Մաքսային արժեքի վերաբերյալ

ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔ 

Եվրասիական տնտեսական միության (Միություն) մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է Միության մաքսային օրենսգրքի (Օրենսգիրք) 5-րդ գլխին համապատասխան, եթե Միության մաքսային տարածք ներմուծվելիս ապրանքները հատել են Միության մաքսային սահմանը և այդ ապրանքների նկատմամբ առաջին անգամ հայտարարագրվում է «մաքսային տարանցում», «մաքսային պահեստ», «ոչնչացում», «հրաժարում՝ հօգուտ պետության» կամ հատուկ մաքսային ընթացակարգերից տարբերվող մաքսային ընթացակարգ:
Ապրանքների մաքսային արժեքը և դրա որոշմանն առնչվող տեղեկությունները պետք է հիմնվեն հավաստի, քանակապես որոշվող և փաստաթղթերով հաստատված տեղեկատվության վրա: Ապրանքների մաքսային արժեքը որոշելու ընթացակարգերը պետք է լինեն համընդհանուր կիրառելի, այսինքն չտարբերվեն՝ կախված ապրանքների մատակարարման աղբյուրներից, այդ թվում՝ ապրանքների ծագումից, ապրանքների տեսակից, գործարքի մասնակիցներից և այլ գործոններից:
Ապրանքների մաքսային արժեքը որոշվում է հայտարարատուի կողմից, իսկ եթե մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկվում են մաքսային մարմնի կողմից, ապա ապրանքների մաքսային արժեքը որոշվում է մաքսային մարմնի կողմից:
Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի համար առավելագույն հնարավոր չափով հիմք պետք է ծառայի այդ ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքը՝ (մեթոդ 1):
Ներմուծվող ապրանքների արժեքն այդ ապրանքների վերաբերյալ գործարքի գնի հիման վրա որոշելու անհնարինության դեպքում ապրանքների մաքսային արժեքը որոշվում է 2-րդ և 3-րդ մեթոդներին համապատասխան, որոնք կիրառվում են ըստ հերթականության: Ընդ որում, մաքսային մարմնի և հայտարարատուի միջև կարող են անցկացվել խորհրդակցություններ՝ ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու նպատակով՝ նշյալ մեթոդներին համապատասխան արժեքային հիմքի հիմնավորված ընտրություն կատարելու նպատակով: 
Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը 2-րդ և 3-րդ մեթոդներին համապատասխան որոշելու անհնարինության դեպքում ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար որպես հիմք կարող է օգտագործվել կամ այն գինը, որով գնահատվող, նույնական կամ համանման ապրանքները վաճառվել են Միության մաքսային տարածքում՝ մաքսային արժեքի որոշման 4-րդ մեթոդին համապատասխան, կամ ապրանքների հաշվարկային արժեքը՝ 5-րդ մեթոդին համապատասխան: Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելիս հայտարարատուն իրավունք ունի ընտրելու նշված մեթոդների կիրառման հերթականությունը:
Եթե ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար հնարավոր չէ կիրառել 1-ից 5-րդ մեթոդները, ապա ապրանքների մաքսային արժեքը որոշվում է 6-րդ մեթոդին համապատասխան:
Այն դեպքում, երբ ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ դրանց մաքսային արժեքի ճշգրիտ մեծությունը չի կարող որոշվել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ մաքսային մարմնի կողմից ապրանքների հայտարարագիրը այն գործարքի պայմաններին համապատասխան գրանցելու օրվա դրությամբ, որի համաձայն ապրանքները վաճառվում են Միության մաքսային տարածք արտահանվելու համար, բացակայում են դրա հաշվարկման համար անհրաժեշտ ճշգրիտ տեղեկություններ պարունակող փաստաթղթերը, թույլատրվում է հետաձգել ապրանքների մաքսային արժեքի ճշգրիտ մեծության որոշումը: Այդ դեպքում թույլատրվում է ապրանքների մաքսային արժեքի որոշում ու հայտարարագրում հայտարարատուի մոտ առկա փաստաթղթերի և տեղեկությունների հիման վրա, ինչպես նաև մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկում՝ ելնելով ապրանքների մաքսային արժեքի հայտարարագրված նախնական մեծությունից: (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 19.06.2018թ. Ապրանքների մաքսային արժեքի հետաձգված որոշման կարգը հաստատելու մասին N 103 որոշում)
Մաքսային արժեքի որոշման մեթոդները սահմանված են Օրենսգրքի 39-ից 45-րդ հոդվածներով՝
1. Ըստ ներմուծվող ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքի մեթոդը (մեթոդ 1)
2. Ըստ նույնական ապրանքների վերաբերյալ գործարքի գնի մեթոդը (մեթոդ 2)
3. Ըստ համանման ապրանքների վերաբերյալ գործարքի արժեքի մեթոդը (մեթոդ 3)
4. Նվազեցման մեթոդը (մեթոդ 4)
5. Գումարման մեթոդը (մեթոդ 5)
6. Պահուստային մեթոդը (մեթոդ 6)
Մաքսային արժեքը պահուստային մեթոդով որոշելու առանձնահատկությունները սահմանված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 06.08.2019թ. Մաքսային արժեքի որոշման ժամանակ պահուստային մեթոդի կիրառման մասին N 138 որոշմամբ:
Օրենսգրքի 313-րդ հոդվածով սահմանված են ապրանքների մաքսային արժեքի նկատմամբ մաքսային հսկողություն անցկացնելու առանձնահատկությունները:
Ապրանքների մաքսային հայտարարագրման ժամանակ հայտարարագրված մաքսային արժեքի մաքսային հսկողություն անցկացնելիս մաքսային մարմնի կողմից իրականացվում է ապրանքների մաքսային արժեքը որոշելու և հայտարարագրելու (ապրանքների մաքսային արժեքը որոշելու մեթոդի ընտրության և կիրառության, ապրանքների մաքսային արժեքի կառուցվածքի և մեծության, ապրանքների մաքսային արժեքի մասին տեղեկությունների փաստաթղթային հաստատման) ստուգում: Ապրանքների մաքսային արժեքի հսկողություն անցկացնելիս մաքսային մարմինն իրավունք ունի հայտարարատուից պահանջելու գրավոր պարզաբանումներ՝ ապրանքների գնի ձևավորման վրա ազդող գործոնների, ինչպես նաև Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների հետ առնչություն ունեցող այլ հանգամանքների մասին: Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի հսկողության այլ առանձնահատկություններ, այդ թվում՝ ապրանքների մաքսային արժեքը ոչ հավաստի կերպով որոշելու հատկանիշները, ապրանքների մաքսային արժեքի մասին տեղեկությունները ոչ հավաստի ճանաչելու հիմքերը որոշվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 27.03.2018թ. Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի նկատմամբ մաքսային հսկողության անցկացման առանձնահատկությունների մասին N 42 որոշմամբ: