՝ անդամ պետություններում և Միության անդամ չհանդիսացող պետությունում չգրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը Միության մաքսային տարածք թույլատրվում է ոչ ավելի, քան 1 տարի ժամկետով: Անդամ պետությունների ֆիզիկական անձանց կողմից՝ Միության անդամ չհանդիսացող պետությունում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը Միության մաքսային տարածք թույլատրվում է ոչ ավելի, քան 1 տարի ժամկետով: Նշված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների, բացառությամբ անդամ պետությունների այն ֆիզիկական անձանց կողմից ժամանակավոր ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների, որոնք Միության մաքսային տարածքի սահմաններից դուրս տեղակայված՝ անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներ, անդամ պետությունների հյուպատոսական հիմնարկների աշխատողներ, միջազգային կազմակերպություններին կից՝ անդամ պետությունների ներկայացուցիչներ են, ժամանակավոր ներմուծումը Միության մաքսային տարածք թույլատրվում է Օրենսգրքի 271-րդ հոդվածին համապատասխան մաքսատուրքերը, հարկերը վճարելու պարտավորությունների կատարման ապահովումը տրամադրելու պայմանով:
Միության անդամ չհանդիսացող պետությունում գրանցված և անդամ պետություններում ու Միության անդամ չհանդիսացող պետությունում չգրանցված՝ այն ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծումը Միության մաքսային տարածք, որոնք, Օրենսգրքի 298-րդ և 299-րդ հոդվածներին համապատասխան, իրավունք ունեն առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման, Միության մաքսային տարածք ներմուծելու անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ, թույլատրվում է ժամանման պետության օրենսդրությանը համապատասխան հաստատվող՝ այդ պետությունում նշված ֆիզիկական անձանց արտոնություններ տրամադրելու ժամկետում:
Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված մաքսային վճարները
Օրենսգրքի 266-րդ հոդվածի համաձայն՝ Միության մաքսային տարածք ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների համար ենթակա են վճարման միասնական դրույքաչափերով գանձվող մաքսատուրքեր և հարկեր կամ միագումար մաքսային վճարի ձևով գանձվող մաքսատուրքեր և հարկեր: (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 20.12.2017թ. «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի մասին» N 107 որոշման 2-րդ հավելված)
Ելնելով անձնական օգտագործման ապրանքների կատեգորիայից, արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերից և անձնական օգտագործման ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծելու եղանակից, մաքսատուրքերի, հարկերի միասնական դրույքաչափերը, ինչպես նաև անձնական օգտագործման այն ապրանքների կատեգորիաները, որոնց համար ենթակա են վճարման միագումար մաքսային վճարի ձևով գանձվող մաքսատուրքեր և հարկեր, սահմանվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից: (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 20.12.2017թ. «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի մասին» N 107 որոշում)
Անձնական օգտագործման ապրանքներն առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման՝ Միության մաքսային տարածք ներմուծվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանվող արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերի սահմաններում, իսկ հանձնաժողովի կողմից սահմանված դեպքերում՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված համապատասխան նորմերի սահմաններում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ Միության մաքսային տարածք ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների հետ կապված Օրենսգրքով սահմանված է մաքսատուրքերի, հարկերի կիրառման այլ կարգ:
Անձնական օգտագործման ապրանքներն առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման Միության մաքսային տարածք ներմուծելու արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերը սահմանվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ ելնելով անձնական օգտագործման այդ ապրանքները Միության մաքսային տարածք ներմուծելու եղանակներից: Ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռով անձնական օգտագործման ապրանքների՝ Միության մաքսային տարածք ներմուծելու այդպիսի նորմերը սահմանվում են առանց օգտագործման մեջ եղած և ընթացուղում ու նշանակման վայրում անհրաժեշտ՝ անձնական օգտագործման ապրանքների հաշվառման, որոնց շարքին դասելու չափանիշները սահմանվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից: (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 20.12.2017թ. «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի մասին» N 107 որոշման 1-ին հավելված)
Անկախ իրենց արժեքից, քաշից և (կամ) քանակից՝ Միության մաքսային տարածքից անձնական օգտագործման ապրանքներն արտահանվում են առանց մաքսատուրքերի վճարման:
Ելնելով անձնական օգտագործման ապրանքների կատեգորիայից, Միության մաքսային տարածք այդ ապրանքները ներմուծող անձից և (կամ) Միության մաքսային տարածք անձնական օգտագործման այդ ապրանքները ներմուծելու եղանակներից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու անձնական օգտագործման ապրանքները մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ Միության մաքսային տարածք ներմուծելու դեպքերը և պայմանները, ինչպես նաև անձնական օգտագործման այդ ապրանքների օգտագործման և (կամ) տնօրինման մասով սահմանափակումները: (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 20.12.2017թ. «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի մասին» N 107 որոշման 3-րդ հավելված)
«Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 249.1 հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածք մշտական բնակության տեղափոխվող ճանաչված կամ փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձանց կամ մինչև Հայաստանի Հանրապետություն ժամանումը առնվազն 12 ամիս օտարերկրյա պետությունում ժամանակավորապես բնակված Հայաստանի Հանրապետության ֆիզիկական անձանց կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած գործունեության ոլորտներում Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների նկատմամբ կիրառվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի սահմանած մաքսային վճարների արտոնություններ՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի ընդունման մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրով ընդունված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք) 266-րդ հոդվածի 8-րդ մասին համապատասխան:
Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվող օտարերկրյա ֆիզիկական անձ է ճանաչվում, Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ Հայաստանի Հանրապետության հատուկ կամ Հայաստանի Հանրապետության մշտական (երկարաժամկետ) կացության կարգավիճակ կամ միջազգային պայմանագրով սահմանված դեպքում դրանց հավասարեցված կարգավիճակ ունեցող այն ֆիզիկական անձը, որին բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը տրամադրել է Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխման փաստի ճանաչումը հաստատող փաստաթուղթ: Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխման փաստի ճանաչումը հաստատող փաստաթուղթը տրամադրվում է նշված այն ֆիզիկական անձին, որը այդ փաստաթուղթն ստանալու նպատակով նշված լիազոր մարմին դիմելու օրվան նախորդող 1825 օր ժամանակահատվածում առնվազն 915 օր բացակայել է Հայաստանի Հանրապետությունից:
Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվող ճանաչված կամ փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձինք կարող են արտոնությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծել իրենց անձնական օգտագործման ապրանքները, եթե Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններ են ներկայացնում համապատասխան կարգավիճակը հաստատող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի տրամադրած փաստաթուղթը և նախորդ բնակության երկրում բնակվելու փաստը հաստատող փաստաթուղթը հետևյալ պայմանների միաժամանակյա ապահովման դեպքում.
1) նախորդ բնակության երկրից Միության մաքսային տարածք ներմուծումն իրականացվում է ոչ ուշ, քան օտարերկրյա ֆիզիկական անձին մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձ ճանաչելու փաստը հաստատող փաստաթղթի կամ այդ անձի կողմից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստանալու փաստը հաստատող փաստաթղթի տրման օրվանից 18 ամսվա ընթացքում.
2) անձնական օգտագործման ապրանքները ձեռք են բերվել օտարերկրյա ֆիզիկական անձին մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձ ճանաչելու փաստը հաստատող փաստաթղթի կամ այդ անձի կողմից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստանալու փաստը հաստատող փաստաթղթի տրման օրվանից առաջ, ընդ որում՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներ հանդիսացող ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցները, ավտոտրանսպորտային և մոտոտրանսպորտային միջոցների կցորդները գրանցված են եղել և գտնվել են օտարերկրյա այն ֆիզիկական անձի սեփականության ներքո, որը ճանաչվել է մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձ կամ ստացել է փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ նախկին բնակության երկրում առնվազն վեց ամսվա ընթացքում՝ օտարերկրյա այդ ֆիզիկական անձին մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձ ճանաչելու փաստը հաստատող փաստաթղթի կամ այդ ֆիզիկական անձի կողմից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստանալու փաստը հաստատող փաստաթղթի տրման օրվանից առաջ.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ այդ ֆիզիկական անձին մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձ ճանաչելու կամ նրա կողմից փախստականի, հարկադիր տեղահանված անձի կարգավիճակ ստանալու հետ կապված՝ Միության մաքսային տարածք մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ անձնական օգտագործման ապրանքներ այդ ֆիզիկական անձի կողմից նախկինում չեն ներմուծվել.
4) Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխվող ճանաչված կամ փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձի անձնական օգտագործման ապրանքները չեն գերազանցում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած բնաիրային չափերը:
Հայաստանի Հանրապետություն օտարերկրյա ֆիզիկական անձի մշտական բնակության տեղափոխման փաստի ճանաչումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքից բացակայելու հանգամանքը և ժամանակահատվածը որոշում է բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը` տվյալ ֆիզիկական անձի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու տեղեկատվության հիման վրա:
Որպես Հայաստանի Հանրապետության տարածք մշտական բնակության տեղափոխված անձ ճանաչված օտարերկրյա ֆիզիկական անձանց կամ Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձանց նկատմամբ արտոնության կիրառման, Հայաստանի Հանրապետության տարածքից բացակայած լինելու հանգամանքը և ժամանակահատվածն ստուգելու, անձին մշտական բնակության փաստի ճանաչումը հաստատող փաստաթուղթ տրամադրելու կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր ունեցող և ժամանակավորապես օտարերկրյա պետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության ֆիզիկական անձը կարող է առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռով Հայաստանի Հանրապետություն ներմուծել 5000 եվրոն չգերազանցող արժեքով անձնական օգտագործման ապրանքներ, բացառությամբ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների և անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների թափքի, եթե նախքան Հայաստանի Հանրապետություն ժամանելը դիտարկվող ժամանակահատվածում առնվազն 12 ամիս բնակվել է օտարերկրյա պետությունում: Դիտարկվող ժամանակահատված է համարվում անձի կողմից ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռի տեղափոխման փաստով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետություն ժամանման օրվան նախորդող 420 օր տևողությամբ ժամանակահատվածը: Նշված արտոնության տրամադրման նպատակով անձը պարտավոր է Հայաստանի Հանրապետություն ժամանելու օրվան հաջորդող 60 օրվա ընթացքում գրավոր դիմում ներկայացնել մաքսային մարմին` դիմումին կցելով օտարերկրյա պետությունում բնակվելու փաստը հաստատող փաստաթուղթ: Նշված արտոնությունից անձը կարող է օգտվել երեք տարվա ընթացքում մեկ անգամ:
«Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 249.1-րդ հոդվածի 4-րդ և 7-րդ մասերում նշված անձինք միաժամանակ չեն կարող օգտվել նույն հոդվածում նշված մեկից ավելի արտոնությունից:
Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած գործունեության ոլորտներում աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրյա ֆիզիկական անձը կարող է Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակահատվածում ուղեկցվող և (կամ) չուղեկցվող ուղեբեռում, մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել օգտագործված անձնական օգտագործման ապրանքներ՝ աշխատանքի այդ թույլտվությունը ներկայացնելու պայմանով:
Անձնական օգտագործման ապրանքների արժեքի որոշումը
Օրենսգրքի 267-րդ հոդվածի համաձայն՝ անձնական օգտագործման ապրանքների արժեքը հայտարարագրվում է անձնական օգտագործման ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ ուղևորային մաքսային հայտարարագրում՝ չեկերի, հաշիվների մեջ, հաշվեպիտակների և պիտակների վրա կամ անձնական օգտագործման ապրանքների արժեքի մասին տեղեկություններ պարունակող՝ այդ ապրանքների ձեռքբերման վերաբերյալ այլ փաստաթղթերում նշված արժեքի հիման վրա՝ բացառությամբ միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող անձնական օգտագործման ապրանքների, որոնց առնչությամբ որպես ուղևորային մաքսային հայտարարագիր օգտագործվում են Համաշխարհային փոստային միության ակտերով նախատեսված և միջազգային փոստային առաքանիներն ուղեկցող փաստաթղթերը:
Անձնական օգտագործման ապրանքների արժեքը հաստատելու համար ֆիզիկական անձի կողմից ներկայացվում են փաստաթղթերի բնօրինակները, որոնց հիման վրա հայտարարագրվել է անձնական օգտագործման ապրանքների արժեքը, իսկ փոխադրողի կողմից առաքվող անձնական օգտագործման ապրանքների առնչությամբ՝ փաստաթղթերի բնօրինակները կամ պատճենները:
Միջազգային փոստային առաքանիներով ուղարկվող անձնական օգտագործման ապրանքների արժեքը հայտարարագրվում է Համաշխարհային փոստային միության ակտերով նախատեսված և այդպիսի միջազգային փոստային առաքանիներն ուղեկցող փաստաթղթերում: Ընդ որում, որպես անձնական օգտագործման ապրանքների արժեք, դիտարկվում է միջազգային փոստային առաքանիների հայտարարագրված արժեքը միայն այն դեպքում, երբ այն գերազանցում է Համաշխարհային փոստային միության ակտերով նախատեսված փաստաթղթերում նշված՝ անձնական օգտագործման ապրանքների արժեքը:
Անձնական օգտագործման ապրանքների արժեքի մեջ չեն ներառվում փոխադրման և ապահովագրության հետ կապված ծախսերը:
Ֆիզիկական անձն իրավունք ունի ապացուցելու անձնական օգտագործման ապրանքների արժեքի հաստատման համար ներկայացված փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների հավաստիությունը:
Ֆիզիկական անձի կողմից լրացուցիչ կարող են ներկայացվել նույնանման ապրանքների մանրածախ վաճառք իրականացնող օտարերկրյա կազմակերպությունների գնացուցակները, կատալոգները, գովազդային գնացուցակները և բուկլետները:
Մաքսային մարմինն իր տրամադրության տակ գտնվող՝ նույնանման ապրանքների գնի մասին տեղեկատվության հիման վրա անձնական օգտագործման ապրանքների արժեքը որոշում է հետևյալ դեպքերում՝
1) ֆիզիկական անձի մոտ Օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին կետում նշված անձնական օգտագործման ապրանքների արժեքի մասին տեղեկություններ պարունակող անհրաժեշտ փաստաթղթերի բացակայություն.
2) Համաշխարհային փոստային միության ակտերով նախատեսված՝ միջազգային փոստային առաքանիներն ուղեկցող փաստաթղթերում անձնական օգտագործման ապրանքների արժեքի մասին տեղեկությունների բացակայություն և միջազգային փոստային առաքանիով այդ ապրանքներն ուղեկցող և անձնական օգտագործման ապրանքների արժեքի մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթերի բացակայություն.
3) անձնական օգտագործման այն ապրանքները հայտարարագրվող անձնական օգտագործման ապրանքների հետ նույնականացնելու անհնարինություն, որոնց մասին տեղեկությունները պարունակվում են անձնական օգտագործման ապրանքների արժեքի հաստատման համար ֆիզիկական անձի կողմից ներկայացված փաստաթղթերում.
4) հիմնավոր պատճառների առկայություն՝ ենթադրելու, որ Օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին կետում նշված՝ ֆիզիկական անձի կողմից ներկայացված փաստաթղթերը կամ Համաշխարհային փոստային միության ակտերով նախատեսված՝ միջազգային փոստային առաքանիներն ուղեկցող փաստաթղթերը պարունակում են ոչ հավաստի տեղեկություններ, եթե ֆիզիկական անձը Օրենսգրքի 267-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան չապացուցի անձնական օգտագործման ապրանքների արժեքի հաստատման համար ներկայացված փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների հավաստիությունը.
5) ձեռքբերման երկրում նույնանման ապրանքների այն շուկայական արժեքի հետ անձնական օգտագործման ապրանքների հայտարարագրված արժեքի անհամապատասխանություն, ըստ որի այդ նույնանման ապրանքները վաճառվում կամ առևտրի սովորական (շուկայական) պայմաններում ներկայացվում են վաճառքի համար:
Որպես անձնական օգտագործման ապրանքների արժեքի մասին տեղեկատվություն՝ մաքսային մարմինը կարող է օգտագործել նաև նույնանման ապրանքների մանրածախ վաճառք իրականացնող օտարերկրյա կազմակերպությունների կատալոգներում և կայքերում նշված տեղեկությունները՝ հաշվի առնելով ֆիզիկական անձի կողմից ներկայացված տեղեկությունները:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 20.12.2017թ. «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի մասին» N 107 որոշում (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=130243)
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 30.06.2017թ. «Անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների հետ կապված առանձին հարցերի մասին» N 74 որոշում (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=140898)
ՀՀ կառավարության 26.12.2019թ. «Այն գործունեության ոլորտները սահմանելու մասին, որոնցում աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրյա ֆիզիկական անձինք կարող են մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծել իրենց նախկինում օգտագործված անձնական օգտագործման ապրանքները» N 1955-Ն որոշում (http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=139281)
ՀՀ կառավարության 02.07.2020թ. «Որպես Հայաստանի Հանրապետության տարածք մշտական բնակության տեղափոխված անձ ճանաչված օտարերկրյա ֆիզիկական անձանց կամ Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձանց նկատմամբ արտոնության կիրառման, Հայաստանի Հանրապետության տարածքից բացակայած լինելու հանգամանքը և ժամանակահատվածը ստուգելու, անձին մշտական բնակության փաստի ճանաչումը հաստատող փաստաթուղթ տրամադրելու կարգերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1461-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1131-Ն որոշում (http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=144127)
ՀՀ կառավարության 02.07.2020թ. «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 249.1-ին հոդվածում նշված անձանց կողմից մաքսային վճարների արտոնությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների բնաիրային չափերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 1312-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1133-Ն որոշում (http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=144128)